«Հրապարակ»․ 2026-ին հայկական անձնագրից հրաժարվելու հակառեկորդ է գրանցվել

«Հրապարակ»․ 2026-ին հայկական անձնագրից հրաժարվելու հակառեկորդ է գրանցվել

Wed, 02 Sep 2026 11:15:23 +0400


Կառավարությունն արցախցիների կյանքը Հայաստանում ներկայացնում է գրեթե դրախտային լույսի ներքո: Բնակարանային ու սոցիալական ծրագրերը մատուցվում են որպես փրկօղակ՝ արցախցիների ինտեգրումն ապահովելու համար: Պաշտոնական լրատվությամբ շեշտվում է աճող թիվը՝ «այսքան հազար արցախցի դիմել է բնակարանի համար, այսքանը ստացել է»: Սրանով ստեղծվում է պատրանք, թե գործընթացը հարթ է ընթանում: «Մենք առաջիկայում ընդունելու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը»,- ասել է Փաշինյանը կառավարության նիստում:

Օգոստոսի 31-ին, սակայն, միգրացիոն ծառայության հրապարակած այս տարվա առաջին կիսամյակի՝ քաղաքացիություն ստանալու վիճակագրությունը հակառակն է վկայում: Ըստ այդմ՝ քաղաքացիություն ստանալու 23 հազար 522 հայտ է ներկայացվել, որից 14 հազար 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։ 6 ամսում քաղաքացիություն է շնորհվել 14 հազար 770 անձի, որոնց կեսից շատը՝ 8 հազար 676-ը, Ղարաբաղից տեղահանված անձինք են: Բռնի տեղահանվածներից թե քանի անձ է քաղաքացիություն ստացել, այս պահին ճշգրիտ հայտնի չէ: Տարեսկզբի տվյալներով, նրանց թիվը մոտ 25 հազար էր: Եթե հաշվի առնենք, որ կես տարում մոտ 100 հազար բռնի տեղահանվածներից ընդամենը 14 հազարն է դիմել քաղաքացիություն ստանալու համար՝ մոտ 14%-ը, ապա ստացվում է ընդհանուր մոտ 40 հազար:

Ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի, սա մեծ թիվ չէ: «Բռնի տեղահանվածների մեծամասնությունը դեռ չի դիմել եւ չի ստացել քաղաքացիություն»,- ասում է նա: Սա՝ այն դեպքում, երբ քաղաքացիությունը բնակապահովման ծրագրերից օգտվելու պայման է: Անգամ այս պայման-հարկադրանքը չի ստիպում մարդկանց ՀՀ անձնագիր ստանալ` զրկվելով փախստականի կարգավիճակից եւ դրանից բխող սոցիալական աջակցությունից: «Մեծամասնությունը բնակարանային ծրագրից օգտվելու համար է դիմել, բայց կա նաեւ այլ միտում, որն էլի ցույց է տալիս, որ մեծ խնդիր կա։ Դա նա է, որ քաղաքացիություն ստացած արցախցիների եւ բնակարանային ծրագրերի հավաստագիր ստացած արցախցիների տարբերությունը բավականին մեծ է: Այսինքն՝ կան շատ արցախցիներ, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն, բայց դեռեւս բնակարանային ծրագրի չեն դիմել: Սա եւս մի ցուցիչ է, որ բնակարանային ծրագիրը մի ստվար հատվածի խնդիր չի լուծում, ու մարդիկ չեն ուզում դիմել, որովհետեւ լուծում չեն տեսնում: Այսպիսի բավականին շատ տվյալներ կան, որոնք, եթե ճշգրիտ լինեն, վերլուծելու դեպքում խորքային խնդիրներ են վերհանում: Դրանք հասցեագրելու կարիք կա, բայց իշխանություններն այդ խնդիրներին լուծում տալու քաղաքական կամք չունեն»,- ասում է Արտակ Բեգլարյանը:

Այլ մտահոգիչ թիվ միգրացիոն ծառայությունից՝ քաղաքացիությունից հրաժարվողներն են հսկայական քանակ կազմում. կես տարում 2 հազար 495 անձ պաշտոնապես դադարել է ՀՀ քաղաքացի լինելուց: Վերջին 8 տարվա վիճակագրությամբ` նախընտրական կիսամյակում գրանցված 2 հազար 495 հրաժարումը բացարձակ հակառեկորդ է: Անցյալ տարվա առաջին կիսամյակում 2 հազար 100 անձ է դադարեցրել ՀՀ քաղաքացիությունը, 2024-ի նույն ժամանակում՝ 1900, 2023-ին՝ ավելի քիչ` 1600 անձ: Ակնհայտ է, որ տարեցտարի ավելի շատ հայաստանցիներ են հրաժարվում հայկական անձնագրից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չկա որևէ տարբերակ, որևէ տրամաբանություն, որով սա կարող է վերջին զիջումը լինել․ Վարդանյան

Չկա որևէ տարբերակ, որևէ տրամաբանություն, որով սա կարող է վերջին զիջումը լինել․ Վարդանյան Mon, 09…

8 րոպե ago

Ըստ Ադրբեջանի Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը իրենցն է. Մեր քաղաքացիները տեղյա՞կ են

Ըստ Ադրբեջանի Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը իրենցն է. Մեր քաղաքացիները տեղյա՞կ են Mon, 09 Nov…

9 րոպե ago

ԿԸՀ-ն բաշխել ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ պաշտոնները Mon, 09 Nov 2026 17:15:50 +0400 2026 թվականի նոյեմբերի…

11 րոպե ago

Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ

Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ Mon, 09 Nov 2026 17:00:45…

26 րոպե ago

Սկանդալում հայտնված տնօրենը գնացել է դպրոց` աշակերտները մեծ սիրով ընդունել են

Սկանդալում հայտնված տնօրենը գնացել է դպրոց` աշակերտները մեծ սիրով ընդունել են Mon, 09 Nov 2026…

41 րոպե ago

Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ

Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ Mon, 09 Nov 2026 16:30:32 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

56 րոպե ago