«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում

Fri, 11 Sep 2026 12:45:35 +0400


Հարցազրույց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, պատմաբան Սուսաննա Մելիքյանի հետ

– Հետեւո՞ւմ եք նոր ԱԺ-ի աշխատանքներին, ի՞նչ տպավորություն ունեք:

– Նախ ուզում եմ ողջունել մեր ժողովրդին՝ այս ընտրություններում տարած դե ֆակտո հաղթանակի կապակցությամբ. չնայած բազում խոչընդոտներին (պաշտոնական-պետական կաշառք, բնակչության ահաբեկում, մասսայական սպառնալիքներ, արտաքին միջամտություն, քաղաքական ձերբակալություններ), այնուամենայնիվ, ընտրողների մեծ մասը փաստացի իր քվեն տվեց հավաքական ընդդիմությանը (600 հազարից ավելի ձայն), եւ միայն խափանման, ընտրակեղծարարության ու ձայնագողության (ԲՀԿ-ի 60 հազար քվեի) շնորհիվ ՔՊ-ն արձանագրեց դե յուրե «հաղթանակ»… Ողջունում եմ նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անձնազոհ քայլը, որ վերցրին իրենց նետված անհավասար պայքարի ձեռնոց-մանդատները, եւ ցանկանում եմ նրանց ամուր նյարդեր ու առողջություն` նման տոքսիկ միջավայրում դիմակայելու համար: Մեծ ակնկալիքներ չունեմ այս ոչ լեգիտիմ խորհրդարանից, սակայն արձանագրենք, որ այն, այնուամենայնիվ, ներկայացնում է մեր հասարակության ընդհանուր պատկերը՝ մի կողմում կայացած, ադեկվատ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող ընդդիմություն, մյուս կողմում՝քաղաքակրթությունից դուրս մնացած, ոչ ադեկվատ, որեւէ կարմիր գիծ չունեցող, նյութապաշտ, «կոսմոպոլիտ» իշխանություն…
Հուսանք, որ ընդդիմությունն աննախադեպ ընտրակեղծարարության ու բռնաճնշումների արդյունքում առաջացած շոկից դուրս կգա ու միասնական ջանքերով կհեռացնի այս ազգակործան պատուհասներին: Ընդհանրապես, ընդդիմության, հատկապես՝ «Ուժեղ Հայաստանի» նորամուտը զարմացրեց, ումից, եթե անկեղծ` մեծ սպասելիքներ չունեինք, բայց ուրույն ձեռագիր է գծագրվում եւ փորձառու «Հայաստան» դաշինքին իր համառությամբ չզիջելու պահվածք: Ինչ վերաբերում է ԱԺ-ում կատարվածին, ապա նշեմ` կեղծ է այն թեզը, թե 8-րդ գումարման ԱԺ-ն ուներ ավելի ցածր վարկանիշ՝ իբր ընդդիմությամբ պայմանավորված: Թե՛ 8-րդ, թե՛ 9-րդ գումարման ԱԺ-ի վարկանիշն իջեցնում է նույն քաղաքական ուժը՝ ՔՊ-ն՝ իր գրեթե անփոփոխ կազմով: Իսկ ընդդիմությունն այդ շրջանում 3 համաժողովրդական շարժում է գեներացրել եւ չի մասնակցել որեւէ ապազգային որոշման կայացմանը: Նրա հասցեին ֆեյքերի վայրահաչոցները եւ առանձին խումբ «հիասթափվածների» փնթփնթոցները մտացածին ու չափազանցված են:

– Բայց իշխող ուժը հանդես եկավ բարեկրթության-բարեվարքության առաջարկով, որ զրոյական կետից սկսենք նոր ԱԺ-ի աշխատանքը։

– Սա շատ տարօրինակ առաջարկ էր, հատկապես՝ մի ուժի կողմից, որը ոչ միայն չի փայլել իր բարեկրթությամբ ու բարեվարքությամբ, այլեւ չի գիտակցում, որ նշված հատկանիշները գենետիկ ծագում ունեն եւ բնական դաստիարակության արդյունք են: Այն կա՛մ կա, կա՛մ չկա: Չի կարող մեծախոս մատնաչափիկը, մահացածի հետեւից վայրահաչողը, որեւէ վաստակ չունեցող լոճոբերանը, ազգային խորհրդանիշները չհարգողը բարեկիրթ լինել: Իսկ ԱԺ փոխխոսնակների վերակացուի պահվածքը, պատգամավորին սաստելու տոնը, անմակարդակ խոսույթը, անհարկի արտահերթ ելույթներն ու ընդդիմախոսների ելույթները շարունակ մեկնաբանելու մոլուցքը չպետք է տեղավորվեն բարեկրթության սահմաններում: Ինչ վերաբերում է քննարկումների բովանդակությանը, նկատում եմ, որ ընդդիմությանը մեծ դժվարությամբ է հաջողվում ՔՊ ֆրակցիային բերել բովանդակային դաշտ. առաջինները խոսում են ազգային օրակարգերից՝ ինքնությունից, անվտանգությունից, գերիներից, տնտեսական մոդելներից, դիվերսիֆիկացիայից, ժողովրդավարական արժեքներից, քաղբանտարկյալներից, սեփականության իրավունքի պաշտպանությունից, օրենքի գերակայությունից, Արցախից ու Տիգրանաշենից, երկրորդները կառչում են նրանց ելույթներից, նախկինների հետ փոխկապվածությունից. բա որ դուք էսպես, դուք էնպես… հին մեռելներ են հանում ու նորից թաղում: Կարծես ընդդիմությունը մեղավոր է, որ իրենք կապեր, ընտանիք, ծագում, հայրենիք չունեն: Եվ այդ ամենը՝ անմակարդակ, ցածրաճաշակ խոսույթով, պիտակավորելով, հակասական դատողություններով:

– Իսկ ի՞նչ է հատկապես տպավորվել այս «եթերաշրջանից»:

– Անդրադառնամ «Հայրենիքը պետությունն է» թեզին, որը ՔՊ-ի գաղափարախոսության առանցքն է դարձել: Աշխարհի շատ ժողովուրդների, այդ թվում՝ հայոց պատմությունը փաստում է, որ հայրենիքը կամ նախահայրենիքը մեկն է, իսկ պետականությունները՝ տարբեր: Հայրենիքը տվյալ ժողովրդի ծագման, ձեւավորման տարածքն է, որտեղ ապրել են իր նախնիները եւ կերտել պատմություն ու մշակույթ: Ժողովուրդների մի մասն իր պետությունը կերտել է իր հայրենիքի տարածքում, մի մասը՝ հայրենիքից դուրս, եւ շատ հաճախ հայրենիքի ու պետության տարածքները չեն համընկել. մեկը մյուսից մեծ է եղել կամ փոքր: Հայերս, այս առումով, բացառիկ ենք ոչ միայն նրանով, որ մեր հայրենիքն ու նախահայրենիքն են համընկել, այլեւ մեր ավելի քան 5-հազարամյա պատմության մեջ կերտել ենք 12 պետականություն, որոնցից 11-ը՝ բուն հայրենիքում, մեկը՝ նրա սահմաններից դուրս: Երբեք, անգամ հայոց հզոր պետականություն կերտած արքաները՝ Սարդուր 2-րդը, Տիգրան Մեծը, Լեւոն Մեծագործը, չեն շփոթել հայրենիքը պետության հետ ու չեն ունեցել նման գաղափարախոսություն: Նշված նարատիվն ամերիկյան, ռուսական, թուրքական կայսրապետությունների թեզն է, որոնք իրենց պետականությունը ստեղծել են նաեւ այլոց հայրենիքների տարածքում: Օրինակ, ո՞վ կասի՝ այսօրվա ամերիկացու հայրենիքը ո՞րն է. այդ երկրի քաղաքացիները, որպես էթնիկ միավոր, չունեն սեփական միասնական հայրենիք. ավելին` իրենց պետությունը ստեղծել են ուրիշի հայրենիքի տարածքում, հետեւապես, «Հայրենիքը պետությունն է» գաղափարախոսությունը գերտերության գաղափարախոսություն է, այն պետությունների, որոնք այլոց հայրենիքներն են զավթել, եւ այդ տարածքները շատ ավելի մեծ են, քան իրենց սեփական հայրենիքը: Ի տարբերություն ամերիկացու, թե՛ անհատ հայի, թե՛ հավաքական հայի հայրենիքն ու նախահայրենիքը Հայքն է կամ Հայաստանը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի տարածքում:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց ադրբեջանական «Սաբահ»-ին

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց ադրբեջանական «Սաբահ»-ին Fri, 11 Sep 2026 13:30:56 +0400 Բաքվի «Սաբահ»-ը ՈՒԵՖԱ-ի…

7 րոպե ago

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել Fri, 11 Sep 2026 13:15:40 +0400 Թումանյանն…

22 րոպե ago

Հինգ տարով ռեկտոր ընտրվեց

Հինգ տարով ռեկտոր ընտրվեց Fri, 11 Sep 2026 13:04:37 +0400 «Հրապարակը» տեղեկացավ, որ քիչ առաջ…

33 րոպե ago

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում Fri, 11 Sep…

37 րոպե ago

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին Fri, 11 Sep 2026 12:30:19 +0400…

1 ժամ ago

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել Fri, 11 Sep…

1 ժամ ago