Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին
Sat, 26 Sep 2026 18:15:16 +0400
Միջազգային բորսաներում նավթի եւ գազի գները նոր ռեկորդներ են սահմանում, նավթի գնի աճին զուգահեռ աճում է նաեւ բնական գազի բորսայական գինը։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այն աճել է 9, մեկ ամսվա արդյունքում՝ 12,5 տոկոսով, եւ սա ցույց է տալիս, որ աճը կարճաժամկետ չէ: Ռուս-ուկրաինական եւ ամերիկա-իրանական պատերազմներն էական ազդեցություն են թողնում հանածո վառելիքի միջազգային գների վրա: Գազի հիմնական մատակարարներից Կատարը Մերձավոր Արեւելքում անկայունության պատճառով զրկված է իր գազը միջազգային շուկա հանելու հնարավորությունից, ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցները խիստ սահմանափակում են ռուսական եւ իրանական գազի մատակարարումները միջազգային շուկա, եւ առաջացած պակասուրդն ու աճող պահանջարկը դառնում են գների բարձրացման պատճառ:
Մինչ վերջերս գազի համաշխարհային գները Հայաստանին եւ հայ սպառողներին չէին հետաքրքրում, քանի որ Հայաստանը գազը ստանում էր Ռուսաստանից` ֆիքսված գնով, բազմակի անգամ ավելի էժան միջազգային բորսայական գներից: Բայց Նիկոլ Փաշինյանի հմուտ եւ շրջահայաց քաղաքականության շնորհիվ Հայաստանը կանգնած է այդ արտոնությունից զրկվելու եզրին․ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է փակել Հայաստան եկող գազի փականը կամ մատակարարվող գազը վաճառել միջազգայինին մոտ գներով: Փաշինյանը չի կարող բացատրել, թե հանուն ինչի է Հայաստանը մտցրել Ռուսաստանի հետ դիմակայության դաշտ, ինչ է դրանից գործնականում շահում Հայաստանը, բացի ակնհայտ կորուստներից, ինչի համար ստիպված են լինելու վճարել Հայաստանի տնտեսությունը եւ շարքային քաղաքացիները:
Հիմա հարց է առաջանում․ եթե Ռուսաստանը փակի Հայաստան եկող գազը կամ այն թանկացնի, ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկել իշխանությունը, որտեղի՞ց է Հայաստանը գազ գնելու, եւ որքանո՞վ է դա տեխնիկապես հնարավոր: Փաշինյանը մտադիր է առաջիկայում մեկնել Թուրքմենստան՝ երեւի լսել է, որ այդ երկրում գազ կա: Բայց այդ երկրից գազը պետք է հասցնել Հայաստան, իսկ թե ինչպես` այնքան էլ պարզ չէ։ Միակ տարբերակն իրանական գազատարների օգտագործումն է, թուրքմենական գազն Իրանի տարածքով Հայաստան հասցնելը: Բայց արդյո՞ք Իրանը կհամաձայնի օգնել Հայաստանին՝ այն դեպքում, երբ գիտի, որ Ռուսաստանը Հայաստանին պատժում է պրոամերիկյան եւ պրոեվրոպական քաղաքականություն վարելու համար: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ին մեղադրում է Իրանի եւ իրանցի ժողովրդի դեմ ահաբեկչություն իրականացնելու, անմեղ երեխաների եւ քաղաքացիական բնակչության սպանության մեջ։ Նիկոլ Փաշինյանն այդ նույն ամբիոնից ծնկածալուկ խոնարհումով, գլուխը մինչեւ գետին` շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նրան խաղաղաբեր աղավնի հռչակում:
Անվտանգության խորհրդի քարտուղար աշխատող Ալեն Սիմոնյանն ասում է, որ գազ կարող են գնել Ադրբեջանից: Սա տեխնիկապես ամենահեշտ իրագործելի տարբերակն է, Ադրբեջանի եւ Վրաստանի գազային համակարգերը միացած են, Ադրբեջանը գազ է մատակարարում նաեւ Վրաստանին, կարող է նույն համակարգով գազ մատակարարել նաեւ Հայաստանին: Բայց դա դարձյալ կլինի միջազգային գներով, որովհետեւ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զեղչով գազ մատակարարի Հայաստանին, հանուն ինչի՞: Սկզբի մի երկու ամիսը հնարավոր է, եւ հատուկ զեղչ կանեն, որ մի քիչ ոգեւորեն հայ սպառողներին, կեղծ բարեկամություն բեմադրեն, բայց հետո ասելու են` եթե զեղչ եք ուզում, դրա դիմաց հանձնեք այս կամ այն տարածքը, առաջարկելու են Հայաստանը մաս-մաս հանձնել-փոխել գազի հետ: Ուրիշ տրամաբանություն չկա, ընդ որում՝ մատակարարելու են դարձյալ ռուսական գազ, Ադրբեջանը Ռուսաստանից էժան գազ է գնում իր կարիքների համար, իսկ իր ունեցածը միջազգային գներով վաճառում է ԵՄ երկրներին:
Մարդիկ շատ են սիրում օրինակներ, Արամ Սարգսյանին, օրինակ, ոգեւորում է Թուրքիայի օրինակը, որը Ռուսաստանից էժան գազ է ստանում եւ վերավաճառում է ԵՄ-ին: Մենք էլ մի օրինակ բերենք` Մոլդովայի օրինակը, որը նույն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի եւ եվրաինտեգրման խոստումների դիմաց հրաժարվեց ռուսական էժան գազի մատակարարումներից եւ անցավ իբրեւ թե եվրոպական գազ գնելուն: Այս տարի Մոլդովայի կառավարությունը 41 տոկոսով բարձրացրել է պետական Energocom ընկերության կողմից բնակչությանը մատակարարվող գազի սակագինը` 400 եվրոյից դարձնելով գրեթե 600, բայց քանի որ շուկայական գները շարունակում են աճել, ընկերությունը հիմա պահանջում է նոր բարձրացում: Մոդովային մատակարարվող գազը գալիս է Ռումինիայից, այն ռուսական է, Ռուսաստանը գազը «Թուրքական հոսք» գազամուղով մատակարարում է Թուրքիային, այնտեղից գազը գնում է Բուլղարիա, հետո՝ Ռումինիա եւ, ի վերջո` Մոլդովա: Հիմա հարց. Մոլդովան եվրոպակա՞ն գազ է գնում, քանի որ այն գալիս է ԵՄ տարածքից, թե՞ ռուսական, քանի որ այդ գազն արդյունահանվել է Ռուսաստանում: Այս հարցը շատ կարեւոր է, երկրորդականն այն է, թե արդյոք խելամիտ չէ՞ր լինի շարունակել գնել մի քանի անգամ էժան գազ` ուղիղ Ռուսաստանից, թե՞ նույն գազը՝ մի քանի միջնորդների միջոցով ու մի քանի անգամ թանկ:
Ռուսաստանից էներգետիկ անկախություն ստանալու մի տարբերակ էլ կա՝ ընդհանրապես գազ չսպառելը կամ հնարավորինս քիչ սպառելը: Դրա համար պետք է երկու բան՝ ոչնչացնել դեռեւս գոյություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններն ու գազ սպառող մյուս տնտեսությունները եւ էականորեն կրճատել բնակչության թիվը: Մոլդովան դա հաջողությամբ իրականացնում է. երկրի բնակչությունը վերջին 10 տարում նվազել է մոտ 600 հազարով, 2014-ի 3 միլիոնի փոխարեն երկրում հիմա ապրում է 2.3 միլիոնից մի փոքր ավելի մարդ: Արդյունքում գազի սպառումն իջել է մինչեւ 0,9 միլիարդ խորանարդ` մեկ տարվա կտրվածքով՝ այն դեպքում, երբ Հայաստանում այդ թիվը տարեցտարի աճում է` հասնելով 2,2-2,5 միլիարդի: Եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում այս «փորձը» եւս կարող է փոխանցվել Հայաստանին: Եթե Փաշինյանին հաջողվի կիսով չափ կրճատել Հայաստանի բնակչությունը, այդքանով էլ կկրճատվի տնտեսությունը, իսկ գուցե՝ նաեւ ավելի շատ, այդ դեպքում նա կարձանագրի, որ Հայաստանը կրկնակի չափով ավելացրել է իր էներգետիկ անկախությունը: Մի բան, որին նա հետեւողականորեն ձգտում է: