«Հրապարակ». Կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է անհապաղ փոխվեն

«Հրապարակ». Կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է անհապաղ փոխվեն

Fri, 11 Sep 2026 09:15:31 +0400


Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում, նրանք զիջում են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի աշակերտներին։ Խոսքը մասնավորապես 15 տարեկանների մասին է։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) PISA 2025 (Programme for International Student Assessment) ուսումնասիրել է աշակերտների գրագիտությունը մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից։ Հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760 հազար աշակերտ։ Ողջ աշխարհում վիճակն առանձնապես լավ չէ, սակայն մեզ մտահոգում է ՀՀ-ում տիրող իրավիճակը։ Զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ:

– Հայաստանը, PISA 2025 հետազոտության համաձայն, 15 տարեկանների գրագիտության եւ կրթվածության առումով, վերջից երրորդ տեղում է: Այս տվյալները մեծ աղմուկ են առաջացրել, եւ շատերը կարծում են, որ Հայաստանում կրթության ոլորտը ծանր վիճակում է: Ձեր կարծիքով` այս հետազոտություններն ինչի՞ մասին են վկայում, եւ ո՞վ է այս վիճակի պատասխանատուն:

– Հայաստանում կրթության որակը շատ ցածր է, եւ դա նորություն չէ, որովհետեւ այդ մասին բարձրաձայնում ենք արդեն քանի տարի: Նույնիսկ սրանից 5-6 տարի առաջ, երբ այսօրվա 15 տարեկանները 9-10 տարեկան էին, կրկին հետազոտություն էր կատարվել, եւ այդ ժամանակ ցուցանիշները ցույց էին տվել, որ անգրագիտության մակարդակը 10 տարեկանների շրջանում հասնում էր մեկ երրորդի, ինչը կազմում էր 33 տոկոս: Այսինքն` 10 տարեկան երեխաներից մեկ երրորդը դեռ այն ժամանակ կարդացածի իմաստը չէր հասկանում, եթե անգամ գիտեր տառերը, այժմ այդ նույն երեխաները դարձել են 15 տարեկան, եւ նրանց անգրագիտության աստիճանը կրկնապատկվել է: Ընթերցանությունից դրական գնահատական է ստացել 15 տարեկանների 19 տոկոսը: Դա նշանակում է, որ 15 տարեկանների 81 տոկոսը չի կարողանում իր կարդացած տեքստը վերարտադրել, հասկանալ դրա իմաստը եւ այն վերլուծել:

– Ի՞նչ խնդիր է սա: ԿԳՄՍ նախարարությունը, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ է տարածում եւ որպես արդարացում ասում է, որ հետազոտված աշակերտները հին չափորոշիչներով են կրթվել, եւ դա է այս ցուցանիշի պատճառը: Չափորոշիչները կապ ունե՞ն այստեղ:

– Միանշանակ, կապ չունեն չափորոշիչները: Սրանից 10 տարի, 15 տարի եւ 20 տարի առաջ էլ այդ հին չափորոշիչներով են կատարվել հետազոտությունները, սակայն երբեք վիճակն այսքան վատ չի եղել, ավելին` հարեւան երկրների հետ համադրելի էր, համադրելի էր ԽՍՀՄ նախկին երկրների հետ եւ այլն: Հիմա իրավիճակն աղետալի է, իսկ հիմնական պատճառը որոշումների սխալ կայացումն է եւ բարեփոխումների սխալ ուղղությունը: Ասում են` բարեփոխումները ճիշտ ուղու վրա են, սակայն նրանց պետք է հարցնել` արդյո՞ք չափել եք այդ բարեփոխումների արդյունքը: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է փոխվեն, այդ մարդիկ կոմպետենտ չեն, չունեն հետագիծ եւ ուղի` կրթության ոլորտում:

– Օրինակ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոխտնօրենը մեզ հետ զրույցում ասում է, որ միջազգային հետազոտություններին պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, որ մեր երեխաները գրագետ են, որ մեծահասակները պետք է իրենց վրա աշխատեն, այլ ոչ թե երեխաները:

– Կրթության տեսչությունը տարբեր տարիներին կատարել է ստուգումներ, հետազոտություններ, իսկ արդյունքը մշտապես եղել է մտահոգիչ, նախորդ տարիներին էլ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ Համաշխարհային բանկը կատարեցին հետազոտություններ, եւ էլի Հայաստանի հետընթացի մասին խոսվեց` կրթության որակի առումով: Այո, կան նաեւ լավ երեխաներ, ոչ ոք չի ասում, որ խելացի երեխաներ չկան, կան, պարզապես կազմում են 1 տոկոս, իսկ Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, երբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունն անգրագետ է: Այդ անգրագետ կադրերը չեն կարողանալու արդարացնել իրենց հետագայում, իսկ լավ սովորողների գերակշիռ մեծամասնությունը, ցավոք, հեռանում է Հայաստանից:

– Ինչպե՞ս են PISA-ի հետազոտությունները կատարվում:

– Հատուկ մշակված մեթոդաբանություն է: Առաջարկում են նույնատիպ խնդիրներ` բոլոր երկրների նույն տարիքի երեխաներին, նույն հարցերն են տալիս բնագիտությունից, մաթեմատիկայից, լեզուներից եւ այլն, որպեսզի ստուգեն դրանց կիրառելիության մակարդակը: Երեխաները պետք է հասկանան դրանք, վերլուծեն, ընդ որում` խնդիրները լրիվ նույնն են` Հայաստանում էլ, Չինաստանում էլ, բայց Չինաստանում երեխան գերազանց արդյունքներ է արձանագրում, 50 տոկոսից ավելին ունի գերազանց ցուցանիշներ, իսկ Հայաստանում մեկ տոկոսն է հաղթահարում շեմը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության Sat, 03 Oct 2026 23:45:31 +0400 Լատվիացի իրավապահները հարցաքննել են…

7 ժամ ago

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ Sat, 03 Oct 2026 23:41:30 +0400 Սոցփաթեթների…

7 ժամ ago

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Sat, 03 Oct 2026 23:37:08…

7 ժամ ago

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400…

7 ժամ ago

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել Sat, 03 Oct 2026 23:23:03 +0400 Այնթապի թիվ 1 դպրոցի…

7 ժամ ago

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում Sat, 03 Oct 2026 23:15:19 +0400 Ֆուտբոլի…

7 ժամ ago