Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել
Thu, 10 Sep 2026 13:30:53 +0400
Սև ծովում Օդեսայի նավահանգստից ոչ հեռու գտնվող տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է տեղի ունեցել Սոմալիի դրոշի ներքո նավարկող Mert Marine Corporation-ին պատկանող TEDY նավի վրա։
Նավում եղել է 10 մարդ՝ չորս ադրբեջանցի, երեք թուրք, երկու գերմանացի և մեկ ուկրաինացի։ «Աջակցություն Ադրբեջանի ծովագնացներին» հասարակական միավորման տվյալներով՝ նավը վնասվել է սկզբնական հարձակման ժամանակ։
Ավելի ուշ գիշեր, երբ վնասված նավը ուղևորվում էր դեպի Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ, այն կրկին հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։ Այս անգամ հետևանքներն ավելի ծանր են եղել։ Զոհվել են երկու ադրբեջանցի նավաստիներ՝ Ասլան Ալիևը և Ասիմ Կասիմովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նավում գտնվող ևս երկու Ադրբեջանի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Վիրավորները հոսպիտալացվել են Օդեսայի բժշկական հաստատություն, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ օգնությունը։