«Հրապարակ». Սա ապտակ է Պուտինին

«Հրապարակ». Սա ապտակ է Պուտինին

Tue, 08 Sep 2026 10:45:49 +0400


Գյումրու 102-րդ ռազմաբազան Հայաստանից ցանկացած պահի հանելու պատրաստակամության մասին ռուսական կողմի հայտարարությունը ոչ թե ճնշում է Հայաստանի վրա, այլ ուղղակի չեն տրվում նիկոլական պրիմիտիվ շանտաժին՝ մեզ հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, մեկնաբան Դավիթ Ջամալյանը: Մինչդեռ ռուսների ռազմական ներկայությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար. «Եթե ռուսական ռազմաբազան այստեղից դուրս եկավ, հայոց պետականության վերջին արարն է դա լինելու, որովհետեւ անմիջապես թուրքական ազդեցությունն ուղղակի զրոյացնելու է հայոց պետականության հեռանկարը»:

Թուրքիայի բոլոր հարեւան պետություններում, որտեղ ինքնիշխանությունն ու պետականության հիմքերը թուլացել են, Թուրքիան տարատեսակ պատրվակներով ներխուժել է Իրաք, Սիրիա, Կիպրոս: Հունաստանը դեռ դիմադրում է, Վրաստանում թուրքական ներկայությունն այնքան ուժեղ է, որ այն թուրքական ազդեցության տակ գտնվող երկիր է դարձել, ինչը կարող է կրկնվել Հայաստանում՝ կարծում է փորձագետը: Վրացիները չեն կարողանում դիմադրել թուրքական ազդեցությանը, ուստի ռուսական կողմի հետ փորձում են հարաբերությունները վերականգնել: Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, թուրքերի համար Հայաստանը կվերածվի բաց դաշտի։ Իսկ զորք կմտցնի, թե ահաբեկչական խմբավորումներ, դա արդեն հարցի այլ կողմն է:

«Այս իշխանազավթածն այնքան է իրականության զգացողությունը կորցրել, որ կարծում է, թե հնարավոր է Պուտինի հետ շանտաժի լեզվով խոսել, կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանի պես պետական գործչին, բարերար Գագիկ Ծառուկյանին, որն ուժ ու կամք գտավ իր մեջ՝ դուրս գալ կապիտուլյացիոն ռեժիմի դեմ նախընտրական շրջանում, այնինչ կարող էր հանգիստ զբաղվել իր գործերով եւ այս ճնշումներին չենթարկվել: Ինքը կարծում է, որ եթե Սամվել Կարապետյանի նման կերպարին տնային կալանքի տակ է պահում, դրանով իսկ ճնշում է բանեցնում Պուտինի վրա: Այսինքն, բոլոր այն կերպարները, ովքեր պետականակենտրոն արժեքային համակարգ ունեն, ովքեր եթե իշխանության ղեկին լինեին, ապա շատ շուտով մեր երկիրը կվերածվեր դրախտավայրի՝ անվտանգ, ծաղկուն, բոլոր այդ մարդկանց փակի տակ պահելով՝ նա ճնշում է բանեցնում Ռուսաստանի վրա, շանտաժի լեզվով է խոսում»,- ասաց Ջամալյանը: Քանի որ Փաշինյանի «ոչ լեգիտիմ» երրորդ ժամկետը կյանքի է կոչվել արեւմտյան տերերի, Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ, բնականաբար, նա, լինելով շատ թուլացած, իրականացնում է այն պահանջները, ինչի գնով ինքը մնում է իշխանության. «Փաշինյանը գնում է Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու, հայ-ռուսական օրգանական կապերը կտրելու ճանապարով», եւ սա տեսնում են Մոսկվայում: Իսկ Փաշինյանի հակառուսականությունը ոչ միայն համակարգային բնույթ ունի, այլեւ կանխատեսելի է: Նրա՝ իշխանության մնալու գինը հակառուսականությունն է:

«Պուտինը, բնականաբար, չի տրվում այդ շանտաժին, բայց ռուսական կողմի հռետորաբանության մեջ մենք շատ հստակ նկատում ենք կարմիր թելի պես անցնող տրամաբանական գիծը, որ մի բան է Նիկոլի իշխանությունը, բոլորովին այլ բան է հայ ժողովուրդը: Որովհետեւ շատ հստակ հասկանում են, որ հանրության ադեկվատ հատվածը շատ ավելին է, քան մոլորյալները, ովքեր, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, Նիկոլ են ընտրել: Դրանով է պայմանավորված, որ ռուսական կողմը հարց է դնում՝ հանրաքվե անցկացնել՝ այդկերպ հստակ ընդգծելով իր լեգիտիմ չլինելու հանգամանքը: Որովհետեւ, եթե ռուսները համարեին, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իշխանություն է, հարաքվեի պահանջ չէին դնի: Երբ ընդգծում են, որ քո դիրքորոշումներն այլ են, հայ ժողովրդինը` այլ, սա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ դու լեգիտիմ չես, անցկացրու հանրաքվե, որ տեսնենք՝ հայ ժողովուրդն ինչ կարծիք է հայտնում այս ամենի վերաբերյալ»,- ասաց Ջամալյանը: Նա վստահ է՝ Ռուսաստանը որեւէ տեղ չի հեռանում ոչ Հայաստանից ու ռեգիոնից. «Ոչ միայն չի հեռանում, այլեւ մեկնարկել է ռեգիոն վերադառնալու գործընթացը, այնպես որ, այս նիկոլական շանտաժը ոչ միայն արդյունք չի տալու, Ռուսաստանը հետեւողականորեն իր քաղաքականությունն է առաջ մղելու»:

Ըստ նրա՝ որ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին վերընտրվելու առթիվ, դա էլ է վկայում, որ Փաշինյանին իրենք լեգիտիմ չեն ընկալում, բայց մեկ այլ խնդիր է, որ Մոսկվան վերջնական չի ապալեգիտիմացնում Նիկոլ Փաշինյանին` ինչպես Զելենսկուն, ժամանակին` Սահակաշվիլուն, տեղ է թողնում, որովհետեւ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ այսօրվա դրությամբ ՀՀ իշխանության ղեկին կանգնած է Փաշինյանը: Նույնիսկ Պուտինին երբ հարցրին, թե ինչու չեն հարվածում Կիեւում որոշում կայացնող կենտրոններին, ՌԴ նախագահն ասաց, որ ինչ-որ մեկը պետք է, որի հետ խոսեն: Այսինքն, թեկուզ ոչ լեգիտիմ է, բայց վերջնական կամուրջները չեն այրում այս իշխանության հետ, որպեսզի խոսելու, բանակցելու տեղ թողնեն: «Բայց իրենց դիրքորոշումը, որ շատ հստակ հայտնել են, ինչպիսին կա, այնպես էլ մնալու է, ու դեռ ավելի կոշտ է լինելու՝ դրանում ոչ մի կասկած: Եվ Նիկոլին Մոսկվա հրավիրելն ընդամենը այդ բանակցությունների շարունակականությունն ապահովելն է` ոչ ավելին: Այս հրավերով Մոսկվան Փաշինյանին չի լեգիտիմացնում, ընդամենը բանակցելու տեղ է թողնում, որովհետեւ, այնուամենայնիվ, Ռուսաստանին ձեռնտու չէ այնքան սրել իրավիճակը, որ բանը հասնի ծայրահեղ քայլերի: Ռուսաստանում հասկանում են, որ իրենց կողմից արված պատասխան քայլերից հայ ժողովուրդն է տուժելու, իսկ Նիկոլն էլ դա օգտագործելու է` հակառուսականությունն է փորձելու սրել, իրենք կնախընտրեն գործել այնպես, որ հայ ժողովուրդը չտուժի»,- նկատեց Ջամալյանը:

Պուտինի հետ բիշքեկյան հանդիպումից առաջ Պուտինի խորհրդական Ուշակովը Ռոբերտ Քոչարյանի մասով հայտարարություն արեց, որին անդրադառնալով, Ջամալյանն ասաց. «Անկոտրում կերպար է նախագահ Քոչարյանը, վստահ եմ, որ ինքը մեր պետական շինարարության վերակերտման գործում իր արժանի տեղն ու դերն ունենալու է իր թիմով: Ինքն ուժի, արարման, նաեւ պայքարելու ու չկոտրվելու սիմվոլն է: Նույնը կասեմ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ կապված, որովհետեւ այս մարդիկ իրենց ուսերին ծանրագույն բեռ ու պատասխանատվություն են ստանձնել՝ երկիրն աղետից, փոսից հանելու առումով: Ու այս երեքի հանդեպ այս կեղծ իրավական գործընթացը, հալածանքն ապտակ են Պուտինին, Ռուսաստանին, ու սա արվում է ի պատասխան ապրիլմեկյան այն հայտնի հայտարարությանը` Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ Պուտինն ասաց, որ ինքն ընկերներ ունի՝ հայ-ռուսական բարեկամության ջատագով, եւ ակնկալում է, որ նրանք կկարողանան քաղաքական պրոցեսներին մասնակցել: Սրանից հետո հալածանքներ սկսվեցին բոլորի հանդեպ, ու բանը հասավ կալանքի: Վստահ եմ, որ այս թեման քննարկվել է Պուտին- Փաշինյան հանդիպման ժամանակ: Ու երբ Փաշինյանը փորձում է Պուտինի հետ շանտաժի լեզվով խոսել, դա առնվազն ծիծաղելի է, որովհետեւ մի հատ տեսեք, թե ում հետ ով է փորձում շանտաժի լեզվով խոսել»:

Ռազմաբազայի հարցը բարձրացավ նաեւ, որովհետեւ ռուսները դա համարում են անձնական վիրավորանք: Մի բան հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել անվտանգ, բարեկեցիկ, իշխանությունը չի կարող Հայաստանում լինել հիմնավոր, Հայաստանն ամուր հիմքեր ունենա, եթե Ռուսաստանի հետ թշնամացած է: Ռուսաստանի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շատ հստակորեն հիմա երեւում է: Իրենք հիմա փորձում են այդ լեգիտիմությունը ստանալ, բայց մի բան է, երբ ռուսները դեռ քեզ հետ խոսում են ու պատրաստ են քեզ հետ խոսել նաեւ Մոսկվայում, սա դեռ չի նշանակում, որ քեզ ընդունում են որպես լեգիտիմ ղեկավար, եւ բոլորովին այլ է, երբ քեզ ընդունում են որպես լիարժեք լեգիտիմ ղեկավար: «2021-ին ռուսներն իսկապես Փաշինյանին ընդունում էին որպես լեգիտիմ ղեկավար, չնայած խախտումներ այն ժամանակ էլ էին եղել, բայց ոչ այս աստիճանի զարհուրելի մասշտաբների եւ լկտի ձեւերով: Դա իրեն արտաքին լեգիտիմություն էր հաղորդում, իսկ հիմա Հայաստանի նման երկրում իշխանությունը չի կարող լեգիտիմ լինել, եթե Մոսկվան լեգիտիմ չի համարում քեզ»,- շեշտեց Ջամալյանը:

Նրա կարծիքով, որքան էլ այս իշխանությունները փորձեն Հայաստանը խցկել կեղծ եվրաինտեգրման սխեմայի մեջ, միեւնույն է` այս ռեգիոնում վերջին խոսքը պատկանելու է Ռուսաստանին, եւ դու կա՛մ պետք է այդ հանգամանքը հաշվի առնելով պահպանես դաշինքդ Ռուսաստանի հետ ու փորձես ի շահ քո երկրի օգտագործել Ռուսաստանի վերադարձը ռեգիոն, եւ կա՛մ վերջին խոսքը, միեւնույն է, պատկանելու է Ռուսաստանին: Այսինքն, Հայաստանի իշխանությունն ուժեղ չի կարող լինել, եթե Ռուսաստանի հետ խնդիրներ կան: Իսկ Փաշինյանի՝ Ռուսաստանի հանդեպ բռնած կուրսը Ռուսաստանի հետ թշնամության մասին է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը հարայ-հրոց էր կապել, պարզվեց՝ Թևանյանի գործում լրտեսություն, հավաքագրում չկա. Սուքիասյան

Փաշինյանը հարայ-հրոց էր կապել, պարզվեց՝ Թևանյանի գործում լրտեսություն, հավաքագրում չկա. Սուքիասյան Tue, 08 Sep 2026…

6 րոպե ago

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում Tue, 08 Sep 2026 16:30:51 +0400…

14 րոպե ago

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Tue, 08 Sep 2026 16:19:36…

26 րոպե ago

#Ուղիղ․ Անդրանիկ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով առաջին նիստն է

#Ուղիղ․ Անդրանիկ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով առաջին նիստն է Tue, 08 Sep 2026 16:17:06…

28 րոպե ago

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին Tue, 08 Sep 2026 16:15:33 +0400 Հարգելի…

30 րոպե ago

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ Tue, 08 Sep 2026 16:00:24 +0400 Հունգարիայում 19 թիմերի 38 գերեզմանափոր…

45 րոպե ago