Ժամանակին քելեխի հաց էին ուզում, հիմա՝ պետությունն է ուզում
Wed, 23 Sep 2026 13:45:07 +0400
Մեր ժողովուրդը հետաքրքիր արձագանք ունի։ Երբ լսեց, որ Փաշինյանը նպատակ ունի կտրել թաղման նպաստները, առաջինը մեռնողների հարազատների մասին մտածեց՝ բա ո՞նց կլինի։ Ոչ մեկի մտքով չանցավ մտնել կառավարության դրության մեջ։ Ասի՝ տեսեք ի՜նչ օրն է ընկել կառավարությունը, որ աչք է դրել անգամ թաղման նպաստների վրա։ Չմտածեց, որ կառավարությունը գիտի այս ձմռանը իր գլխին գալիքը ու անցել է քերելու վերջին ռեզերվային պաշարներին։ Էլ ո՞ւր հասնի, եթե նույնիսկ մեռածի հետևից մնացած մի քանի դրամն էլ է պետք։
Քելեխ ուտելու նման մի բան է ստացվում։ Նախկինում, երբ մարդ էր մեռնում ու «հաց էին տալիս», մի հետաքրքիր բան կար։ Ծանր տարիներին ապրածները կհիշեն։ Աղքատ, սոված մարդիկ, որ տարին մի անգամ միս չէին ուտում, գնում էին քելեխի։ Նրանք մեռնողին անգամ չէին ճանաչում, բայց գնում էին։ Նրանց քելեխ ուտող էին ասում, բոլորը ճանաչում էին։ Կային նաև այնպիսինները, որոնք ամաչում էին գնալ ու հարազատների մեջ նստել և ճաշ եփողին կամ մոտիկ հարազատին խնդրում էին, որ իրենց «փայ տան»։ Սիրով տալիս էին ու համարում էին, որ դա գնացողի «փայն է»։
Հիմա մեր կառավարությունը հայտնվել է այդ վիճակում։ Ասում է՝ մահվան նպաստը ինձ պիտի տաք։ Դե ինքը «լավ» գիտի փող բաշխելու ձևը։ Ակամայից հայտնվել է այն անճար մարդու դերում, որ նախկինում ձեռք մեկնում ու քելեխի հաց էր ուզում։ Ասում է՝ ողջ կաթսան չեմ ուզում։ Կեսը ձեզ, կեսը՝ կառավարությանը։ Տարբերությունն այն է, որ նախկինում քելեխի հացը սոված մարդն էր խնդրում, իսկ հիմա պետությունն է ձեռք մեկնել։
Լավ բառերով է փաթեթավորում՝ անապահով թոշակառուները նպաստ կստանան։ Մարդը որ մեռնում է, հողը նրանց հավասար աչքով է նայում։ Ապահով, անապահով չի ասում։ Բոլորին գիրկն է առնում։ Ամբողջ կյանքում պետության համար աշխատած մարդու հետ էլ պետությունը նույն կերպ պիտի վարվի։ Այդ մի կտուց օգնությունը առաջին հերթին ոչ թե թոշակառուին թաղելու, այլ պետության մեջ նրա ներդրումը գնահատելու համար է։ Ամբողջ կյանքում աշխատել է պետության համար։ Նրա գնահատանքի համար է։ Մարդը պետությունից ոչ թե ողորմություն, նվեր է ստանում, մի չնչին, աննշա՜ն գնահատանք է ստանում։
Իսկ Փաշինյանի գնահատականը զուտ նյութական է։ Այդ առումով նման է քելեխի հաց ուտողի վարքագծին, որը քելեխի հաց է ուզում, որովհետև վատ վիճակում է․․․