Խայտառակ պարտության դառնահամը
Fri, 04 Sep 2026 20:45:23 +0400
Այսօր Ֆեյսբուքում աչքովս ընկավ Հասմիկ Բաբաջանյանի «Հրապարակ»-ի հունիսյան հոդվածը (hraparak.am): «Ոչ մի պարտություն ժողովուրդն այնքան ծանր չի զգացել, որքան քո «հաղթանակը» ասում է տիկին Բաբաջանյանը՝ դիմելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Ասեմ, որ այլ կերպ լինել չէր կարող. ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը: Իրականությունն էլ հենց այն է, ինչ զգացել է ժողովուրդը: Մնացածը խոսքեր են, մարդկանց հիմարացնելուն կոչված խոսքեր: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր ազգի ողնաշարը ջարդած, խայտառակ, կապիտուլյացիոն պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ: Ու այդ պատճառով էլ ՀՀ առաջին նախագահը՝ գնահատելով Փաշինյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում, այն բնութագրել էր որպես ազգակործան պատուհասություն: Ինչը նշանակում է, որ ոչ թե Փաշինյանը պետք է ինչ-որ անձանց զգացնել տա պետության համը, այլ ինքը պետք է անընդհատ զգա որպես «հաղթանակ» ներկայացվող խայտառակ պարտության դառնահամը:
Ինչևէ, իր պարտությունն արդարացնելու և նույնիսկ որպես հաղթանակ ներկայացնելու նպատակով Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ ինքն ազատեց մեզ կոնֆլիկտային անկախությունից: Ու թշնամու պահանջով փորձում է Անկախության հռչակագրի հղումը դուրս թողնել ՀՀ Սահմանադրությունից: Պնդելով, որ դա հենց կոնֆլիկտայնության հիմքն է, ինչն իրականում անհեթեթություն է: Որովհետև անկախությության գործընթացը չի կարող չլինել կոնֆլիկտային: Քիչ է մնում զարմանամ, որ Հայ ժողովրդի պատմության արդեն որերորդ հատորին հասած ընթերցողը չի գիտակցել այդ երևույթը: Գանք մեր ժամանակները: Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանը հակամարտության մեջ մտավ միութենական կենտրոնի հետ: Եվ քանի որ մինչ այդ արդեն ծագել էր Ղարաբաղյան շարժումը, Ադրբեջանի հայաշատ վայրերում Մոսկվան կազմակերպեց «Կոլցո» (Օղակ) օպերացիան: Ինչը կոնֆլիկտայության դրսևորում էր: Ղարբաղյան շարժումը զրոյացնել փորձող Փաշինյանը, սակայն, չգիտես ինչու, նույն տրամաբանությամբ շարժվելով, չի փորձում զրոյացնել նաև Հայաստանի անկախությունը Ռուսաստանից:
Նրա փոխարեն պատասխանեմ՝ որովհետև Մոսկվան, նախ, չի պահանջում Հայաստանի և մնացած նախկին խորհրդային հանրապետությունների վերադարձը միության կազմ: Եվ երկրորդ, թիկունքին ունենալով արևմտյան պետությունների որոշակի աջակցությունը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի վախենում, որ մի օր Մոսկվան կարող է նման բան պահանջել: Բայց Մոսկվան այսօր թուլացել է, իսկ վաղը կարող է նորից ուժեղանալ՝ ինչպես դա եղել է նախկինում, ու կարող է դնել այդ պահանջը: Եվ ի՞նչ է դրան պատասխանելու Փաշինյանը: Եթե, իհարկե, ինքը դեռևս զբաղեցրած լինի վարչապետի պաշտոնը: Թե՞ 44-օրյա պատերազմի նման դիմելու է ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք աշխարհազորային ջոկատներ կազմեն: Ու զրահաբաճկոն հագնելով և զինվորական «կասկա» դնելով՝ մեկնեն Արցախ պատերազմելու թշնամու դեմ: Իսկ հետո էլ կապիտուլյացիոն պարտության համաձայնագիր կնքի նույն այդ թշնամու հետ:
Ինչպես տեսնում եք, ասվածը ֆանտաստիկայի ժանրից է, ու ամենածանր գիշերային մղձավանջում անգամ դժվար է նման բան պատկերացնելը: Բայց նույն ձևով անհնար էր պատկերացնելը՝ այն էլ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, որ գերագույն հրամանատարի պատերազմական կոչը կարող էր նման առաջարկ ներառել: Եվ նույն ձևով անհնար էր պատկերացնելը, որ նման կոչ հնչեցնելուց հետո ապաշնորհությամբ կամ գիտակցված երկիրը կարող էր տանել պարտության: Որպեսզի այնուհետև կատարեր թշնամու պահանջները, իսկ պարտությունն էլ ներկայացներ որպես հաղթանակ: Ու միաժամանակ՝ անկախության, իր ասելով, «ազատագրում» կոնֆլիկտայնությունից: Այն էլ այնպիսի հարևանների առկայության պայմաններում, որոնց միակ տարածաշրջանային նպատակը հայության վերացում է իր հայրենիքից: Ինչը ոչ միայն չի թաքցվում, այլև բարձրաձայնվում է միջազգային հարթակներում՝ ներկայացվելով որպես պատմական արդարությունը վերականգնելու՝ ադրբեջանական ժողովրդի իրավունք: Ու այդ աննորմալ ու անհեթեթ մթնոլորտում միակողմանիորեն անկախությունից կոնֆլիկտայնությունը դուրս թողնող անձը ոչինչ չի պատասխանում: Ոչ մի քայլ չի ձեռնարկում, որպեսզի թշնամուն դա չզայրացնի ու դրանից պատերազմ չծագի: Ինչին մեր ժողովրդական երգիչ Ջիվանին ժամանակին պատասխանել է այսպես՝ «Խելքի Աշեցեք»: