«Հրապարակ»․ 2026-ին հայկական անձնագրից հրաժարվելու հակառեկորդ է գրանցվել
Wed, 02 Sep 2026 11:15:23 +0400
Կառավարությունն արցախցիների կյանքը Հայաստանում ներկայացնում է գրեթե դրախտային լույսի ներքո: Բնակարանային ու սոցիալական ծրագրերը մատուցվում են որպես փրկօղակ՝ արցախցիների ինտեգրումն ապահովելու համար: Պաշտոնական լրատվությամբ շեշտվում է աճող թիվը՝ «այսքան հազար արցախցի դիմել է բնակարանի համար, այսքանը ստացել է»: Սրանով ստեղծվում է պատրանք, թե գործընթացը հարթ է ընթանում: «Մենք առաջիկայում ընդունելու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը»,- ասել է Փաշինյանը կառավարության նիստում:
Օգոստոսի 31-ին, սակայն, միգրացիոն ծառայության հրապարակած այս տարվա առաջին կիսամյակի՝ քաղաքացիություն ստանալու վիճակագրությունը հակառակն է վկայում: Ըստ այդմ՝ քաղաքացիություն ստանալու 23 հազար 522 հայտ է ներկայացվել, որից 14 հազար 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։ 6 ամսում քաղաքացիություն է շնորհվել 14 հազար 770 անձի, որոնց կեսից շատը՝ 8 հազար 676-ը, Ղարաբաղից տեղահանված անձինք են: Բռնի տեղահանվածներից թե քանի անձ է քաղաքացիություն ստացել, այս պահին ճշգրիտ հայտնի չէ: Տարեսկզբի տվյալներով, նրանց թիվը մոտ 25 հազար էր: Եթե հաշվի առնենք, որ կես տարում մոտ 100 հազար բռնի տեղահանվածներից ընդամենը 14 հազարն է դիմել քաղաքացիություն ստանալու համար՝ մոտ 14%-ը, ապա ստացվում է ընդհանուր մոտ 40 հազար:
Ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի, սա մեծ թիվ չէ: «Բռնի տեղահանվածների մեծամասնությունը դեռ չի դիմել եւ չի ստացել քաղաքացիություն»,- ասում է նա: Սա՝ այն դեպքում, երբ քաղաքացիությունը բնակապահովման ծրագրերից օգտվելու պայման է: Անգամ այս պայման-հարկադրանքը չի ստիպում մարդկանց ՀՀ անձնագիր ստանալ` զրկվելով փախստականի կարգավիճակից եւ դրանից բխող սոցիալական աջակցությունից: «Մեծամասնությունը բնակարանային ծրագրից օգտվելու համար է դիմել, բայց կա նաեւ այլ միտում, որն էլի ցույց է տալիս, որ մեծ խնդիր կա։ Դա նա է, որ քաղաքացիություն ստացած արցախցիների եւ բնակարանային ծրագրերի հավաստագիր ստացած արցախցիների տարբերությունը բավականին մեծ է: Այսինքն՝ կան շատ արցախցիներ, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն, բայց դեռեւս բնակարանային ծրագրի չեն դիմել: Սա եւս մի ցուցիչ է, որ բնակարանային ծրագիրը մի ստվար հատվածի խնդիր չի լուծում, ու մարդիկ չեն ուզում դիմել, որովհետեւ լուծում չեն տեսնում: Այսպիսի բավականին շատ տվյալներ կան, որոնք, եթե ճշգրիտ լինեն, վերլուծելու դեպքում խորքային խնդիրներ են վերհանում: Դրանք հասցեագրելու կարիք կա, բայց իշխանություններն այդ խնդիրներին լուծում տալու քաղաքական կամք չունեն»,- ասում է Արտակ Բեգլարյանը:
Այլ մտահոգիչ թիվ միգրացիոն ծառայությունից՝ քաղաքացիությունից հրաժարվողներն են հսկայական քանակ կազմում. կես տարում 2 հազար 495 անձ պաշտոնապես դադարել է ՀՀ քաղաքացի լինելուց: Վերջին 8 տարվա վիճակագրությամբ` նախընտրական կիսամյակում գրանցված 2 հազար 495 հրաժարումը բացարձակ հակառեկորդ է: Անցյալ տարվա առաջին կիսամյակում 2 հազար 100 անձ է դադարեցրել ՀՀ քաղաքացիությունը, 2024-ի նույն ժամանակում՝ 1900, 2023-ին՝ ավելի քիչ` 1600 անձ: Ակնհայտ է, որ տարեցտարի ավելի շատ հայաստանցիներ են հրաժարվում հայկական անձնագրից: