«Հրապարակ». Պետության ճակատագիրը չի կարող կախված լինել ծնկաչոք խաղաղություն մուրացողների վախերից

«Հրապարակ». Պետության ճակատագիրը չի կարող կախված լինել ծնկաչոք խաղաղություն մուրացողների վախերից

Tue, 22 Sep 2026 11:15:22 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

– Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, ըստ որի՝ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ծառայողների աշխատավարձերը: Նիկոլ Փաշինյանը կառավարության այս որոշումն անվանեց բարեփոխում եւ վստահեցրեց՝ «այս բարեփոխումը չանելը կնշանակի Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի ու պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»։ Տեղի՞ն է արդյոք աշխատավարձի նման բարձրացումը, այն դեպքում, երբ թոշակառուի նվազագույն թոշակը կազմում է 46 հազար դրամ:

– Փաշինյանի հայտարարած «բարեփոխումը» խորքային առումով փաստում է մեկ բան. այս իշխանությունը համակարգային լուծումները փոխարինում է մեկուսացված ու անարդյունավետ քայլերով, իսկ քաղաքական պատասխանատվությունը՝ հռետորաբանությամբ: Երբ երկրում նվազագույն կենսաթոշակը ընդամենը 46 հազար դրամ է, իսկ տնտեսությունը գնաճային լուրջ ճնշումների տակ է, պետական բյուջեի միջոցների ուղղումը բարձրաստիճան պաշտոնյաների բարեկեցությանը՝ խաթարում է պետական առաջնահերթությունների եւ սոցիալական արդարության տրամաբանությունը: Պետական ապարատում աշխատավարձի բարձրացումը պետք է լինի տնտեսական թռիչքի եւ արտադրողականության աճի հետեւանք, այլ ոչ թե դրա նախապայմանը: Դա ոչ թե բարեփոխում է, այլ բյուջետային ռեսուրսների սխալ տեղաբաշխում: Միեւնույն ժամանակ՝ հայտարարել, թե աշխատավարձ չբարձրացնելը նշանակում է պետությունը ստորադասել «կոռուպցիոն տրամաբանությանը», պետական մտածողության լուրջ դեֆիցիտ է: Կոռուպցիան չի հաղթահարվում բարձր աշխատավարձով. այն հաղթահարվում է անխաթար արդարադատությամբ, զսպումների եւ հակակշիռների գործուն համակարգով եւ անպատժելիության մթնոլորտի վերացմամբ: Եթե ինստիտուտները չեն գործում, ապա բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան պարզապես դառնում է ավելի «թանկարժեք» անարդյունավետ կառավարիչ: Ցանկացած պետություն հենվում է քաղաքացու եւ իշխանության միջեւ վստահության վրա: Երբ իշխանությունը հանրությունից պահանջում է «գոտիները ձգել», բայց իր համար ստեղծում է հարմարավետության առանձնահատուկ պայմաններ, քանդվում է պետականության բարոյական հիմքը: Չի կարող պաշտոնյան իրեն ապահովագրել տնտեսական դժվարություններից, քանի դեռ նույն դժվարությունների մեջ է գտնվում իր քաղաքացին՝ թոշակառուն, ուսուցիչը, զինվորականը: Այս որոշումը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ ցույց է տալիս, որ կառավարությունը կտրված է հասարակության սոցիալ-տնտեսական իրականությունից: Իրական բարեփոխումը կլիներ այն, երբ նախ բարձրացվեր պետական համակարգի գործունեության օգտակար գործողության գործակիցը, ապահովվեր տնտեսական աճ, եւ դրա արդյունքում համաչափորեն բարձրացվեին թե՛ թոշակները, թե՛ աշխատավարձերը:

– 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխող ուժի կողմից ամենաբարձր ամբիոններից հնչող ամենասիրված թեզերից մեկն այն էր, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլեւս չի լինելու։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե հովանավորչությունը, արտոնյալների դասը եւ պետական բյուջեի հաշվին հարստանալու արատավոր ավանդույթը մնալու են անցյալում։ Ի՞նչ պատկեր ունենք այսօր:

– 2018 թվականին հնչեցված այդ թեզը ոչ միայն չիրականացված քաղաքական խոստում էր, այլեւ հանրային վստահության չարաշահման դասական օրինակ։ Երբ խոսվում էր համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու մասին, հանրությունը ենթադրում էր օրենքի գերակայություն, թափանցիկություն եւ հավասար հնարավորություններ։ Սակայն 8 տարվա կառավարման արդյունքները փաստում են հակառակ իրողության մասին․ տեղի է ունեցել ոչ թե կոռուպցիայի վերացում, այլ դրա մոդելավորում եւ, որ ամենավտանգավորն է՝ օրինականացում։ Այսօր մենք ականատեսն ենք մի համակարգի, որտեղ կոռուպցիոն ռիսկերը փաթեթավորված են իրավական ձեւակերպումների հետեւում։ Երբ պետական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք իրենց համակարգված հատկացնում են միլիոնավոր դրամների պարգեւավճարներ ու հավելավճարներ՝ մի երկրում, որտեղ սոցիալական ու անվտանգային ծանրագույն խնդիրները մնում են անլուծելի, դա այլեւս վարչարարություն չէ, դա պետական ռեսուրսների օրինականացված յուրացում է։ Նույն պատկերն է պետական գնումների ոլորտում․ «մեկ անձից» կատարվող անմրցույթ գնումների ծավալների աննախադեպ աճը, իշխանական չինովնիկների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերություններին հարյուր միլիոնավոր դոլարների պետական պատվերների տրամադրումն ուղղակիորեն վկայում են նոր, հովանավորչական տնտեսական մոդելի ձեւավորման մասին։ Հայտարարված «անձեռնմխելիության բացակայության» փոխարեն մենք տեսնում ենք նոր արտոնյալների դասի ձեւավորում, որը ձեռք է բերում էլիտար անշարժ գույք, վերահսկում է բիզնես ոլորտներ եւ օգտվում է քաղաքական լիակատար հովանավորչությունից։ Սա հնարավոր է դառնում միայն այն պատճառով, որ իրավապահ եւ արդարադատության համակարգերը ենթարկեցվել են քաղաքական նպատակահարմարությանը․ իշխանական վերնախավի հնարավոր կոռուպցիոն գործարքների նկատմամբ ցուցաբերվում է կատարյալ անգործություն, մինչդեռ իրավական գործիքակազմն ակտիվորեն կիրառվում է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Այսօրվա իրական պատկերը հետեւյալն է․ համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլեւ ստացել է պետական հովանավորչություն՝ թաքնվելով «ժողովրդավարության» եւ «բարեփոխումների» կեղծ կարգախոսների հետեւում։ Ժողովրդին խոստացել էին արդարություն, բայց տվել են նոր, էլ ավելի անհագուրդ արտոնյալների դաս, որի համար պետական բյուջեն սեփական գրպանն է, իսկ պետական շահը՝ երկրորդական:

– «Եթե Ադրբեջանը կրակի, մեր կողմից պատասխան կրակի մի սպասեք: Դա Հայաստանին խաղաղություն չի բերի»․ այսպիսի միտք է արտահայտել ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

– Իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի այն պնդումը, թե թշնամու կրակին պատասխանելուց հրաժարվելը «խաղաղության ճանապարհ է», սովորական քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետության գոյաբանական հիմքերը քանդող եւ ազգային անվտանգության համակարգը կազմալուծող պաշտոնական դիրքորոշում է։ Ինքնապաշտպանությունից հրաժարումը խաղաղություն չի բերում… Սեփական սահմանները չպաշտպանելու եւ թշնամուն դիմադրություն չցուցաբերելու պատրաստակամությունը խաղաղության օրակարգ չէ․ դա ուղիղ հրավեր է նոր ագրեսիայի, նոր տարածքային կորուստների եւ անպատժելիության ամրապնդման։ Այսօր մենք գործ ունենք մի քաղաքական համակարգի հետ, որի վարած քաղաքականությունն ունի հստակ ախտորոշում․
*Իշխանության պահպանում՝ պետականության հաշվին․ գործող վարչախմբի համար առաջնայինը սեփական աթոռների պահպանումն է, նույնիսկ եթե դրա գինը երկրի անվտանգային համակարգի լիակատար փլուզումն է։
*Միակողմանի զիջումների քաղաքականություն․ «խաղաղություն» եզրույթի տակ իրականում իրականացվում է անվերջանալի զիջողականություն, որը միայն բացում է Բաքվի բռնապետական ռեժիմի ախորժակը։
*Պետական ինքնիշխանության զրոյացում․ երբ պետությունը հայտարարում է սեփական տարածքն ու քաղաքացուն չպաշտպանելու մասին, նա կորցնում է միջազգային սուբյեկտայնությունը՝ դառնալով արտաքին ուժերի կամքի սպասարկուն։ Պետության ճակատագիրը չի կարող կախված լինել ծնկաչոք խաղաղություն մուրացողների վախերից։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, մեր սահմանների անձեռնմխելիությունը եւ հայի ազգային արժանապատվությունը սակարկման ենթակա չեն՝ ո՛չ այսօր, ո՛չ էլ երբեւէ։ Պատմությունը չի ներում թուլությունն ու անձնատվությունը….

– «Բռնության տարբեր դրսեւորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով»․ Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում հիմա էլ ընտանեկան բռնության դեմ է պայքարում եւ կոչ է անում փոխել հայ ընտանիքի մոդելը: Ձեր կարծիքով` կհաջողվի՞:

– Նախ՝ պետք է հստակ արձանագրենք․ ցանկացած բռնություն դատապարտելի է, անընդունելի է եւ պետք է արմատախիլ արվի։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Այսօր «բռնության դեմ պայքարի» կամ «կրթվելու» գեղեցիկ կարգախոսների քողի տակ իրականացվում է հայկական ավանդական ընտանիքի կազմաքանդման հետեւողական քաղաքականություն։ Փորձ է արվում հանրության գիտակցության մեջ ներարկել մի կեղծ ու վտանգավոր թեզ, թե իբր հայ ավանդական ընտանիքը «բռնության, ճնշման եւ հետամնացության» մոդել է, որը պետք է «փոխարինվի»։ Սա բացահայտ հարված է մեր ազգային ողնաշարին։ Բռնությունը հայկական ավանդույթ չէ․ հայ ավանդական ընտանիքի հիմքը դարեր ի վեր եղել է փոխադարձ հարգանքը, մոր ու կնոջ հանդեպ պաշտամունքային պատվախնդրությունը, երեխայի հանդեպ անսահման սերը եւ մեծերին պատվելը։ Բռնությունը ոչ թե ավանդույթ է, այլ ավանդույթի արատավոր շեղում։ Սա ազգային ինքնությունը թուլացնելու փորձ է։ Այնպիսի տպավորություն է, թե այս իշխանության համար «նորաձեւ» է այն ամենը, ինչը կտրում է մեզ մեր արմատներից։ Երբ հարվածի տակ են մեր բանակը, մեր եկեղեցին, մեր պատմությունն ու ազգային խորհրդանիշները, հերթը հասել է մեր մյուս ամրոցին՝ հայ ընտանիքին։ Դարեր շարունակ հենց հայ ավանդական ընտանիքի շնորհիվ ենք պահպանել մեր լեզուն, հավատքը, մշակույթն ու գենետիկ հիշողությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ դրսից պարտադրված կամ արհեստածին օրակարգերով, «բռնության դեմ պայքարի» կամ «նորաձեւ կարգախոսների» քողի տեսքով քանդեն հայկական ավանդական ընտանիքի ինստիտուտը։ Այս ամենին մեր պատասխանը պետք է լինի ոչ թե մոդելի փոփոխություն, այլ ազգային ընտանիքի ամրապնդում։ Ես կողմ եմ կրթված, պաշտպանված, բռնությունից զերծ ընտանիքին, բայց դա պետք է հիմնված լինի մեր դարավոր ազգային-արժեհամակարգային հենքի, այլ ոչ թե դրսից ներմուծված կամ անհասկանալի փորձարկումների վրա։ Ուստի մեր անելիքը ոչ թե «նոր մոդելներ» հորինելն է կամ ավանդականը թիրախավորելը, այլ մեր դարավոր ազգային-ընտանեկան արժեքները պաշտպանելն ու դրանք առողջ, ժամանակակից բովանդակությամբ ամրապնդելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց

Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց Tue, 22 Sep 2026 14:00:09 +0400 Միացյալ…

11 րոպե ago

Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերի 22-27-ը

Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերի 22-27-ը Tue, 22 Sep 2026 13:45:15 +0400 Երևանում սեպտեմբերի 22-ի…

26 րոպե ago

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության Tue, 22 Sep 2026 13:36:11 +0400 «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում…

35 րոպե ago

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ Tue, 22 Sep 2026 13:31:44 +0400 «Ուժեղ Հայաստան»…

40 րոպե ago

Ինչ ակնկալիքներ ունեն TRIPP նախագծից

Ինչ ակնկալիքներ ունեն TRIPP նախագծից Tue, 22 Sep 2026 13:30:00 +0400 Միացյալ Նահանգները մտադիր է…

41 րոպե ago

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր դաժան զրույց կունենա Թրամփի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր դաժան զրույց կունենա Թրամփի հետ Tue, 22 Sep 2026 13:00:55 +0400…

1 ժամ ago