Փաշինյանի գլխին մութ ամպեր են կուտակվում
Thu, 10 Sep 2026 18:45:30 +0400
Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գլխին ամպերը մեկ օրում չեն կուտակվել։ Փաշինյանը վստահ է՝ պատճառն «ուրիշներն» են, եւ շարունակում է հաթաթաներ տալ, ով համաձայն չէ իր հետ՝ իր դեմ է, ով իր դեմ է՝ երկրի դեմ է։ Իսկ ամպերը շարունակում են խտանալ։
ՀՀ դատախազության տվյալներով՝ ընտրություններին առնչվող հանցագործությունների մասին 423 հաղորդում են ստացել եւ 332 վարույթ նախաձեռնել, 391 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Քաղաքական հակառակորդների նկատմամբ քրեական գործընթացները մեզանում սովորական են դարձել:
Հակամարտության մյուս թիրախը Եկեղեցին է։ Այստեղ եւս հակադրությունը վաղուց անցել է քաղաքական բանավեճի սահմանները։ Մի կողմում իշխանությունն է՝ իր պատկերացումներով պետականության, եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ հանրային կարգի մասին, մյուսում՝ հասարակության այն հատվածը, որը Եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքը հարված է համարում ազգային ինքնության եւ ավանդույթի դեմ։ Հաջորդը խոշոր բիզնեսի, գործարարների ճամբարն է, որը եւս հայտնվել է Փաշինյանի թիրախում:
Մյուս կոնֆլիկտը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են` արտաքին քաղաքական նոր ուղղությունների, հին տնտեսական կապերի, անվտանգության հարցերի ոլորտը, որտեղ եւս բախումների ու ճգնաժամային իրավիճակ է։
Հետո գալիս է Հայաստանի սահմանների եւ տարածքների հարցը` օգոստոսի 20-ին Փաշինյանն անոնսեց Տիգրանաշենի հանձնումը` այն Քյարքի կոչելով, բայց որեւէ փաստաթուղթ, քարտեզ, իրավական հիմք չներկայացնելով եւ չպարզաբանելով, թե ինչ է լինելու մարդկանց, ճանապարհների, անվտանգության եւ ՀՀ տարածքային ամբողջականության հետ։
Մյուս հարցը հանրության պառակտվածության, «սեւերի» ու «սպիտակների» բաժանման խնդիրն է։ Հանրությունը հոգնել է այն իշխանությունից, որը սեփական քաղաքացիների հետ երբեմն ավելի կոշտ է խոսում, քան երկրի թշնամիների հետ: Իշխանությունը կարող է ունենալ խորհրդարանական մեծամասնություն, ոստիկանություն, վարչական եւ օրենսդրական լծակներ, կարող է սիրաշահել ընտրազանգվածին` բարձրացնել աշխատավարձեր, թոշակներ, բայց ոչ մի իշխանություն չի կարող թոշակով կամ աշխատավարձով գնել մարդկանց վստահությունը։ Ոչ մի վարչապետ չի կարող իր անձնական քաղաքական ճակատագիրը նույնացնել Հայաստանի ճակատագրի հետ։ Բայց նա համառորեն կանգ չի առնում։ Քանի՞ մարդ է այսօր իր կողքին ոչ թե պաշտոնի, շահի կամ քաղաքական հաշվարկի պատճառով, այլ այն բանի համար, որ անկեղծորեն հավատում է իրեն։ Իսկ ամենամեծ սխալը սխալվելուց հետո կանգ չառնելն է։
Փաշինյանի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Դրանք ոչ ոք հատուկ չի հավաքում։ Դրանք ինքն է կուտակում, երբ իրավական գործընթացը դառնում է քաղաքական վրեժ, ընտրական հաղթանակը` ապօրինությունների շղարշ: Այսօր գլխավոր հարցն այն չէ՝ Փաշինյանը կհեռանա՞, այլ՝ այն, թե ինչպես կհեռանա։ Հայաստանին պետք չէ ցնցում, պետք չէ նոր հեղափոխություն, պետք է իշխանության խաղաղ, սահմանադրական եւ օրինական փոփոխություն։ Եթե իշխանությունը տարիներ շարունակ սխալներ, հակասություններ, անվստահություն եւ քաղաքական փակուղիներ է ստեղծում, ապա այդ հարթակը պետք է մաքրվի։ Նիկոլ Փաշինյան, գուցե եկել է ոչ թե հերթական հակառակորդին լռեցնելու, այլ սեփական քայլերի քաղաքական հետեւանքների համար պատասխան տալու եւ մի կողմ քաշվելու ժամանակը։