«Հրեղեն թռչունը» Հրազդանում. բեկո՞ւմ Հայաստանի համար, թե՞ օտարերկրյա կարիքները սպասարկող ենթակառուցվածք
Thu, 17 Sep 2026 18:45:07 +0400
Տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ հրեղեն թռչունը ներկայացվում է որպես հազվագյուտ գանձ։ Նրան գտնելը հեշտ չէ, իսկ տիրանալը՝ առավել եւս․ այդ հաջողությունը բաժին է հասնում միայն ամենաիմաստուն ու ամենախիզախ հերոսին։
Հրազդանում վերջերս գործարկված Firebird արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնը կարծես նոր՝ տեխնոլոգիական միջավայրում վերաիմաստավորում է այս հեքիաթային խորհուրդը՝ գրավելով հանրության ուշադրությունն ու երեւակայությունը։
Կառավարության ներկայացուցիչներն ու ծրագրի աջակիցները շեշտում են միլիարդավոր դոլարների ներդրումները, գերժամանակակից հաշվողական հզորությունների հասանելիությունը եւ Հայաստանը տարածաշրջանային ԱԲ հանգույց դարձնելու հեռանկարները։ Իսկ քննադատները բարձրաձայնում են մտահոգություններ՝ կապված հսկայածավալ էլեկտրաէներգիայի եւ ջրի սպառման, ենթակառուցվածքների ծանրաբեռնման, ներդրումների եւ ստեղծվող աշխատատեղերի ակնհայտ անհամապատասխանության հետ։
Քննարկումներն ավելի ու ավելի օրախնդիր են դառնում ԱՄՆ-ում ծավալվող գործընթացների համատեքստում, որտեղ տվյալների մշակման կենտրոնների (ՏՄԿ) աննախադեպ տարածումն արդեն իսկ բորբոքել է բուռն հանրային վեճեր՝ պայմանավորված էներգետիկ համակարգի գերբեռնմամբ, էլեկտրաէներգիայի սակագների աճով, ջրի սղությամբ եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությամբ։ Արդյունքում՝ մի շարք նահանգներ ընդունել են այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք արգելում են կառուցել նոր ՏՄԿ-ներ, կասեցնում տրամադրված արտոնությունները եւ սահմանում գործունեությունը կարգավորող խիստ պահանջներ՝ էներգետիկայի, մտավոր սեփականության, բնապահպանության, տվյալների պաշտպանության, տեխնոլոգիական եւ թվային անվտանգության ոլորտներում։ Հարց է առաջանում․ եթե նման մտահոգություններ են առաջանում ԱՄՆ-ում, ապա որքանո՞վ է հիմնավորված համադրելի ռեսուրսատար նախագծի տեղակայումը Հայաստանում, որտեղ էլեկտրաէներգետիկ, ջրային եւ այլ ենթակառուցվածքային հնարավորությունները սահմանափակ են, իսկ նման նախագծերի իրավական եւ նորմատիվային կարգավորումներն ունեն էական բացեր։
Մինչդեռ Հրազդանի ՏՄԿ-ի թե՛ կողմնակիցները եւ թե՛ քննադատները հաճախ սահմանափակվում են միայն այսբերգի տեսանելի մասով` ստվերում թողնելով գլխավոր հարցը․ որքանո՞վ է նախագծի առեւտրային շահութաբերությունը օտարերկրյա ներդրողի համար համահունչ Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին։ Խոշոր ՏՄԿ-ն կարող է լինել արդյունավետ մասնավոր ձեռնարկություն՝ առանց երկրի համար համարժեք հանրային արդյունք ապահովելու։ Մյուս կողմից, էլեկտրաէներգիայի եւ ջրի մեծածավալ սպառումն ինքնին դեռ չի վկայում նախագծի ոչ նպատակահարմարության մասին, եթե այն նպաստում է լրացուցիչ արտադրող հզորությունների ստեղծմանը, ապահովում բարձր արտահանման եկամուտ, ձեւավորում տեղական տեխնոլոգիական էկոհամակարգ եւ Հայաստանի համար հասանելի դարձնում ստեղծվող գիտելիքն ու մտավոր սեփականությունը։ Հետեւաբար, արդիական է ոչ թե նախագծի նպատակահարմարության հարցը, մանավանդ որ այն արդեն իրականացման փուլում է, այլ այն, թե որքան հստակ են սահմանված այն պայմաններն ու մեխանիզմները, որոնց ապահովումը կերաշխավորի ՏՄԿ-ի գործունեության համապատասխանությունը Հայաստանի ռազմավարական շահերին։
