Վասպուրի քարտեզը (լրագրային շանսոն)
Mon, 07 Sep 2026 17:15:54 +0400
Վասպուրը մեռել էր…Մենակ մարդու օրը կտրվի՝ ոչ ժառանգ ուներ, ոչ բարեկամ: Բա ինչ անե՞նք… Որոշեցինք հարևաններով հավաքվենք, մարդավարի թաղենք: Մեր 100 տարվա հարևանն էր, հո չէի՞նք թողնի, որ պետությունը հոգար այդ դժվարությունը: Ինքը մի ձեռք կոստյում ուներ, կոշիկները մենք առանք, դագաղի գործն էլ դզող-փչող Սողոն վերցրեց իր վրա: Էդ ամեն ինչը տարանք, հանձնեցինք մորգ, ու գնացինք սգո սրահի հարցը լուծելու:
Վասպուրի բախտից դա էլ արագ ստացվեց: Բավականին ընդարձակ սրահ էր, բայց էժանով տվեցին՝ հաշվի առնելով, որ հարևանությունն է կազմակերպել: Էդ է, Վասպուրին բերեցինք, դրեցինք սրահի կենտրոնում, նկարը՝ գլխավերևում, ոտքերի մոտ՝ երկու մեծ մոմ… Հոգեհանգիստը նշանակել էինք ժամը 17:00-ին՝ իմանալով որ հեռվից եկող չկա: Թաղումը՝ հաջորդ օրը ժամը 13:00-ին հայտարարեցինք, բայց դրա կարիքը չկար, որովհետև մենք էինք միայն մասնակցելու, իսկ մենք գիտեինք, որ 13:00 ենք վերցնելու: Գերեզմանի հարցում Համո բիձեն շատ օգնեց: Գնացել, Խոր վիրապի հնագույն գերեզմանոցում Վասպուրի պապի գերեզմանը գտել էր, փոսը փորել տվել: Կարճ ասած՝ ամեն ինչ պատրաստ էր:
Հոգեհանգիստը սկսվելու վրա մեր հարևան Շմավոնին մի ծիծաղ բռնեց, մի ծիծաղ, որ էլ չասելու: Մի կերպ լռեցրինք՝ ամոթ է այ մարդ, շատ էլ էս մարդը հարազատ չունի, սա ի՞նչ բան է, դու էլ հոգի ունես Աստծուն տալու, ասելիք ունե՞ս, ասա, ծիծաղելը ո՞րս է: Շմավոնը, մի կերպ զսպելով իրեն, ցուցամատն ուղղեց Վասպուրի կողմը՝ քարտե՜զը…
-Ի՞նչ քարտեզ…
-Դոշի քարտեզը:
Փռթկոցն ու ծիծաղը դարձան համընդհանուր… Ո՞նց չէինք նկատել: Առաջինը, կարծես, ես ուշքի եկա ու առաջարկեցի՝ հանենք: Ճիշտ չի լինի, ասացի, Հայաստանի քարտեզով թաղենք: Նախկին դատախազ Գևորգ Շաբոյանն ընդդիմացավ՝ չի կարելի, դրա համար Վասպուրի համաձայնությունն է պետք: Նա հարազատներ չունի, որ որոշեն ինչ անել: Շմավոնին էլ այսպիսի մի բան էր պետք, որ հարցը քաղաքականացնի՝ զանգե՞մ ՔՊ գրասենյակ, հարցնեմ:
-Թողեք պարոն Շաբոյանը զանգի,- առաջարկեցի ես,- այդպես ավելի պաշտոնական կստացվի:
-Զանգեմ, ի՞նչ ասեմ:
-Ասեք այսպես ու այսպես, պարոն Փաշինյանի հետևորդ Վասպուրն է մահացել, դոշին քարտեզ կա, ի՞նչ անենք, հանե՞նք, թե՞ քարտեզով թաղենք:
Շաբոյանը քաշվեց սրահի հեռավոր անկյունը, որ զանգի, իսկ մենք շարունակեցինք քննարկումը: Ես պնդեցի իմ տեսակետը՝ քարտեզը հանել դոշից և չթաղել Վասպուրի հետ: Այդ քարտեզը նրան այն կյանքում այլևս պետք չէ՝ ասացի: Ո՞նց թե պետք չի, բա մնացած անցավորները չտեսնե՞ն, թե ով է եկել՝ հակառակվեց Համո բիձեն: Այ մարդ, համբերություն ունեցեք՝ տեսնենք պարոն Շաբոյանն ինչ է ասում:
Շաբոյանը վերադարձավ: Բոլորով նայեցինք իրեն՝ հը՞…
-ՔՊ-ում միայն պահակն էր, ասաց ինչ ուզում եք՝ արեք, բայց տեսեք՝ թաղման արարողության ժամանակ Նիկոլին ռաստ չգաք:
-Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլին ռաստ չգաք, Նիկոլն ի՞նչ գիտի՝ Վասպուրի դոշին քարտեզ է եղել, թե չի եղել:
-Ո՞նց թե Նիկոլն ինչ գիտի… Մորգի աշխատողները տեսել են, ՔՊ-ի պահակը գիտի, ձեզ բավական չէ՞, լուրը արդեն հասցրել են Նիկոլին:
-Պասեքմ իսկ Նիկոլը դեմ չէ՞ մարդուն այդ քարտեզով թաղելուն:
-Եսիմ…
-Պարոն Շաբոյան, մի հատ էլ Նիկոլին զանգիր,- առաջարկեց Շմավոնը:
-Նիկոլի՞ն, զանգեմ ի՞նչ ասեմ:
-Ասա՝ այսպես ու այսպես, վախճանվել է Հայաստանում առաջին քարտեզակիր քաղաքացին, չգիտենք ինչպես վարվենք՝ քարտեզով թաղե՞նք, թե՞ առանց քարտեզի:
-Լուրը միանգամից չհայտնես, պարոն Շաբոյան, հեռվից կգաս՝ քաղաքացին վերջերս գանգատվում էր ախորժակից, քնի խանգարումից,- խորհուրդ տվեցի ես:
-Դե որ այդքան բան գիտես, դու էլ զանգիր Փաշինյանին,- ասաց Շաբոյանն ու հեռախոսը ցուցադրական ձևով դրեց գրպանը:
Երկու ժամ քննարկում էինք Նիկոլին զանգել-չզանգելու հարցը և չէինք կարողանում մի հայտարարի գալ: Վերջը Շմավոնը, թե՝ վաղը կառավարության նիստ կա:
-Ի՞նչ ես առաջարկում,- գրեթե բոլորով հարցրինք նրան:
-Ասում եմ՝ Վասպուրին մի ժամ շուտ վերցնենք, տանենք կառավարության տան մոտ: Աշխատակազմից մեկը կիջնի, կասենք՝ էս՝ դուք, էս՝ ձեր Վասպուրը, ինքներդ որոշեք՝ քարտեզով թաղե՞նք թե՞ առանց քարտեզի:
Ու հենց այդ պահին հեռախոսս զանգեց.
-Այո՞…
-Սա ԱԱԾ-ից ա, իմացանք ուզում եք Վասպուրի դին բերել կառավարության շենք: Հանկարծ տենց բան չանեք:
-Այո, դուք ճիշտ եք իմացել,- ասացի,- բայց պիտի բերենք, որ մեծարգո պարոն վարչապետն ինքը որոշի՝ քարտեզով թաղե՞նք Վասպուրին, թե՞ առանց քարտեզի: Ի՞նչ կա դրա մեջ:
-Դուք ինձ լավ չհասկացաք, քաղաքացի… Եթե շատ եք ուզում Վասպուրի կողքին պառկել այս դժվար պահին, ուրեմն կպառկեք…Տու, տու, տու…
Մինչև թաղումը դեռ բավականին ժամանակ կար՝ մի ամբողջ գիշեր ու էլի մի քանի ժամ: Որոշեցինք տներով գնալ ու ամեն մեկս մեզ համար որոշել՝ որն է ճիշտ: Հաջորդ օրը առավոտյան 10:00 բոլորս տեղում էինք:
-Հը՞, տղերք, էլ ժամանակ չունենք, որոշեք՝ ո՞նց ենք թաղում,- հարցրի ես ու նայեցի Շմավոնին:
-Ինչո՞ւ ես ինձ նայում,- վրդովվեց Շմավոնը, -ինչ առաջարկում եմ՝ դեմ եք: Եկեք, ուրեմն, փակ դագաղով թաղենք…
Առաջարկը վատը չէր… Շառից փորձանքից հեռու, ինչպես ասում են:
Գերեզմաններում արարողությունն ավարտած՝ դուրս էինք գալիս ճանապարհ, մեկ էլ Շմավոնը արմունկս թաքուն հրեց ու ափը բացեց: Ձեռքին Հայաստանի քարտեզն էր:
-Մինչ դուք Տեր հորն էիք լսում, ես «ծիխարի» հանեցի: Դու ճիշտ էիր ասում, Պետք չէր, որ այս քարտեզը, թեկուզ ծռտի-մռտի, թաղվեր Վասպուրի հետ: Ու ոչ մեկի հետ չպետք է թաղվի, դաժե՝ Նիկոլի: