«Հրապարակ»․ Հատել ենք Ռուսաստանի հետ թշնամանալու գիծը

«Հրապարակ»․ Հատել ենք Ռուսաստանի հետ թշնամանալու գիծը

Thu, 03 Sep 2026 11:15:08 +0400


Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի երկար սպասված հանդիպումը, որից հետո ճեպազրույցում Պուտինը հայտարարեց, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է դուրս բերվել Հայաստանից, եթե հայ ժողովուրդն այդպես է ուզում, եւ որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա` որոշ հարցեր քննարկելու: Զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի հետ:

– Պուտինի օգնական Ուշակովը մինչ հանդիպումը հայտարարել էր, որ կքննարկվի նաեւ քաղաքական հետապնդումների թեման, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Ի՞նչ էր ակնարկում ռուսական կողմը:

– Ռուսական կողմը հստակ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ իրենք հետեւում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, նաեւ հասկանում են դրանց տրամաբանությունը: Պատահական չէ, որ նախագահ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձի մեջ նշված էր նրա կարեւոր դերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում: Սա հստակ ուղերձ էր ՀՀ իշխանություններին, որ ամեն ինչ պարզ էր, պարզ են գործընթացի շահառուները եւ Նիկոլ Փաշինյանի մտադրությունները:

– Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու Պուտինի հայտարարությունը կյանքի կկոչվի՞:

– Իշխանական քարոզչամեքենայի ներկայացուցիչները` փորձագետներ ասվածները, մի հետաքրքիր թեզ են առաջ քաշել: Կարծում են, որ այն բանից հետո, երբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, ռուսական ակտիվները Հայաստանում իրականում դարձել են ՀՀ իշխանությունների ձեռքում խաղաքարտ` ռուսական կողմի հետ բանակցություններում: Այսինքն, եթե դուք շուկան չբացեք մեզ համար, ռազմաբազան կհանենք, եթե դուք դեմ լինեք ԵԱՏՄ-ի հաշվին ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու մեր գործընթացին, մենք ռուսական ալիքները կսահմանափակենք կամ առհասարակ կհեռացնենք հայկական մուլտիպլեքսից: ՌԴ նախագահն արձանագրեց հետեւյալը, որ այդ շանտաժը չի աշխատում, որ այդ առեւտուրը ռուսական կողմը չի ընդունում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կարող է խաղադրույքներ բարձրացնել հանդիպումից առաջ, այն բանից հետո, երբ Պուտինը համաձայնեց իր հետ հանդիպել ու կալանավորել նախագահ Քոչարյանին, իրենք էլ ցույց տվեցին, որ իրենց հերթին կարող են բարձրացնել խաղադրույքները: Եվ մտահոգիչ էր այն, թե ինչպես էր Պուտինը մեկնաբանում դա, ասում էր` եթե Հայաստանում կարծում են, թե պատրաստ են դրան… իրենք շատ լավ գիտեն, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու պարագայում մենք շատ հեշտ որս եւ կերակուր ենք դառնալու Թուրքիայի համար: Ոչ, Ռուսաստանը չի ուզում, չի պատրաստվում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, բայց իրենք նաեւ չեն հանդուրժում. որ Հայաստանի իշխանությունները փորձեն Ռուսաստանի հաշվին լուծել իրենց աշխարհաքաղաքական խնդիրները: Դա էր արձանագրում ՌԴ նախագահը, այդ թվում՝ նաեւ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ իր հայտարարության մեջ:

– Պուտինը Փաշինյանին Մոսկվա է հրավիրել` քննարկումների: Ի՞նչ է տեղի ունենալու իրականում, պատրա՞ստ է ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել Հայաստանում իր ազդեցությունից:

– Կրկին ստիպված եմ ասել` Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, լքել Հարավային Կովկասը: Նույնիսկ եթե մի կողմ ենք թողնում Հայաստանում պոտենցիալ քննարկումները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահների մնալ-չմնալու հարցը, Հարավային Կովկասում կա նաեւ, օրինակ, Աբխազիա: Ռուսաստանն ամրապնդում է իր ռազմական, ռազմածովային ներկայությունն Աբխազիայում, հետեւաբար, իրենք ոչ մի տեղ էլ չեն ուզում կամ չեն պատրաստվում հեռանալ։ Սա՝ առաջինը: Երկրորդը․ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը պետք է սեփական խմբակցությանը, պետական ապարատը, ուժայիններին հանգստացնելու համար, որովհետեւ այդ մարդկանց երկար տարիներ ինքը համոզում էր, որ Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ է, ամեն ինչ օկ է, եւ ոչ մի խնդիր չկա: Իսկ հիմա Պուտինի հետ հանդիպումը շատ հստակ ցույց է տալիս, որ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները Ռուսաստանի հետ հարաբերություններում յուրահատուկ են նրանով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Ռուսաստանը, այդ խնդիրներով պայմանավորված, ինչ քայլեր կարող էր իրականացնել․ Նիկոլ Փաշինյանին պետք է հանգստացնել պետական ապարատը, դրա համար էլ իրեն շատ կարեւոր էր գնալ ՌԴ: Ու կա եւս մի կարեւոր նրբերանգ․ ռուսական, կրեմլյան ներկայացուցիչներ հանդիսացող լրատվամիջոցների լրագրողները շատ հստակ գրում են, որ Նիկոլ Փաշինյանը գոնե հրապարակային փորձում է ցույց տալ, որ այն գործիչը չէ, որը պատրաստ է Հայաստանում հանրաքվե անցկացնել, ինչը նշանակում է, որ Հայաստանը դուրս է մնալու ԵԱՏՄ-ից մոտակա գագաթնաժողովի ժամանակ: Սրանով Ռուսաստանը ոչ թե հրաժարվում է իր լծակներից Հայաստանում, այլ բանեցնում է այդ ճնշման լծակները:

– Փաշինյանական Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ թշնամությա՞ն սցենարով:

– Այս հարցի պատասխանը տրված է ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ արդեն իսկ հաստատված ծրագրում: Ռուսաստանի Դաշնությունը, որպես արտաքին քաղաքական գործընկեր, ընդամենը ութերորդ տեղում է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք այլեւս ռազմավարական դաշնակիցներ չենք, ռուսական կարեւոր ակտիվներից Հարավկովկասյան երկաթուղիներն ուզում են խլել ՌԴ-ից: Ես ընդհանրապես խոր կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ կենտրոններում արդեն ասել է, որ ինքը խլել է Հարավկովկասյան երկաթուղիները կամ շատ հստակ պարտավորություն վերցրել՝ մինչեւ մի հստակ օր խլել երկաթուղիները: Արդյո՞ք սրանք թշնամական գործողություններ չեն, իհարկե՝ թշնամական գործողություններ են, մենք արդեն հատել ենք այդ կետը: Այդ իսկ պատճառով էլ ռուսական կողմի մոտեցումը շատ ավելի կոշտացել է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ի տարբերություն նրա, ինչ կար 2021 թվականին, ու ինչն արտացոլվում էր նաեւ կառավարության ծրագրում, որում, բացի Ռուսաստանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացումից, կար նաեւ Արցախի հարցը: Ես սրա վրա էլ եմ ուզում ուշադրություն դարձնել` այս ծրագրում Արցախի մասին բառ անգամ չկա:

– Փաշինյանի` մեքենայից արված լավն ինչի՞ մասին էր:

– Փորձում է պետական ապարատին, ուժայիններին համոզել, հանգստացնել, որ ամեն ինչ վերահսկողության տակ է: Մենք եւս մի ղեկավար ունեինք Հայաստանում, որը 2018 թվականին, այդ թվում՝ նաեւ Պուտինի հետ հեռախոսազրույցում` հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էր, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, վերջում տեսանք, թե ինչ եղավ: Հիմա նույնը Նիկոլ Փաշինյանն է ուզում անել` փորձում է պետական ապարատին համոզել, որ ամեն ինչ լավ է Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Ի՞նչ է ուզում Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից. ուզում են, որ նա պատասխանատվություն կրի իր կատարած քայլերի, ընդունած օրենքների, արած հայտարարությունների համար։ Սա են ուզում Ռուսաստանի ներկայացուցիչները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առանձնահատուկ դեպք․ ինչ են նկատել Պուտինի ավտոշարասյան մեջ

Առանձնահատուկ դեպք․ ինչ են նկատել Պուտինի ավտոշարասյան մեջ Thu, 03 Sep 2026 12:30:47 +0400 Ռուսաստանի…

8 րոպե ago

Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները

Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները Thu, 03 Sep 2026 12:30:30 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

9 րոպե ago

Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված կա

Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված կա Thu, 03 Sep 2026 12:23:49 +0400 ԱԴԾ աշխատակիցները Ղրիմում մի…

15 րոպե ago

«Հրապարակ». Սոցիալական աշխատողների մեղքով երեխային խնամքի նպաստ չեն նշանակել

«Հրապարակ». Սոցիալական աշխատողների մեղքով երեխային խնամքի նպաստ չեն նշանակել Thu, 03 Sep 2026 12:15:15 +0400…

24 րոպե ago

Լարված իրավիճակ Կառավարության դիմաց

Լարված իրավիճակ Կառավարության դիմաց Thu, 03 Sep 2026 12:13:04 +0400 Latest news from Secure News…

26 րոպե ago

Թուրք գործարարները վաղը Սեւան են այցելելու

Թուրք գործարարները վաղը Սեւան են այցելելու Thu, 03 Sep 2026 12:01:33 +0400 Ինչպես արդեն հայտնել…

37 րոպե ago