Հիմնական պայմանները
Այս մասշտաբի նախագիծն անխուսափելիորեն առաջ է բերում բազմաթիվ իրավական, տնտեսական, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցեր։ Սակայն դրանք տարբեր կշիռ ունեն, ուստի անհրաժեշտ է առանձնացնել առավել կարեւորները։ Դրանցից առնվազն հինգը որոշիչ են նախագծի՝ Հայաստանի երկարաժամկետ շահերին համապատասխանության համար։
Առաջին․ նախագիծը չպետք է անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման եւ շահագործման ծախսերը գաղտնածածուկ բարդի բնակչության եւ տնտեսության այլ ճյուղերի վրա։
Երկրորդ․ պետության պարտավորությունները, տրամադրված արտոնությունները եւ հիմնական ռիսկերի բաշխումը պետք է հրապարակվեն։
Երրորդ․ Հայաստանի տնտեսությունը պետք է ստանա երաշխավորված եւ չափելի տնտեսական ու տեխնոլոգիական արդյունք, որը չի սահմանափակվում սարքավորումներիի տեղակայմամբ։
Չորրորդ․ պետական միջոցների, գիտական ռեսուրսների կամ ենթակառուցվածքային աջակցության օգտագործմամբ ստեղծվող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները պետք է նախապես հստակեցվեն՝ ապահովելով Հայաստանի համարժեք մասնակցությունը նախագծի երկարաժամկետ արժեքին։
Հինգերորդ․ կրիտիկական նշանակության տվյալները եւ Հայաստանի համար վերապահված հաշվողական հզորությունները չպետք է կախված լինեն նախագծի օտարերկրյա մասնակիցների կամքից։
Ի՞նչ է կառուցվում Հայաստանում
Հանրային խոսույթում նախագիծը ներկայացվում է տարբեր կերպ` ՏՄԿ, «ԱԲ գործարան», ազգային հաշվողական ենթակառուցվածք եւ ապագա տեխնոլոգիական կլաստերի հիմք։ ՏՄԿ-ն հաշվողական սարքավորումների տեղակայման եւ շահագործման համար նախատեսված ենթակառուցվածք է։ «ԱԲ գործարանը» ենթադրում է ավելի լայն գործառույթներ՝ մոդելների ուսուցում եւ գործարկում, ամպային ծառայությունների մատուցում, հետազոտությունների իրականացում եւ նոր տեխնոլոգիական արտադրանքների ստեղծում։ Լիարժեք տեխնոլոգիական կլաստերը ձեւավորվում է միայն այն ժամանակ, երբ հաշվողական ենթակառուցվածքի շուրջը ստեղծվում է ազգային էկոհամակարգ՝ ընկերությունների, համալսարանների, հետազոտական կենտրոնների, ինժեներական թիմերի, ԱԲ մոդելներ մշակող ձեռնարկությունների, ինչպես նաեւ՝ ամպային, ծրագրային, հեռահաղորդակցական եւ կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ամբողջություն։
Firebird-ը եւ NVIDIA-ն հայտարարել են ՀՀ-ում մինչեւ 4 մլրդ ԱՄՆ դոլար ներդնելու, ավելի քան 70 հազար նորագույն գրաֆիկական պրոցեսոր տեղակայելու եւ մեկ տարում մինչեւ 300 ՄՎտ ընդհանուր հաշվողական հզորություն ստեղծելու ծրագրերի մասին։ Մինչդեռ պետք է տարբերակել արդեն հաստատված ներդրումներն ու ստանձնած պարտավորությունները երկարաժամկետ ծրագրերից եւ մտադրություններից։ Քանի դեռ չեն հրապարակվել սեփականության կառուցվածքը, իրականացման փուլերի հաջորդականությունը, ֆինանսավորման աղբյուրները, պետության դերն ու կողմերի պարտավորությունները` հանրային քննարկման առարկան նախագծի վերաբերյալ հրապարակված առանձին տեղեկություններն են, ոչ թե դրա իրականացման ամբողջական մոդելը, ինչն էլ տարաբնույթ ենթադրությունների եւ թյուր մեկնաբանությունների տեղիք է տալիս։
Առաջին պայման․ հանրությունը չպետք է սուբսիդավորի մասնավոր նախագիծը
Քննարկման առավել տեսանելի մասը վերաբերում է էլեկտրաէներգիայի սպառմանը։ Դա բնական է․ ժամանակակից ՏՄԿ-ները թվային տնտեսության ամենաէներգատար օբյեկտներից են։ Սակայն դրանց էներգետիկ պահանջարկը բնակչության սպառման հետ ուղղակիորեն համեմատելը բավարար պատկեր չի տալիս։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արդյունաբերական ձեռնարկություն պահանջում է զգալի ռեսուրսներ։ Խնդիրն այլ է․ նախագծին տրամադրվող յուրաքանչյուր մեգավատտ հզորության դիմաց Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ ավելացված արժեք է ստեղծվում, եւ ո՞վ է կրում այդ հզորության ապահովման ծախսը։ Եթե ՏՄԿ-ն է ֆինանսավորում լրացուցիչ արտադրական հզորությունների ստեղծումը, ենթակայանների կառուցումն ու էլեկտրական ցանցին միացումը, ապա դրա էներգիայի պահանջարկը կարող է սպասարկվել՝ առանց մյուս սպառողների կամ հասարակության վրա լրացուցիչ բեռ դնելու։ Սակայն եթե կենտրոնը ստանում է արտոնյալ սակագին, կամ դրա ենթակառուցվածքի ստեղծման ու սպասարկման ծախսերի մի մասը չի կրում ներդրողը, այլ դրանք ֆինանսավորվում են հանրային միջոցների կամ այլ սպառողների հաշվին, ապա ներդրողի առեւտրային ծախսերի մի մասը փաստացի բարդվում է հանրության վրա։ Հետեւաբար, անհրաժեշտ է հրապարակել ոչ միայն սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը, այլեւ դրա աղբյուրը, սակագնի ձեւավորման մեխանիզմը, ցանցին միացման եւ ցանցի արդիականացման արժեքը, ինչպես նաեւ՝ գազի գնի աճի, վթարների կամ հզորության պակասի դեպքում ռիսկերի բաշխումը։ Հատկապես կարեւոր է նախագծի պահանջները համադրել Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ հաշվեկշռի հետ՝ նկատի առնելով ազգային էներգետիկայի զարգացման հեռանկարները եւ տնտեսության աճող պահանջարկը։ Եզրակացությունը հետեւյալն է․ ՏՄԿ-ն չպետք է խաթարի այլ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունն ու հասանելիությունը, սահմանափակի տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը կամ իր գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքային ծախսերը բարդի հանրության վրա։
Ջրային եւ բնապահպանական չափանիշներ
Ըստ նախագծի՝ սարքավորումների հովացման համար օգտագործվում է փակ շրջանառության տեխնոլոգիա։ Համակարգի մեջ լցված ջրագլիկոլային հեղուկը շրջանառվում է մի քանի տարի։ Գոլորշիացման միջոցով հովացման համեմատ այս եղանակը զգալիորեն նվազեցնում է ջրի սպառումը։ Այնուամենայնիվ, հայտնի չեն ջերմության հեռացման եղանակը, արտահոսքերից պաշտպանվելու միջոցները եւ օգտագործված հեղուկի հեռացման կարգը։ Հետեւաբար, առանցքային հարցը ոչ միայն օգտագործվող ջրառի ծավալն է, այլեւ համակարգի՝ փակ եւ բնապահպանական առումով անվտանգ լինելը։
Երկրորդ պայման․ պետք է հրապարակվեն պետության պարտավորությունները
Կառավարությունը միաժամանակ հանդես է գալիս որպես նախագծի մասնակից, ենթակառուցվածքային ծառայությունների մատակարար, հարկեր ստացող եւ բնապահպանական, տեխնիկական եւ այլ նորմեր սահմանող եւ վերահսկող մարմին։ Դերերի նման համատեղումը ստեղծում է շահերի բախման բարձր ռիսկեր։ Կառավարության շահագրգռվածությունը՝ նախագիծը որպես ներդրումային հաջողություն ներկայացնելու հարցում, չպետք է թուլացնի հանրային ծախսերը գնահատելու եւ ներդրողից օրենքով ու պայմանագրերով սահմանված դրույթների կատարումը պահանջելու պարտավորությունը։
Հասարակությանը պետք է իրազեկած լինեն տրամադրված արտոնությունների եւ երաշխիքների ծավալի, նախագծի ուշացման կամ թանկացման դեպքում ռիսկերի բաշխման, ներդրողի հիմնական պարտավորությունների եւ դրանց չկատարման հետեւանքների մասին։ Առեւտրային գաղտնիքի ռեժիմը կարող է պաշտպանել տեխնոլոգիական լուծումները եւ զգայուն պայմանագրային տվյալները, սակայն այն չպետք է թաքցնի կառավարության ստանձնած պարտավորությունները եւ ռիսկերի բաշխման մեխանիզմը։ Անհրաժեշտ են նաեւ արդյունքների նախապես սահմանված եւ չափելի ցուցանիշներ։ Հակառակ դեպքում կառավարության հաշվետվությունը կարող է սահմանափակվել ներմուծված սարքավորումների քանակով ու արժեքով եւ շինարարական աշխատանքների ծավալով, մինչդեռ հասարակությունը չի կարողանա գնահատել նախագծի իրական տնտեսական, տեխնոլոգիական եւ հանրային արդյունքը։
Երրորդ պայման․ ստեղծվող մտավոր սեփականության իրավունքները պետք է հստակեցվեն
Նախագծի ամենաբարդ եւ ամենաքիչ քննարկված խնդիրն առնչվում է մտավոր սեփականությանը. սա է հաշվողական ենթակառուցվածք տրամադրելու եւ սեփական տեխնոլոգիական ներուժ ձեւավորելու բաժանարար գիծը։ Հայաստանում սարքավորումներ տեղակայելը դեռ չի նշանակում, թե ուսուցված մոդելները, ծրագրային արտադրանքները, արտոնագրերը եւ արտոնագրերից ստացվող եկամուտները կպատկանեն հայկական կողմերին։ Դրանց նկատմամբ իրավունքները որոշվում են օրենսդրությամբ, կորպորատիվ կառուցվածքով եւ պայմանագրային դրույթներով։ Պետությունը չի կարող հավակնել ՏՄԿ-ի հաճախորդների ստեղծած ամբողջ մտավոր սեփականությանը։ Ընկերություններն ու հետազոտողները պետք է կարողանան պահպանել իրենց տվյալների, մոդելների եւ մշակումների նկատմամբ իրավունքները։ Սակայն կարգավորում է անհրաժեշտ այն դեպքերում, երբ օգտագործվում են պետական միջոցները, հանրային տվյալները, հայկական համալսարանների մշակումները կամ պետության տրամադրած ենթակառուցվածքային աջակցությունը։
Նման դեպքերում մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները պետք է սահմանվեն նախապես։ Հնարավոր են տարբեր մոդելներ՝ իրավունքների պահպանումը համալսարանների եւ մշակողների մոտ, պետությանը ոչ բացառիկ արտոնագիր տրամադրելը, առանձին արդյունքների նկատմամբ համատեղ սեփականությունը կամ մշակումների մի մասի Հայաստանում գրանցման եւ առեւտրայնացման պարտավորությունը։ Առանձին խնդիր է ուսուցման տվյալների ծագումը, իրավական կարգավիճակը եւ օգտագործման պայմանները։ Տեքստերը, պատկերները, ծրագրային կոդերը, գիտական աշխատանքները, արխիվային նյութերը եւ տվյալների բազաները կարող են պաշտպանված լինել հեղինակային իրավունքով։ Ուստի անհրաժեշտ է նախապես հստակեցնել հայ (եւ հայերեն) գրականության, մամուլի, մշակութային ժառանգության եւ պետական տեղեկատվական ռեսուրսների օգտագործման պայմանները՝ առեւտրային մոդելների ուսուցման նպատակով։ Խոսքն այն մասին չէ, որ ՀՀ տարածքում ստեղծված ողջ մտավոր սեփականությունը պետք է պատկանի պետությանը, այլ այն, որ պետական ռեսուրսների տրամադրումը եւ հայկական հանրային կազմակերպությունների մասնակցությունը չպետք է հանգեցնեն նրան, որ դրանց օգտագործմամբ ստեղծված մոդելներն ու արտոնագրերն անցնեն օտարերկրյա մասնակիցներին, եւ դրանցից ստացվող եկամուտները կենտրոնանան արտերկրում։
Չորրորդ պայման․ ներդրումները պետք է վերածվեն բարձր ներքին ավելացված արժեքի
Ներդրումների ընդհանուր ծավալը կարեւոր, բայց ոչ բավարար ցուցանիշ է, քանի որ միջոցների զգալի մասը կարող է ուղղվել սարքավորումների եւ ծրագրային ապահովման ձեռքբերմանը։ Թեեւ այդ ծախսերը մտնում են նախագծի ընդհանուր արժեքի մեջ, սակայն պարտադիր չէ, որ դրանք վերածվեն ՀՀ տնտեսության եկամտի։ Այդ պատճառով նախագիծը պետք է գնահատել ոչ միայն ներդրումների ընդհանուր ծավալով, այլ պարզել՝ այդ գումարի որ մասն է նախատեսված ներմուծվող սարքավորումների համար, որքան է ուղղվում տեղական շինարարության եւ ինժեներական աշխատանքներին, ինչ ծավալի տարեկան ավելացված արժեք է ձեւավորվում, ինչ արտահանման եկամուտներ են ստեղծվում, եւ ինչ ծավալի պետական աջակցություն է տրամադրվում։ Նույնը վերաբերում է զբաղվածությանը։ ՏՄԿ-ի կառուցումը կարող է զգալի թվով ժամանակավոր աշխատատեղեր ստեղծել, սակայն գործարկվելուց հետո աշխատելու է ավելի փոքր անձնակազմով։ Կենտրոնի ռազմավարական արժեքը կախված է նրանից, թե արդյո՞ք ՏՄԿ-ի շուրջ կձեւավորվեն մոդելներ մշակող թիմեր, լաբորատորիաներ, ամպային ծառայություններ մատուցող ընկերություններ, ինժեներական կազմակերպություններ եւ տեխնոլոգիական ստարտափներ։ Հզոր պրոցեսորների առկայությունը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ում կձեւավորվի մրցունակ տեխնոլոգիական միջավայր։ Հաշվողական ենթակառուցվածքին մոտ լինելը նույնպես չի երաշխավորում դրանց հասանելիությունը։ Եթե ՀՀ համալսարաններն ու ընկերությունները ստիպված լինեն հաշվողական հզորություններից օգտվել շուկայական պայմաններով եւ մրցակցել խոշոր օտարերկրյա հաճախորդների հետ, ապա ՏՄԿ-ն հայկական ընկերություններին կտա միայն սահմանափակ առավելություն։
Հետեւաբար նախագծի՝ որպես ռազմավարական նախաձեռնության կարգավիճակը պետք է պայմանավորված լինի չափելի պարտավորությունների ստանձնմամբ։ Դրանք պետք է ներառեն մեր համալսարանների համար նախատեսված հետազոտական քվոտաներ, տեղի ստարտափների համար հաշվողական ռեսուրսների հասանելիություն, մասնագետների պատրաստում, ինժեներական ստորաբաժանումների ստեղծում եւ տեխնոլոգիական արտադրանքների մշակմանը հայկական ընկերությունների ներգրավում։ Եթե նման պայմանագրային պարտավորություններ չամրագրվեն, ապա ՏՄԿ-ն որպես Հայաստանի զարգացման ռազմավարական բաղադրիչ ներկայացնելու հիմքեր չկան։
Հինգերորդ պայման․ տեխնոլոգիական ինքնիշխանության երաշխիքները
Կառավարությունը դիտարկվող նախագիծը ներկայացնում է «ինքնիշխան» ԱԲ գաղափարի համատեքստում։ Սակայն ՀՀ տարածքում սերվերների տեղակայումը եւ տեխնոլոգիական ինքնիշխանությունը նույնը չեն։ Գոյություն ունի վերահսկողության չորս մակարդակ․
ֆիզիկական – սարքավորման գտնվելու վայրը
իրավական – ենթակառուցվածքի, տվյալների եւ ստեղծված արդյունքների սեփականատերը
տեխնոլոգիական – պրոցեսորները, ծրագրային ապահովումը, թարմացումները եւ տեխնիկական սպասարկումը վերահսկողը
տնտեսական – արժեքը ստեղծելու, արտոնագրերը գրանցելու եւ արտոնագրային վճարներն ստանալու երկիրը, շահույթն ու եկամուտը բաշխելու կարգը։
Թեեւ Հայաստանը վերահսկում է այն տարածքը, որտեղ տեղակայված է ՏՄԿ-ն, վերջինս կախված է պրոցեսորների օտարերկրյա արտադրողներից, արտահանման արտոնագրերից, ծրագրային ապահովումից։ Առաջադեմ գրաֆիկական պրոցեսորների մատակարարման համար ԱՄՆ թույլտվությունը հաստատում է նախագծի միջազգային նշանակությունը, բայց միաժամանակ վկայում, որ այն կախված է ՀՀ սահմաններից դուրս կայացվող որոշումներից։ Արտահանման սահմանափակումները, ըստ ամենայնի, կորոշեն ոչ միայն սարքավորումների մատակարարման հնարավորությունն ու պայմանները, այլեւ դրանք օգտագործողների շրջանակն ու կիրառելու ոլորտները։ Բնականաբար, Հայաստանի նման փոքր երկրի լիակատար տեխնոլոգիական ինքնավարությունն իրատեսական չէ։ Հետեւաբար, խնդիրը ոչ թե արտաքին բոլոր կախվածություններից ձերբազատվելն է, այլ կրիտիկական կախվածությունները կանխելը։ Պետական տվյալների հասանելիությունը, կենսական նշանակության ծառայությունների անխափան աշխատանքը եւ հայկական կազմակերպությունների համար նախատեսված հաշվողական հզորությունների օգտագործումը չպետք է կախված լինեն բացառապես արտաքին որոշումներից՝ առանց պաշտպանության եւ աշխատանքի շարունակականությունն ապահովող նախապես սահմանված մեխանիզմների։
Հայաստանի ինքնիշխանությունը ԱԲ ոլորտում պետք է ոչ միայն հռչակվի, այլեւ ամրապնդվի հստակ իրավունքներով ու երաշխիքներով։ Դրանք պետք է ներառեն Հայաստանի երաշխավորված հասանելիությունը հաշվողական հզորությունների որոշակի հատվածին, կրիտիկական նշանակության տվյալների նկատմամբ վերահսկողությունը, համակարգերի պահուստավորման հնարավորությունը, ինչպես նաեւ՝ տեխնիկական աջակցության դադարեցման կամ արտահանման ռեժիմի փոփոխության դեպքում գործելու կարգը։
Տվյալները եւ կրիտիկական ենթակառուցվածքը
