Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել
Mon, 07 Sep 2026 21:15:17 +0400
Ստեփանավանի Սվերդլով համայնքի խոնավ ու քարուքանդ տներից մեկում բնակվող 43-ամյա միայնակ մայր Հասմիկ Ավազյանի եւ նրա 9 ամսական երեխայի անապահովության նպաստի դիմումը մերժվել է։ Մեզ ահազանգած Հասմիկը պատմում է․ «Նախորդ տարի անապահովության նպաստ ստացել եմ, իսկ այս տարի սեպտեմբերին, երբ սահմանված կարգով դիմումը կրկին լրացրեցի, մերժեցին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել, անօթեւան եմ, երեխայիս հետ ապրում եմ ուրիշի խոնավ ու կիսավեր տանը, որտեղ ապրելու նվազագույն պայմաններ չկան։ Ապրիլին իմ թոշակն ավելացավ 10 հազար դրամով՝ 37500 դրամից դարձավ 47500 դրամ։ Իսկ անապահովության նպաստս մինչև երեխայի ծնվելը 20 հազար դրամ էր, երեխայի ծնվելուց հետո դարձավ 26500 դրամ՝ որպես ընտանեկան նպաստ։ Վերջին 3 ամիսներին ստացել եմ 25500 դրամ, իսկ արդեն փաստագրման ժամանակ երբ դիմում տվեցի, պատասխանը եկավ, որ ես միջին ապահով եմ։ Եթե ես գյուղում ապրում եմ ոչ տուն ունեմ, ոչ դաշ ունեմ, ոչ վարելահող ունեմ, ոչ մի բան փաստացի չունեմ, իմ ի՞նչն է միջին ապահով։ Էդ կոպեկներով ես ո՞նց երեխա պահեմ, ո՞նց ապրեմ, դիմացը ձմեռ է գալիս, կոմունալները կշատանան, ես ո՞նց եմ անելու»։
Նրա խոսքով անապահովության գումաը մեկ անձի համար գնահատվում է 35500 դրամ, ինչը չնչին գումար է հաշմանդամ մոր ու մանկահասակ երեխայի գոյատեւման համար․ «Ես 47000 դրամ թոշակ եմ ստանում, իսկ երեխաս 31600 դրամ մինչև 2 տարեկան երեխայի գումարը։ Երեխան կաթնախառնուրդ է ուտում, այդ գումարը նույնիսկ չի բավարարում իր կաթին, էլ չեմ ասում հավելյալ սնունդը երեխայի ու տակդիրը։ Ես ամուսին չունեմ, միայնակ մայր եմ, երեխային ունեցել եմ արտամարմնային բեղմնավորմամբ՝ պետության աջակցության ծրագրի շրջանակում»։
Խնդրի վերաբերյալ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն դիմեցինք, հասկանալու, թե ինչու՞ւ է այս ընտանիքը անապահովության ծրագրից դուրս մնացել, որտեղից մեզ պատասխանեցին․ «Իր պատասխանի մեջ հստակ նշվում է մերժման պատճառը»։ Այլ պարզաբանում չունեին։