Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին

Thu, 10 Sep 2026 14:45:53 +0400


Գյուղատնտեսության խնդիր­ների մասին զրուցել եմ Լոռու մարզի գյուղերից մեկի նախկին գյուղատնտեսի հետ, որը զրույցից հետո խնդրեց անունը չհրապարակել։ Վերջին շրջանում, ցավոք, շատերն են խուսափում իրենց անունը հրապարակելուց. եթե մարդը նույնիսկ գյուղատնտեսության մասին իր մասնագիտական «անմեղ» կարծիքը հայտնելուց է զգուշանում, ինքնին մտածելու տեղիք է տալիս, թե ինչ ժամանակներում ենք ապրում:

– Այսօր ո՞րն է գյուղատնտեսության ամենամեծ խնդիրը, եւ ի՞նչ փոխեց գյուղնախարարության վերացումը։

– Ամենամեծ խնդիրը ես տեսնում եմ գյուղատնտեսության նկատմամբ պետական վերաբերմունքի մեջ։ Գյուղատնտեսությունը չի կարող հիշվել միայն այն ժամանակ, երբ բերքը լավ է, արտահանման մասին են խոսում, կամ պաշտոնյաները գալիս են գյուղ։ Գյուղացին ամեն օր իր խնդրի հետ է։ Նա պետք է իմանա՝ ինչ ցանի, ինչ սերմ օգտագործի, ինչ պարարտանյութով աշխատի, ինչպես պայքարի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ինչպես արտադրանքը հասցնի շուկա։ Դրա համար նրան գեղեցիկ ծրագիր չէ պետք, այլ՝ մասնագիտական, հասանելի եւ շարունակական աջակցություն։ Գյուղատնտեսությունը սովորական բիզնես չէ։ Եթե գործարանը կանգնեց, վաղը կարող է նորից աշխատել։ Գյուղացին այս տարի վատ, սխալ սերմ ցանեց կամ սխալ միջոց օգտագործեց՝ ամբողջ տարվա աշխատանքը կարող է կորչել։ Իսկ դրա հետեւանքը միայն մեկ ընտանիքի խնդիրը չէ, այլ երկրի պարենային անվտանգության հարց։ Գյուղնախարարության վերացմամբ այդ գործառույթները փոխանցվեցին էկոնոմիկայի նախարարությանը` թղթի վրա չվերացան, բայց ես հարց եմ տալիս՝ գյուղացին այդ պետական «ուշադրությունն» իր վրա իրականում ինչպե՞ս զգաց: Առանձին նախարարությունն ինքնանպատակ չէր։ Գյուղատնտեսությունը պետք է ունենա հստակ պետական պատասխանատվության կենտրոն։ Գյուղացին պետք է իմանա՝ իր մասնագիտական հարցով ում դիմի, ով է իրեն խորհուրդ տալու եւ, ամենակարեւորը` ով է պատասխան տալու, եթե պետական քաղաքականությունը չի աշխատում։

– Եթե Ձեզ հնարավորություն տրվեր կառավարությանը ներկայացնել մի քանի պահանջ, ի՞նչը կդնեիք առաջին տեղում։

– Առաջինը՝ գյուղացուն պետք է մասնագետ։ Ոչ թե Երեւանում նստած մասնագետ, այլ գյուղում հասանելի մարդ, որը գիտի համայնքի «ուղնուծուծը»՝ հողը, կլիման, մշակաբույսերը, գյուղացու հնարավորությունները։ Գյուղացին ամեն տարի չպետք է ինքնուրույն փորձի հասկանալ՝ ինչն է աշխատում, ինչը՝ ոչ։ Պետք է շատ խիստ վերահսկվի նաեւ այն ամենը, ինչը մտնում է գյուղատնտեսական շրջանառության մեջ՝ սերմ, պարարտանյութ, բույսերի պաշտպանության միջոցներ։ Գյուղացին հաճախ ընտրում է ոչ թե լավագույնը, այլ իր գրպանին հասանելին։ Եթե շուկայում անորակ կամ անհասկանալի ծագման միջոց կա, պետությունը չի կարող հետո ամբողջ մեղքը գյուղացու վրա բարդել։ Մյուս կարեւոր հարցը հողն է։ Պետք է իմանալ՝ ինչ վիճակում է հողը, ինչի կարիք ունի, ինչ մշակաբույսի համար է պիտանի։ Առանց հողի ուսումնասիրության եւ գիտական մոտեցման մենք հողից պահանջում ենք ավելին, քան կարող ենք նրան տալ։ Եվ ամենակարեւորը՝ գյուղացին պետք է զգա, որ պետությունն իր կողքին է ամբողջ տարվա ընթացքում, ոչ թե միայն ծրագրի ներկայացման կամ հաշվետվության ժամանակ։ Ես չեմ ասում, թե բոլոր խնդիրների լուծումը գյուղնախարարությունը վերաբացելն է։ Ասում եմ՝ գյուղատնտեսությունը պետք է ունենա այնպիսի պետական կառավարման կենտրոն, որը պատասխանատու լինի այդ ոլորտի հաջողության ու ձախողման համար։ Այսօր շատ բան բաժանված է տարբեր կառույցների միջեւ։ Իսկ երբ պատասխանատվությունը ցրված է, պարզվում է՝ խնդրի համար պատասխանատու կա, բայց պատասխան տվող չկա։ Հողի մարդն ուզում է մի պարզ բան՝ աշխատել, բերք ստանալ եւ իր աշխատանքով ապրել։ Պետության խնդիրն էլ պետք է լինի այդ աշխատանքի համար նորմալ պայմաններ ստեղծելը։

– 2019-ին, Փաշինյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխություններով, գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունները միաձուլվեցին՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն։ Դա ներկայացնում էին պետական կառավարման արդյունավետության բարձրացման եւ կրկնվող գործառույթների օպտիմալացման տրամաբանությամբ։ Օրենքն ԱԺ-ն ընդունեց 2019 թ. մայիսի 8-ին՝ 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Գյուղացին շահե՞ց այդ փոփոխությունից։

– Ոչ, իհարկե: Ախր հո պատահական չէ՞, որ այսօր մի շարք զարգացած երկրներ գյուղատնտեսությունը պահում են առանձին պետական կառավարման բարձր մակարդակում։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում գյուղնախարարություններն ունեն նաեւ տարածաշրջանային ծառայություններ եւ պատասխանատու են ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ սննդի անվտանգության, կենդանիների ու բույսերի առողջության, գյուղատնտեսական կրթության եւ հետազոտության ուղղությունների համար։ Հարցն ավելի խորն է՝ արդյո՞ք այդպիսի կարեւոր եւ առանձնահատուկ ոլորտը պետք է ունենա իր քաղաքականության համար առանձին, բարձր մակարդակի պետական կենտրոն, թե՞ բավական է այն տեղավորել էկոնոմիկայի նախարարության ներսում։ Եթե գյուղացին այսօր չգիտի՝ իր հողի, բերքի, հիվանդության, սերմի կամ արտադրանքի իրացման հարցով ում դուռը թակի, ուրեմն պետական համակարգում ինչ-որ բան ճիշտ չի աշխատում։ Գյուղացին հողը չի մշակում «կառուցվածքային օպտիմալացման» համար։ Նա ցանում է, որովհետեւ պետք է բերք ստանա, վաճառի, վարկը փակի, ընտանիքը պահի եւ հաջորդ տարի նորից դաշտ մտնի։ Ոչ մի գյուղացի հաշվետվություն չի «ուտում»։ Ոչ մի հաշվետվություն հողի մշակի գործը չի անում: Գյուղի աշխատավորն է միայն, որ հաց է աճեցնում, գյուղբարիք ստեղծում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Sun, 04 Oct 2026 10:00:14 +0400 Իրանագետ…

16 րոպե ago

Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը

Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Sun, 04 Oct 2026 09:45:16 +0400 Հրապարակվել…

31 րոպե ago

Կիևում դիվանագետներն ավելի հաճախ են սկսել քննարկել, թե ինչպես են ձմռանը փախչելու

Կիևում դիվանագետներն ավելի հաճախ են սկսել քննարկել, թե ինչպես են ձմռանը փախչելու Sun, 04 Oct…

45 րոպե ago

Հոկտեմբերի 5-ին և 6-ին լույսչի լինի այս հասցեներում

Հոկտեմբերի 5-ին և 6-ին լույսչի լինի այս հասցեներում Sun, 04 Oct 2026 09:15:35 +0400 «Հայաստանի…

1 ժամ ago

Պայթեցվեց խաղաղության միֆը

Պայթեցվեց խաղաղության միֆը Sun, 04 Oct 2026 09:00:58 +0400 Մեր հանրության մեջ հաստատված կայուն շփոթն…

1 ժամ ago

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության Sat, 03 Oct 2026 23:45:31 +0400 Լատվիացի իրավապահները հարցաքննել են…

11 ժամ ago