«Հրապարակ». Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել

«Հրապարակ». Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել

Wed, 09 Sep 2026 10:45:46 +0400


«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սկսել է շարժում՝ ընդդեմ ընտանեկան բռնության, ու այդ շարժումը քարոզում է ամեն հնարավոր միջոցներով, այդ թվում՝ հանրային: Սեպտեմբերի 7-ին նա հյուր էր գնացել Պետրոս Ղազարյանին, որն Աննայի շարժումը ներկայացրեց որպես երկրի կարեւորագույն իրադարձություն, թիվ մեկ օրակարգ:

Ինչպես հայտնի է, վարչապետի կինը պաշտոնապես հանդես է եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ եւ իր «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում առաջարկում է ընտանեկան բռնությունը ճանաչել որպես առանձին, ինքնուրույն հանցագործություն։ Նա նույնիսկ պատրաստակամ է հանդիպել ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների հետ, համոզել բոլորին, որ անպայման կողմ քվեարկեն փոփոխությանը:

«Իմ խնդրանքը՝ որ տարանջատել սովորենք քաղաքական հարցն այլ հարցերից, հարթակներ չփնտրենք նոր քաղաքական բանավեճի համար, մենք՝ ինքներս, մեզ գոնե մի անգամ կարողանանք ցույց տալ այլ դեմքով, որ պարտադիր չի, որ արհավիրք լինի, որ մենք համախմբվենք, կարող է այլ կարեւոր հարց լինի, որ մենք ապացուցենք, որ չենք կորցրել այդ որակը»,- ասում էր Աննան: Բայց, լավ, զինվենք համբերությամբ ու հետեւենք այս «սպիտակ օրակարգին»:

2025 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է ընտանեկան բռնության 1723 դեպք, ինչը 2024 թվականի համեմատ 27 տոկոսով ավելի է: Աննա Հակոբյանն այս վիճակագրությանը չի հավատում՝ ասելով, որ բռնությունը քողարկված երեւույթ է, մարդիկ դժվար են խոսում այդ մասին: Սրան ի հակակշիռ՝ նա իր «սեփական» վիճակագրությունն է բերում. «Իմ անձնական հետազոտությունը ցույց է տալիս, որ բռնության է ենթարկվել կանանց 99 տոկոսը: Բռնության ենթարկվում են տղամարդիկ նույնպես, տղամարդկանց 99 տոկոսը նույնպես ենթարկվում է բռնության»:

Անգամ մենք՝ մահկանացու լրագրողներս գիտենք, որ նման թիվ՝ 99 տոկոս, սոցիոլոգիայում գոյություն չունի: Թե որտեղից է վերցրել տիկին Աննան այդ թիվը, ինչ հետազոտություն է արել, ինչ մեթոդաբանությամբ՝ չասաց, բայց Պետրոսին հայտնեց, առանց անուններ նշելու, որ իր հետ միասին պրոֆեսիոնալ հոգեբանների խումբ է աշխատում, որոնց մեջ նույնիսկ գիտության ներկայացուցիչներ կան:
Այլ սենսացիոն մտքեր էլ հայտնեց նշված հարցազրույցում. «Մեր մշակույթը բռնության մշակույթ է, որը ցանցի մեջ է վերցնում բոլորին, ու շատ քչերն են կարողանում դուրս պրծնել այդ միջավայրից», «դա ընտանիքի գոյության մոդելն է, որով տատիկները դաստիարակել են ու շարունակում են դաստիարակել»։ Կամ եւս մեկ զգլխիչ ու գերօրիգինալ միտք․ «Երիտասարդ կինն ապավեն է ուզում գտնել տատիկի կամ մայրիկի մոտ ու լսում է՝ մենք դիմացել ենք, դու էլ պետք է դիմանաս»։ Եվ սա տիկին Աննան ասում է Պետրոսին ու բոլոր հեռուստադիտողներին՝ ուզբեկական խուլ աուլի բնակչի տեղ դնելով բոլորիս: Ակամայից ուզում ես հարցնել՝ ինչո՞ւ ես այդքան ատում տատիկներին, Աննա ջան, քո տատիկը քեզ ի՞նչ է արել, ինչպե՞ս է դաստիարակել, ի՞նչ վատ բան է սովորեցրել:

Պետրոսը չի հասկանում՝ բայց չէ՞ որ կանայք ծխում են, քաղաքականությամբ են զբաղվում, պաշտոններ ունեն, մի՞թե չկա փոփոխություն: Եվ, հավանաբար, մտքում իր կնոջը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին պահած՝ մտածում է, որ նա ամենեւին էլ նման չէ բռնության զոհի: Ու որպեսզի նման սխալ հարցադրումներ Պետրոսի գլխում չառաջանան, Աննա Հակոբյանը նրան դասախոսություն է կարդում բռնության թեմայով, թե դա առհասարակ ինչ է, ինչ ձեւեր ու ենթաձեւեր ունի, որ այն խախտում է անձի արժանապատվությունը, անվտանգությունը եւ այլն, եւ այլն, իր խոսքը համեմելով Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով:

Իհարկե, այդ բոլոր սահմանումները նա ընթերցում է համակարգչից, որն իր հետ տարել էր ստուդիա: Հո ամբողջը չէ՞ր կարող հիշել: «Որեւէ անձ իրավունք չունի որեւէ անձի հանդեպ բանեցնել իշխանություն, պատկերացնո՞ւմ եք»,- ասում էր Աննան Պետրոսին, կարծես նոր է դա հասկացել։ Վերջինս էլ երեւի մտածում էր՝ Աստված իմ, ե՞րբ է ավարտվելու այս եթերաժամը, եւ ի՞նչ հարց տամ, որ առարկություն չհամարվի, տիկնոջը չզայրացնի հանկարծ:

Իսկ մենք նկատենք՝ ընդամենը նախօրեին է ադրբեջանական զինուժը սահմանային նոր սադրանքների եւ առաջխաղացման փորձեր արել Կոռնիձորի հատվածում, թշնամու զորքերը շարունակում են օկուպացված պահել հայկական ռազմավարական բարձունքները Ջերմուկում, Սիսիանում, անվտանգային համակարգը բառացիորեն ճաքեր է տալիս, տնտեսությունը կանգնած է սպառնալից անորոշությունների, եթե չասենք՝ ճգնաժամի շեմին: Էս ամենը՝ հեչ, Աննայի ընտանեկան բռնությունը՝ մեջ:

«Բռնության մշակույթը չի կարող ծնել որեւէ առողջ բան»,- ասում է Աննան, ու, անկախ մեզնից, աչքներիս առաջ նրա ամուսնու «կզըցրած», ասֆալտին փռածներն են անցնում, Գագիկ Խաչատրյանն է` դատարանի աթոռներին պառկած, Գագիկ Ծառուկյանն է, որին նվաստացնելով բերման են ենթարկում, գեներալ Մանվելը՝ անթեւ շապիկով իր խցում նստած՝ հայացքը մի կետի: Այո, բռնության մշակույթը չի կարող ծնել որեւէ առողջ բան:

Աննան Պետրոսին պատմում է այն ամենը, ինչը որ լսել է խելոք մարդկանցից: «Կառավարությունը, պետական օղակները բռնության միջավայրը կրող են… Ինչո՞ւ է հանրային դաշտում իշխում բռնությունը, ոստիկանն ի՞նչ ասի, եթե իրա տատիկն իրան տենց ա դաստիարակել, եթե կրողն է այս մշակույթի, ու ոչ ոք չի կարող թպրտալ»,- ասում է Աննա Հակոբյանը՝ հանելով մեղքը Նիկոլի, նրան ենթակա իրավապահների վրայից: Նրանք մեղավոր չեն, մեղավոր են տատիկները, որոնք նրանց այդպես են դաստիարակել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանրաքվե ինչու չի անցկացնի

Հանրաքվե ինչու չի անցկացնի Wed, 09 Sep 2026 10:58:57 +0400 ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի…

15 րոպե ago

Համատեղ օպերացիա՞

Համատեղ օպերացիա՞ Wed, 09 Sep 2026 10:53:15 +0400 «Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները…

21 րոպե ago

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ Wed, 09 Sep 2026 10:36:04 +0400 Գրել էինք, որ Նիկոլ…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը Wed, 09 Sep 2026 10:25:34 +0400…

48 րոպե ago

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Wed, 09 Sep 2026 10:19:58 +0400 Սիրելի…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանցիներն իրենց նորմալ են պահում` էշի պես

«Հրապարակ»․ Ադրբեջանցիներն իրենց նորմալ են պահում` էշի պես Wed, 09 Sep 2026 10:15:32 +0400 Կոռնիձորով…

59 րոպե ago