Այս մասշտաբի ՏՄԿ-ն դառնում է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Դրա միջոցով կարող են մշակվել առեւտրային գաղտնիքներ, ֆինանսական, բժշկական, կենսաչափական, պետական եւ հետազոտական տվյալներ։ Հետեւաբար, անհրաժեշտ է տարբերակել տվյալների տարածքային տեղայնացումը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը։ Տվյալները կարող են ֆիզիկապես պահվել Հայաստանում, սակայն կառավարվել եւ մշակվել օտարերկրյա ընկերության կողմից կամ ենթարկվել այլ իրավազորության։ Ուստի պետական եւ զգայուն տվյալների համար պետք է սահմանվեն հատուկ պահանջներ՝ գաղտնագրման բանալիների նկատմամբ ազգային վերահսկողություն, արտաքին վարչական մուտքի սահմանափակում, տվյալների անդրսահմանային փոխանցման կանոններ, տվյալների պահուստավորում, անվտանգության անկախ աուդիտ, ինչպես նաեւ՝ օպերատորի վաճառքի, սնանկության կամ գործունեության դադարեցման դեպքում գործողությունների հստակ կարգ։ Սա չի նշանակում, որ պետությունը պետք է վերահսկի բոլոր առեւտրային հաճախորդների տվյալները։ Սակայն կրիտիկական նշանակության տվյալների պաշտպանության կարգը չի կարող ամբողջությամբ որոշվել օգտատիրոջ եւ օպերատորի միջեւ կնքված ստանդարտ պայմանագրով։
Հետպատերազմյան իրողություններից դեպի ՀՀ տարածաշրջանային դերակատարում
2025-ի հունիսի 11-ին Փարիզում ամերիկյան Firebird ընկերության՝ Հայաստանում ԱԲ կենտրոն հիմնադրելու մասին հայտարարությունը եւ դրանից մոտ երկու ամիս անց՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում TRIPP-ի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը պետք է դիտարկել մեկ ընդհանուր աշխարհատնտեսական տրամաբանության շրջանակում։ Երկուսն էլ տարածաշրջանում ընթացող աշխարհատնտեսական վերափոխումների դրսեւորումներն են եւ միաժամանակ՝ այդ վերափոխումներն ամրագրելու գործիքները։ Firebird-ի եւ TRIPP-ի միջոցով ձեւավորվում են ոչ միայն նոր ենթակառուցվածքներ, այլեւ որակապես նոր կապեր, կախվածություններ եւ դերաբաշխումներ, որոնցում Հայաստանի տեղն ու դերը դեռեւս որոշված չեն։
Խնդիրը, հետեւաբար, միայն այն չէ, թե ինչ ծավալի ներդրումներ, եկամուտներ, տեխնոլոգիական հնարավորություններ կստանա Հայաստանը։ Ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ դեր է վերապահվում պատերազմում պարտված Հայաստանին՝ Հարավային Կովկասում ձեւավորվող համակարգում։ Եթե մեր երկրի դերը սահմանափակվի տարածք տրամադրելով, էլեկտրաէներգիա, ջուր եւ ծառայություններ վաճառելով՝ առանց ձեւավորվող համակարգի կանոնների մշակմանը, տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը եւ ստեղծվող արժեքի բաշխմանը գործուն մասնակցության իրավունքն ամրագրելու, Հայաստանը կվերածվի ոչ թե բարձր ավելացված արժեք ստեղծող եւ սեփական ենթակառուցվածքային ու նորարարական ներուժ ձեւավորող երկրի, այլ օտար պետությունների շահերը սպասարկող տարածքի։ Այս համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրն է՝ միջազգային գործընկերների աջակցությամբ ձեւավորվող համակարգում ամրագրել Հայաստանի Հանրապետության գործուն մասնակցության, հիմնարար իրավունքների եւ ռազմավարական շահերի պաշտպանության հստակ ու ամուր երաշխիքները։ Միայն այդ դեպքում Հրազդանի «Հրեղեն թռչունը» կդառնա իր ուժը բացահայտած եւ տարածաշրջանում իր արժանի, ինքնիշխան ու ազդեցիկ տեղը հաստատած Հայաստանի խորհրդանիշը։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան