Հայկի դեմ անում են այն, ինչ իմ դեմ արեցին
Sat, 12 Sep 2026 16:45:06 +0400
ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ուրբաթ օրը հայտարարեց վարչապետն ու նախանշեց այդ գործի ելքը՝ բանտում պետք է մարդ հայտնվի: ՔՊ-ական Հայկ Սարգսյանը օրերս «Տետ ա տետ» հաղորդման ընթացքում քննադատել էր նախկին թիմակիցներին՝ ակնարկելով, որ իրեն մեկուսացրել են թիմից՝ հովանավորչության հետ կապված խնդիրները կուսակցության ներսում բարձրաձայնելու համար:
Սարգսյանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատից էր, 2018-ի հեղափոխության առաջին շարքերում, տևական ժամանակ է՝ լարված հարաբերություններ ունի կուսակիցների հետ: Հրապարակային տարբեր հարցազրույցներում պատճառներից ոչ այնքան բաց, սակայն խոսել է: Վերջին հարցազրույցում արձագանքելով հաղորդավարի հարցին, թե ինչն իրեն չներեց Նիկոլ Փաշինյանը, որ դուրս մնաց ՔՊ ընտրական ցուցակից, Սարգսյանը որոշ փակագծեր է բացել:
Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականին կուսակցությունում ընդունված էր փակ ձևաչափով ինքնաքննադատական ելույթներ ունենալ։ Հենց այդ փուլում ինքն էլ որոշել է ներկուսակցական հարթակում բարձրաձայնել մի շարք խնդիրներ, ինչն էլ, Սարգսյանի պնդմամբ, դարձել է իրեն մեկուսացնելու մեկնարկային կետը։ Վարչապետն այսօր Հայկ Սարգսյանի դիրքավորումը որակեց «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։ Կոշտ հակադարձելով Սարգսյանի պնդումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատգամավորի և ՔՊ-ի հարաբերությունները լարվել են բոլորովին այլ պատճառով: Ըստ վարչապետի՝ հենց Սարգսյանն է փորձել օգտագործել իշխանական լծակները՝ արտոնյալ կարգավիճակ ստանալու համար։ Եթե պատգամավորը պնդում էր, թե ինքն է մտահոգված եղել ավազի ապօրինի հանքերի շահագործմամբ, Փաշինյանը հենց նրան մեղադրեց դրանում։
Փաշինյանն ասաց, որ Սարգսյանը որոշել էր օլիգարխ դառնալ, և ինքը դա կանխել է: Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանին ուղղված Փաշինյանի մեղադրանքներին, նկատեց. «Ներկայիս իշխանությունն 9-ը տարի է խոսում է նախկինում արված թալանից, և դա պատահական չէ: Երբ մարդկանց մոտ անվերջ խոսում են թալանի մասին, երբ մարդկանց ներշնչում են, որ ձեզանից թալանել են, մարդիկ ներկան սկսում են թաց թողնել, անվերջ մտածելով անցյալի մասին: Մեր ժողովրդի մի ստվար զանգված այսօրվա թալանը չի տեսնում: Այն, որ իրենց երեխաները այսօր սոված են մնում նույն Տիգրան Ավինյանի, և մյուսների պատճառով, դա նորմալ է, բայց, որ 20 տարի առաջ Քոչարյանի պատճառով են սոված մնացել, դա մինչ օրս հիշում են: Սա լավագույն տարբերակն է ժողովրդին անվերջ խաբելու համար: Հավանաբար կհիշեք՝ երբ ես դուրս եկա իշխանական թիմից, առաջին բանը, որ իմ մասին տարածեցին, դա այն էր, որ իմ հաշվին 1 միլիոն դոլար է հայտնվել: Իբրև թե ես այդ գումարը վերցրել էի ինչ-որ մեկից: Այդ ճանապարհով իմ դեմ էլ փորձեցին նեգատիվ տարածել: Հիմա նույն բանն անում են Հայկ Սարգսյանի դեմ: Մարդիկ մտածում են, որ եթե մյուսները փող ունեն, իսկ իրենք չունեն, ուրեմն թալանով են հարստացել՝ իրենց չունենալու հետևանքով: Մարդկանց ներշնչում են, որ բիզնեսով զբաղվող մարդը պարտադիր թալան է անում: Այն, որ գյուղացին մի կոպեկ հարկ չի վճարում պետությանը, դա ոչինչ, բայց այդ նույն գյուղացին կարծում է, որ իրենից թալանել են: Հայկի դեմ անում են այն, ինչ իմ դեմ արեցին: Ասում են Շորժայի ափին հանգստյան գոտի ունի, բայց ի՞նչ վատ բան կա այդտեղ: Շորժայի ափին հանգստացող մարդիկ մեզ չեն խանգարում, բայց այ խաղամոլությունը շատ է խանգարում մարդկանց»: