Բռնապետի գաղտնի արխիվը՝ երկրորդ թղթապանակ․ Թիրախը

Բռնապետի գաղտնի արխիվը՝ երկրորդ թղթապանակ․ Թիրախը

Tue, 29 Sep 2026 19:15:01 +0400


N թվականին, երբ «Սրբազան արժեքների միաբանություն» ուխտի շնորհիվ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում վաղուց հաստատվել էր արդարություն, ուստիեւ՝ համերաշխություն ու խաղաղություն, իսկ սերն ու բարությունը դարձել էին մարդ արարածի կենսաբանական հատկությունը, եւ թվում էր, թե Բռնապետից մնացել էր միայն հերոստրատյան հիշողություն, հանկարծ նա կրկին հիշեցրեց իրեն․ կարծես ցանկանում էր ապացուցել, որ իրեն մոռանալն անհնար է․ հայտնաբերվեց նրա գաղտնի արխիվի եւս մի թղթապանակ, որտեղ Բռնապետը խոսում էր իրեն համակած վախերի, մղձավանջային հոգեվիճակների, սպառնացող անխուսափելի հատուցման եւ դրանից խույս տալու մտահնարքների մասին։ Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ թղթապանակի, որտեղ Բռնապետի գրառումները բավական կառուցիկ ու ամբողջական տեսք ունեին, այս մեկը շատ հեղհեղուկ էր ու ցաքուցրիվ, հիշեցնում էր առանց որեւէ սկզբունքի իրար գլխի հավաքած նյարդային գրառումների պատառիկներ։

Ընդ որում՝ արված անհավանական թվացող տեղերում, տարբեր թղթերի վրա (սեւագրությունների մնացորդներ, ծոցատետրից պոկված էջեր, ճենճոտ անձեռոցիկներ, ծխախոտատուփեր, որոնց վրա պատկերված էին այն ժամանակներում մահացու համարվող հիվանդությունների սահմռկեցուցիչ պատկերներ, դեղին զուգարանաթղթի գլանիկներ, որոնց գրառումները կարդալու համար պետք էր տարածել սենյակի հատակով մեկ եւ կարողանալ կարդալ այնպես, ինչպես գրվել էին՝ ծնկաչոք ու չորեքթաթ։ Նույն թղթի օգտագործված կտորներ, ճաշացուցակի լղոզված էջեր, A 4 չափի կավճապատ թղթեր, որոնց վրա գնդիկավոր գրիչը դժվարությամբ էր հետքեր թողել, գրողն ստիպված էր եղել նույն տառի, նույն գծի վրա գրիչը շարժել մի քանի անգամ, եւ գիրը ստացվել էր թռչունի ճանկռվածքի նման տգեղ ու անընթեռնելի եւ այլն, եւ այլն)։ Իհարկե, այս հանգամանքն ինքնին կարող էր հետաքրքրություն ներկայացնել հոգեբանների կամ հոգեբույժների կամ այլ պաթոլոգաբանների համար, ինչի մասին գուցե կխոսենք հետագայում։
Հարկ է անպայման նշել, որ այդ գրառումներն ի մի բերելը բավական դժվար, նույնիսկ տհաճ, հոգնեցուցիչ ու ձանձրալի զբաղմունք էր։ Սակայն քանի որ տողերիս հեղինակը հանձն է առել Բռնապետի գաղտնի արխիվի պարունակությունը հնարավորինս մատչելի հրապարակայնացնելու պարտականությունը, որոշեցինք մի փոքր խմբավորել այդ գրառումները, ներկայացնել իբրեւ մենախոսություններ, ավելի ճիշտ՝ մենախոսություն-մենախոստովանություններ, իսկ անհրաժեշտության դեպքում տալ որոշ բացատրություններ ու մեկնաբանություններ։
Բնականաբար, մեզ ինչ-որ կերպ ներկայացնելու անհրաժեշտություն էլ կա, ուստի հարկ համարեցինք մեզ ներկայացնել իբրեւ Բռնապետի ժամանակակից, ընթերցողի կողմնորոշումը հեշտացնելու համար կոչել «Տարեգիր» կեղծանունով։
Եվ այսպես․

Տարեգիր

Թղթապանակը սկսվում էր մի տարօրինակ մեջբերումով, որը, ամենայն հավանականությամբ, քաղված էր ինչ-որ գրքից կամ հրապարակումից։

Բռնապետ

Ես թիրախ եմ։ Թիրախը ես եմ։
Այն օրվանից, ինչ դարձա աշխարհի ամենահզոր, ամենահարուստ, ամենաժողովրդավար, ամենահումանիստական, ամենաազատ, ամենաինքնիշխան եւ բազում այլ ամենա-ների արժանացած եւ դեռ արժանանալու արժանի երկրի բռնապետը, գիտեմ, որ մահն անընդհատ հետապնդում է ինձ։ Անընդհատ զգում եմ ինձ ուղղված հրացանի փողի սառնությունը, իմ սիրտը նշանացույցի միջով փնտրող սեւեռուն ու չարագույժ հայացքը, ձգանը սեղմելու պատրաստ աներեր մատը։ Տեսնում եմ օդը ճեղքելով դեպի ինձ սուրացող գնդակը։

Երբ արթնանում եմ ու նայում պատուհանից, առաջին միտքս այն չէ, թե ինչ եղանակ է, կամ հիանամ լուսաբացի գեղեցկությամբ, ունկնդրեմ թռչունների գեղգեղանքը, լիաթոք վայելեմ առավոտյան թարմ, մաքուր, զգլխիչ օդը կամ մտածեմ պետական գործերի մասին։ Ո՛չ։ Առաջին միտքս կասկածանքով շուրջս զննելն է, համոզվելը, որ պատուհանները փակ են, իսկ զրահապատ ապակիները ոչ ոք չի փոխել։ Ապա հայացքս թափառում է հեռու ու մոտ շենքերի ուղղությամբ․ յուրաքանչյուր պատուհան կարող է դիտակետ լինել, յուրաքանչյուր կտուր կարող է լինել թաքստոցը մարդասպանի, որը հիմա նշանացույցի միջով նայում է աչքերիս մեջ, որսում հարմար պահ։
Ու այդպես՝ ողջ օրը։ Նույնիսկ երբ զուգարան եմ գնում կամ լոգանք ընդունում, սառը ջրի շիթից էլ սառը՝ թիկունքիս զգում եմ Նրա հայացքը։ Նա ինձնից լավ գիտի իմ կյանքը, իմ ժամանակացույցը, իմ սովորությունները։ Իսկ գնդակի համար ապակին ու դուռը սոսկ թղթե պատնեշ են, ինչքան էլ զրահապատ ու անթափանց լինեն։ Ուղղակի մղձավանջ է։

Իսկ հետո, երբ հայտնվում են սպասավորներն ու նախաճաշ պատրաստում, բոլորը դառնում են կասկածելի․ յուրաքանչյուրը կարող է մարդասպանը լինել։ Ոչ միայն սպասավորները․ ո՞վ կարող է երաշխավորել, որ ենթականերից մեկը Նա չէ։ Կամ կառավարության անդամներից մեկը։ Կամ սենատորներից ու կոնգրեսականներից մեկը։ Կամ պատահական անցորդներից մեկը։ Կամ ճեպազրույցներում ու ասուլիսներում տհաճ կամ ցանկալի հարց տվող լրագրողներից մեկը։ Ի՞նչ իմանամ, որ օբյեկտիվը նշանացույց չէ, եւ հարցի տակ կրակոց չի թաքնված։ Ի՞նչ իմանամ, որ երբ ասում եմ պատմական, ժողովրդի, երկրի, մարդկության ու մոլորակի ճակատագիրն ու ապագան վճռող հերթական նախադասությունը, այն մարդասպանի համար չի դառնում ձգանը սեղմող ազդակ։
Իսկ երբ ճարահատյալ դուրս եմ գալիս ժողովրդի առջեւ ու ձեռքերս վեր պարզած, տխմար ժպիտը դեմքիս՝ ողջունում հպատակներիս, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրաշալի թիրախ եմ, պատկերացնո՞ւմ եք Նրա եղկելի ժպիտն ու իմ ապուշ, սարսափահար հայացքը։ Ի՞նչ իմանամ, թե ժպտադեմ ինձ ողջունող այդ ստահակներից որն է Նա, ում ժպիտի ետեւում է կրակոց թաքնված։ Կասկածելի են բոլորը։

Կամ՝ ի՞նչ պակաս թիրախ եմ, երբ հանդիպում եմ դիվանագետների հետ․ գիտեմ, որ ծեքծեքուն ժպիտների, շողոմ խոսքերի, ստորաքարշ մեծարանքի տակ թույն ու թշնամանք են թաքնված։ Բոլորս թշնամի ենք միմյանց․ բոլոր պայմանագրերը, դաշնագրերը, խաղաղության երդումները, շնորհավորական ուղերձները թաքուն սպառնալիք են միմյանց եւ անձամբ իմ հանդեպ։ Բոլորը մտածում են միմյանցից եւ հենց ինձնից ազատվելու մասին։ Նույնիսկ նրանք, ովքեր իմ հրահանգով զորք ու բանակ են շարժում թշնամական պետությունների դեմ ու իմ շնորհիվ հաղթանակ կռելով՝ արժանանում փառքի ու դափնիների։ Նույնիսկ նրանք, որոնց երկրից հանում եմ զորքս ու խաղաղություն պարգեւում, բարեկեցության ու ապահովության երաշխիք շնորհում։ Նույնիսկ նրանք, որոնց ցանկությամբ, պահանջով ու հրահանգով իմ երկրի դարպասներն եմ բացում, ցուցադրում իմ ամենազոր կամքն ու բնավորությունը։ Այդ տխմարներին, բոլորին թվում է, թե պետությունը ես եմ եւ կարող եմ անել ամեն ինչ։

Այնինչ, իրականում ես թիրախ եմ։ Մանավանդ այն ժամանակ, երբ հանգստանում եմ, թենիս խաղում կամ սուզվում եմ ջրավազանի մեջ, կամ նժույգավարությամբ զբաղվում, կամ պարտեզի ծաղիկները խնամում։ Ի՞նչ իմանամ՝ թենիսի ռետինե գնդակն ահռելի զորությամբ ռումբ չէ՞։ Կամ ջրավազանի խորքերում սուզակի զգեստով, կետորսի հարպունը ձեռքին՝ մարդասպան չի՞ թաքնված։ Կամ որտե՞ղ է գայթելու նժույգի պայտը։ Կամ ի՞նչ թունավոր գոլորշիներ է արձակելու իմ խնամած վարդը։

Ինձ կարող են սպանել ամենուր։ Ինձ ուզում են սպանել միշտ։ Ինձ ուզում են սպանել բոլորը։ Մանավանդ՝ իմ տերերը, ինչպես անցյալում եղել է բազմիցս, այլոց հետ, ինչպես լինելու է ապագայում, միշտ։ Մանավանդ՝ իմ համախոհները, ինչպես եղել է բազմիցս, ինչպես լինելու է միշտ։ Մանավանդ՝ իմ ամբոխը, ինչպես եղել է բազմիցս, ինչպես լինելու է միշտ։ Մանավանդ՝ իմ թիկնապահը, ինչպես եղել է բազմիցս, ինչպես լինելու է միշտ։

Օ՜, իմ թիկնապահը։ Կարծում է՝ չեմ նկատում, թե ինչպես է ինձ պաշտպանելը վերածում ինքն իրեն պաշտպանելու գործողության․ իբր թե իմ շարժումները կրկնելով, ինձ նմանակելով, իմ ստվերը ներկայանալով՝ խնամքով սողանցք թողնում իր ու Նրա միջեւ։ Այդպիսով ինձ դարձնում թիրախ։

Օ՜, իմ համախոհները։ Գաղափարակիցներն ու զինակիցները։ Իմ հետեւորդները։ Ապերախտությունը բոլոր ժամանակների արատն է, բայց իմ ժամանակի արժանիքը։ Ծափահարեք ու մեծարեք ինձ, պարոնայք։ Դա ես եմ ստեղծել, տարածել ու ներարկել։ Շատերն են ցանկացել ու ձգտել, բայց ե՛ս, ե՛ս եմ հաջողել։ Իսկ այս պրիմատները կարծում են, թե ես չեմ նկատում, թե ինչպես, իմ՝ թիրախ դառնալուն զուգընթաց, իրենք փորձում են մեկուսանալ, հեռանալ ինձնից։ Տեսեք, թե ինչ են մոգոնել իբրեւ արդարացում, ինչ աֆորիզմ են երկնել՝ դավաճանին դավաճանողը դավաճան չէ։ Բայց թույլ տվեք ճշտել, պարոնայք․ դավաճանը նա է, ով ինքն իրեն է դավաճանում։ Ես ինձ հավատարիմ եմ։ Անում եմ այն, ինչը բխում է իմ էությունից, պատկերացումներից, նպատակներից։ Ես ես եմ։ Ես անում եմ այն, ինչն ինքս եմ կամենում։ Ես իմ կամքով եմ առաջնորդվում։ Իսկ դո՞ւք։ Դուք անում եք այն, ինչ ես եմ կամենում։ Անգամ եթե դա դեմ է ձեր պատկերացումներին, սկզբունքներին, գաղափարներին, նույնիսկ ինքնապահպանական կենդանական բնազդին։ Նույնիսկ չեք սպասում իմ հրամանին, հրահանգին, կարգադրությանը, ակնարկին։ Փորձում եք գուշակել իմ ցանկությունները, մտադրությունները, նպատակները։ Եվ բավարարել։ Եվ հաճոյանալ։ Անգամ ինքներդ ձեզ դավաճանելով։ Բայց ձեւացնում եք, թե շարժվում եք ձեր համոզմունքների ու սկզբունքների համաձայն։ Իբր թե դուք ես չեմ։ Իբր թե ես չեմ ստեղծել ձեզ, իբր թե դուք իմ զոմբիները չեք։ Իբր դուք չէիք, որ սափրվում էիք իմ սափրվելու հետ եւ մորուք էիք պահում, երբ ես չէի սափրվում։ Օ՜, իմ փքված ողորմելիներ։ Իմ անողնաշար կամակատարներ։ Իմ հպարտ կոմֆորմիստներ։ Նշանացույց եք տեսել՝ ուզում եք, փորձում եք դուրս գալ իմ ու Նրա արանքից, ինձ դարձնել թիրախ եւ այդպիսով սպանել ինձ։ Չգիտեք, որ այդպիսով դուք ձեզ եք դարձնում թիրախ, դուք ձեզ եք սպանում։ Որովհետեւ ամեն ոք ունի պատասխան տալու իր ժամանակն ու չափը։ Իսկ ձեր չափը իմ չափից առավել է, փսլնքոտներս, որովհետեւ այն, ինչ ես անում եմ գիտակցաբար, դուք անում եք ստրկաբար։ Ինչն առավել արգահատելի ու պատժելի է, քան նույնիսկ գիտակցված ստորությամբ արվածը։

Շարունակելի

Հակոբ Սողոմոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգել է, Պուտինը ասել է` չի թանկանա

Զանգել է, Պուտինը ասել է` չի թանկանա Tue, 29 Sep 2026 19:45:38 +0400 Latest news…

12 րոպե ago

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Tue, 29 Sep 2026 19:45:18 +0400 Թուրքիայի…

13 րոպե ago

Սարգիս Հայոցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին

Սարգիս Հայոցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին Tue, 29 Sep 2026 19:40:05 +0400 ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն…

18 րոպե ago

Նախագահի լիազորությունները փոխանցվել են խորհրդարանի խոսնակին

Նախագահի լիազորությունները փոխանցվել են խորհրդարանի խոսնակին Tue, 29 Sep 2026 19:30:43 +0400 Սերբիայի նախագահ Ալեքսանդր…

27 րոպե ago

Փաստաբանը մանրամասներ է հայտնում Վահրամ Սահակյանի կալանավորումից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում Վահրամ Սահակյանի կալանավորումից Tue, 29 Sep 2026 19:11:05 +0400 Latest news…

47 րոպե ago

Հակառուսական սանկցիաներն ընդլայնվել են

Հակառուսական սանկցիաներն ընդլայնվել են Tue, 29 Sep 2026 19:00:08 +0400 Եվրամիության Խորհուրդը հաստատել է 10…

58 րոպե ago