Պուտինին շանտաժի ենթարկելու փորձեր՝ հանդիպումից առաջ
Thu, 17 Sep 2026 18:15:18 +0400
Երկաթուղու կոնցեսիան Ռուսաստանից դեռ չխլած՝ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ աչքը տնկել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա: Այն, ինչն աշխատում է, այն, ինչն փող եւ եկամուտ է բերում, չի վրիպում Փաշինյանի աչքից, եւ նա ուզում է դա իրենով անել՝ պետականացնելու անվան տակ: Ձեռքի հետ էլ ՌԴ նախագահին ասում է` եթե գազը թանկացնես, մենք էլ «Գազպրոմ Արմենիան» ձեզնից կխլենք: Իսկապես՝ հզոր է եւ անվախ, միայն թե՝ խոսքով, ոչ գործով:
Օրերս Փաշինյանն անդրադարձել էր «Գազպրոմ Արմենիային», այն հեռանկարով, որ Ռուսաստանը կարող է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը, այն համապատասխանեցնել միջազգային շուկայական գներին: «Գիտեք, Հայաստանում գազը էժան չի, սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում: Իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն ա, մեծ շահույթներ ա ստանում»: Իրականում, Հայաստանում սպառվող գազն էժան է, թե թանկ՝ հնարավոր է որոշել միայն համեմատության մեջ․ շարքային սպառողներին գազը վաճառվում է 147 դրամով` 1 խորանարդի համար, մոտ 400 դոլար` հազար խորանարդի համար, ջերմատների համար անհամեմատ ավելի էժան է` նոյեմբերի 1-ից մարտի 31-ը 240 դոլարին համարժեք դրամ, ինչի շնորհիվ նույնիսկ Հայաստանի ցուրտ շրջաններում հարյուրավոր ջերմատնային տնտեսություններ են կառուցվել եւ գործում: Հիմա համեմատեք 400 դոլարը միջազգային գնի` 900 դոլարի հետ, ընդ որում, սա մեծածախ գինն է, որը սպառողին հասնելու դեպքում անհամեմատ ավելանալու է: Ինչ վերաբերում է նրան, որ սահմանին գազը Հայաստանին վաճառվում է 165 դոլարով, իսկ վերջնական սպառողին հասնում է 400 դոլարով, Փաշինյանը պետք է իմանա, որ այդ գինը հաստատվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որը պետական մարմին է, ենթարկվում է իրեն, եւ եթե ՀՀ իշխանությունը համաձայն չէ այդ գնի հետ, ՀԾԿՀ-ն կարող է վիճարկել այդ գինը: Բայց չի անում, քանի որ գազի գնի իջեցումը վնաս է նաեւ իշխանությանը, դրանից պետական բյուջե մտնող գումարն էականորեն նվազելու է: Բայց Փաշինյանը, լինելով մեծագույն դեմագոգ, ուզում է ցույց տալ, թե ինքն իբրեւ թե մտահոգված է հանրության շահերով, իբրեւ թե կուզեր, որ գազն ավելի էժան լիներ, քան կա:
Շարունակելով Ռուսաստանին ուղղված շանտաժը՝ նա ասում է. «Ես ասել եմ` բոլոր ոլորտներում, էդպիսի ոլորտ չկա, որ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի, մեր քաղաքական որոշումն էն ա, որ մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք: Եթե նման իրավիճակներ լինի` թանկացնելու, մենք էլ կնայենք` ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչեւ հիմա ձրի ա, դրանից հետո կարա համամասնորեն գին առաջանա: Անկախ ամեն ինչից, թանկանա-չթանկանա, մենք դիվերսիֆիկացնելու ենք, եթե կա հնարավորություն` երկրորդ տեղից բերել գազ կամ երկրորդ տեղից բերել ավելի շատ, մենք գնալու ենք էդ ճանապարհով, եթե կա հնարավորություն` երրորդ տեղից բերել, գնալու ենք էդ ճանապարհով, եթե կա հնարավորություն՝ չորրորդ տեղից բերել, մենք էդ ճանապարհով էլ ենք գնալու: Եթե կա հնարավորություն, որ ԹՐԻՓՓ-ով գազամուղ անցնի Հայաստանով, որ մենք տրանզիտային վճարներ ստանանք, էդ ճանապարհով էլ կարող ենք գնալ»: 9 տարի իշխանության լինելով, ինչո՞ւ չեն դիվերսիֆիկացրել, կամ՝ այդ ո՞ր երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղից պետք է բերեն` Քաթարի՞ց, Ալժիրից, թե՞ Թուրքմենստանից` օդո՞վ, թե՞ ծովերով: Գուցե Իրանի՞ց: Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա չի բերել, ո՞վ է խանգարել` չլինի՞ Ռուսաստանը, թե՞ վերադասն է արգելել՝ Իրանի հետ էներգակիրների առեւտուր անել: Կամ՝ ի՞նչն է թանկացնելու, կամ էլ՝ ի՞նչն է ձրի, որ վճարովի է դարձնելու: Երեւի ռուսական ռազմաբազայից է վճար ուզելու, բայց ՌԴ նախագահն արդեն ասել է, որ հենց վաղը կարող են բազան հանել Գյումրիից: Բայց այդ դեպքում Փաշինյանն իշխանություն չի ունենա` Թուրքիան հենց հաջորդ օրը նրան կազատի աշխատանքից եւ նրա փոխարեն կնշանակի ՔՊ-ական Մարիա Կարապետյանին, Փաշինյանին էլ կնշանակի Կարապետյանի օգնականի վարորդ: Փաշինյանը սա գիտի, դրա համար էլ բազան Հայաստանից հանելու մասին խոսում է, բայց չի դիմում: Գուցե մտածում է, որ Ռուսաստանն իրեն վարչապետի պաշտոնում պահելու համար մի հատ էլ իրեն պետք է վճարի:
Փաշինյանը նման հրապարակային շանտաժով պատրաստվում է ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպմանը, որտեղ կարող է բարձրացվել նաեւ գազի գնի փոփոխության հարցը: Նա ոչ միայն ինքն է խոսում, այլեւ իր շրջապատին է քսի տալիս Ռուսաստանի դեմ, թե` եթե հանկարծ գազի գինը բարձրացնեք, «Գազպրոմը» տանելու ենք ձեռքներիցդ, Գագիկ Ծառուկյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Խաչատրյանից լավը չլինեք, «Գազպրոմ Արմենիայի» համը բերաններումդ կմնա: Ահա թե ինչ է ասում նիկոլական գրեթե «հազարամյա քարոզիչ» Հայկ Գեւորգյանը. «Կա ռուսական գազ` կա «Գազպրոմ Արմենիա», չկա ռուսական գազ` չկա «Գազպրոմ Արմենիա», ժամերի հարց է` լիցենզիայից զրկվում ա, ամբողջ ունեցվածքն անցնում ա Հայաստանին: Բարձր գնով կլինի` մարժան կիջեցվի, դե կտեսնենք, եթե էն նույն գնով, ինչ վաճառվում էր Եվրոպային, էլ «Գազպրոմ Արմենիայի» իմաստը ո՞րն է: «Գազպրոմ Արմենիայի» իմաստը, բովանդակությունն էն էր, որպեսզի Հայաստանը ստանար էժան գազ, եւ դրա բաշխումն իրականացներ ռուսական ընկերությունը: Եթե հիմա մենք ստանում ենք թանկ գազ, ռուսական բաշխողի անհրաժեշտությունը կամ գոյության իմաստը ո՞րն ա»:
Շատ ուժեղ տրամաբանություն է, եթե գազը վաճառում եք միջազգային` շուկայական գներով, ուրեմն զրկվում եք ձեր սեփականությունից: Այդպես կարելի է մտնել յուրաքանչյուր խանութ եւ ասել, որ եթե ապրանքը վաճառում եք շուկայական գներով, զրկվում եք սեփականությունից: Ռուսաստանը Հայաստանին միջազգայինից ցածր գնով գազ է վաճառել՝ Հայաստանին համարելով իր դաշնակիցն ու գործընկերը: Հիմա եթե Հայաստանի գործող իշխանությունն ասում է, որ Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլեւ Ռուսաստանի թշնամիների վասալն է, ինչո՞ւ պետք է գազն էժան վաճառի: Սրանք էլ ասում են, դե եթե այդպես է, մենք քո սեփականությունը ձեռքիցդ կխլենք: Լավ, ասենք՝ խլեցիք, ո՞ւմ եք տալու, որ էժան գազ ստանաք դիմացը, միակ տարբերակն Ադրբեջանն է, քանի որ միայն Ադրբեջանը Հայաստանին հասանելի գազ ունի, Իրանի հետ «տերերը» թույլ չեն տալիս առեւտուր անել: Բայց Ադրբեջանն ինչո՞ւ պետք է Հայաստանին միջազգային գնից ցածր գազ վաճառի, եթե կարող է վաճառել ավելի բարձր գնով:
Սրանք նույնիսկ շանտաժիստ չեն կարող լինել, նկատի ունեմ` միջազգային մասշտաբի, սրանց առաստաղը` «պատալոկը», սեփական հասարակությանը խաբելն ու հարստահարելն է, ինչով եւ հաջողությամբ զբաղվում են: