«Հրապարակ». Սոցիալական աշխատողների մեղքով երեխային խնամքի նպաստ չեն նշանակել
Thu, 03 Sep 2026 12:15:15 +0400
Երեւանի բնակչուհի Հասմիկ Հակոբյանը օգոստոսի 4-ին դիմում է ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ հայտնել է․ «Սույն թվականի ապրիլի 1-ին տղաս՝ Արման Քոչարյանը, իր կինը եւ նորածին թոռնիկս՝ Օլիվիա Քոչարյանը (ծնվ․ 09․05․2025թ․՝ Ավստրիայում, ՀՀ քաղաքացի), գալիս են Հայաստան՝ ձեւակերպելու մինչեւ 1 տարեկան եւ 1-2 տարեկան երեխայի խնամքի նպաստները։ Մինչեւ Հայաստան գալը տղաս զանգահարում է Գյուլբենկյան 29 հասցեում գտնվող ՄՍԾ կենտրոն՝ ճշտելու պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Տղայիս հարցին՝ եթե ծննդյան վկայականի ռուսերեն տարբերակը կա, անհրաժե՞շտ է նաեւ հայերեն լեզվով տարբերակը, պատասխանել են՝ ոչ։ 01․04․26թ․ տղաս գնացել է Գյուլբենկյան 29, ՄՍԾ՝ եւս մի անգամ ճշտելու փաստաթղթերը, խոսել է ղեկավարի՝ Հարությունյան ազգանունով կնոջ հետ, որը նույնպես հաստատել է, որ հայերեն լեզվով թարգմանության կարիք չկա։ Դրանից հետո, վերցնելով ասված բոլոր փաստաթղթերը, Արմանը, իր կինը, թոռնիկս եւ ես գնացինք ՄՍԾ՝ Սոֆյա Եգանյանի մոտ։ Սենյակում առկա էին նկարահանող սարքեր։ Գործընթացը տեւեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում տղաս կասկածանքով, 2 անգամ հարցրեց, թե արդյոք համոզվա՞ծ եք, որ հայերեն թարգմանությունը պետք չէ, մոտ տարածքում նոտար կա, ինքը կարող է գնալ, թարգմանել եւ բերել։ Սոֆյա Եգանյանն ասաց՝ ոչ, պետք չէ։ Հրաժեշտի ժամանակ ես նույնպես Ս․ Եգանյանին ասացի, որ մենք դեռ 2 օր ժամանակ ունենք, գուցե ապահովության համար բերենք նաեւ հայերեն տարբերակը, ամսի 4-ին վերադառնում են Ավստրիա, հետո հանկարծ խնդիր չլինի։ Եգանյանը նեղսրտած ասաց՝ դե ասացի, որ խնդիր չի լինի, 10 անգամ հարցրիք։ Ես ներողություն խնդրեցի, ու մենք գնացինք։ 09․04․26-ին Ս․ Եգանյանն Արմանի էլփոստին գրում է, որ վկայականի թարգմանությունը ներկայացրեք ՄՍԾ։ Ժամկետ չի նշել։ Ապրիլի 12-ին Արմանի ընկերոջ՝ Արթուրի միջոցով թարգմանությունը հասավ ՄՍԾ։ Վերցրել են, մի քանի օրից մերժել են՝ պատճառաբանելով, թե ժամանակին չենք ներկայացրել։ Արթուրը Ս․ Եգանյանի մոտ է գնացել, միասին՝ ղեկավարի մոտ, զանգել են Ավստրիա՝ Արմանին։ Արմանը, իմանալով մերժման մասին, խոսել է Եգանյանի հետ, մեղադրել նրան, որ նա թերացել է իր աշխատանքի մեջ, սխալ ինֆորմացիա է տվել փաստաթղթերի մասին (գուցեեւ՝ միտումնավոր), խաբել է իրենց, եւ հիմա նա պարտավոր է իր սխալն ուղղել, հայերեն լեզվով թարգմանությունը կցել գործին։ Եգանյանն ասել է՝ ճիշտ է, ինքն է թերացել, տեսնենք` ինչ կարող ենք անել։ Մի քանի օրից հատկացրին 300 հազար դրամ միանվագ խնամքի համար նպաստը, իսկ ամսական տրվող նպաստը չեն հատկացնում։ Արմանն էլփոստով դիմում է Ագնես Աղաբաբյանին։ Մինչ օրս պատասխան չկա» ։
Դիմումում Հասմիկ Հակոբյանը նախարարին խնդրել է վերանայել իր թոռան նպաստի նշանակումը մերժելու մասին որոշումը, հաշվի առնել, որ մերժման պատճառը պայմանավորված է եղել ՄՍԾ աշխատակիցների՝ Ս․ Եգանյանի եւ Հարությունյանի կողմից իրենց տված սխալ ինֆորմացիայով, ապահովել իրենց ընտանիքի նորածին երեխային՝ Օլիվիա Արմանի Քոչարյանին հասանելիք՝ մինչեւ 1 տարեկան եւ 1-2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը։ Հ․ Հակոբյանը նախարարին ուղղված դիմումի պատասխանը չի ստացել, թեեւ գրեթե մեկ ամիս է անցել դիմումն ուղարկելուց։
Ապրիլի 14-ին Արման Քոչարյանը ստացել է իր դիմումի պատասխանը Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության 16-րդ բաժնից` Գ․ Մաղաքյանի ստորագրությամբ, որտեղ նշված է․ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը եւ երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով, եւ երեխան գտնվում է ՀՀ-ում»։ Այդ պատասխանում նաեւ նշված է, որ օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված՝ անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ»։
Հ․ Հակոբյանը մեզ հայտնեց, որ իր տղան, հարսը, թոռը հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում, գտնվել են Հայաստանում։ Միասնական սոցիալական ծառայության աշխատողները բազում անգամ սխալ տեղեկատվություն են տվել, ապակողմնորոշել Արման Քոչարյանին, որ նրա դստեր ծննդյան վկայականի՝ հայերեն թարգմանված լինելը հարկավոր չէ։ Օլիվիան խնամքի նպաստից զրկվել է Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մեղքով։ Հ․ Հակոբյանը կարծում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է վերանայի այս որոշումը եւ նշանակի իր աշխատողների մեղքով չնշանակված նպաստը։