«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները

Tue, 29 Sep 2026 23:19:07 +0400


Այսօրվա մեդիա օրակարգի առանցքը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի Երևան կատարած այցն է և նոր ատոմակայանի առաջարկը։ Մեդիան նաև արագ ու բուռն է արձագանքել սցենարիստ Վահրամ Սահակյանի ձերբակալությանը և Երևանում վերամբարձ կռունկի ողբերգական վթարին։ Այս ու այլ թեմաների շուրջ հայալեզու մամուլն ունեցել է ավելի, քան 2 766 հրապարակում, որոնք վերլուծվել են մեդիա մոնիտորինգի գործիքակազմի կիրառմամբ։ Այդ վերլուծությամբ էլ կազմվել են օրվա նորությունների մեդիադեմքերի ցանկերը։

ՕՐՎԱ ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. «Ռոսատոմ»-ը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ — 111 հիշատակում

Փաստեր. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը և նոր էներգաբլոկի կառուցման ռուսական առաջարկները։ Լիխաչովի խոսքով՝ «Ռոսատոմ»-ը կառավարությանը կոնկրետ առաջարկ է ներկայացրել առնվազն 1 ԳՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով էներգաբլոկի վերաբերյալ՝ միջազգային կոնսորցիումի ձևաչափով, որին կարող են մասնակցել նաև եվրոպական և ասիական ընկերություններ։ Նա նշել է, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը, իսկ մինչև 2046 թվականը երկարաձգելու համար կպահանջվեն հարյուր-միլիոնավոր դոլարի ներդրումներ։ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը շարունակում է քննարկել միջազգային գործընկերներից ստացված առաջարկները, որոշումը կընդունվի առաջիկայում և բացառապես տնտեսական բնույթ կունենա՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետներն ու երաշխիքները։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսաբանման մեծ մասը կենտրոնացել է ռուսական առաջարկի մանրամասների վրա։ Ուշագրավ է Լիխաչովի արձանագրումը. նրա գնահատմամբ՝ առաջարկը շուկայում առկա լավագույնն է, սակայն Հայաստանը «առայժմ չի կիսում» այդ տեսակետը։ Այս ձևակերպումը, Փաշինյանի՝ «բացառապես տնտեսական որոշում» ընդգծման հետ միասին, մեդիայի կողմից ընկալվել է՝ որպես ազդակ, որ ընտրությունը դեռ բաց է այլընտրանքային մատակարարների համար։ Առանձին տարածվել է նաև Լիխաչովի՝ Պուտինին ներկայացրած զեկույցը, որում նա նշել է, որ Հայաստանը «չի կարելի հանել» «Ռոսատոմ»-ի նախագծերի երկրների ցանկից։

Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը՝ ֆեյսբուքյան գրառման համար — 76 հիշատակում

Փաստեր. Ըստ Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրող հրապարակում. 2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ հրապարակումը պարունակում է ատելություն։ Սեպտեմբերի 29-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նա ձերբակալվել է։ Սահակյանը տեղափոխվել է Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար, գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսաբանման զգալի մասը վերարտադրել է Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը։

Հակասող նարատիվներ.

  • Պաշտոնական խոսույթ. Քննչական կոմիտեն գործը ներկայացնում է՝ որպես ատելության խոսքի դեմ պայքարի դրսևորում՝ հենվելով փորձագիտական եզրակացության վրա։
  • Ժամկետի և համաչափության հարց. Ռուբեն Մելիքյանը ընդգծել է, որ Սահակյանին ձերբակալել են «մեկուկես տարի առաջ արված ինչ-որ գրառման համար»։
  • Քաղաքական հետապնդման խոսույթ. Մի շարք ընդդիմադիր հրապարակումներում ձերբակալությունը ներկայացվել է՝ որպես «մտավորականների նկատմամբ ճնշումների շարունակություն»։ Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը հեգնանքով այս դեպքն անվանել է իշխանության «լեգիտիմության» և «խոսքի ազատության» ցուցիչ։
  • Դատավորի ընտրության հարց. Առանձին հրապարակումներում հարցադրում կա, թե ինչու է գործը մակագրվել նույն դատավորին, որին ավելի վաղ մակագրվել էր Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը։

Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կա 3 զոհ — 75 հիշատակում

Փաստեր. Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 հեռախոսահամարին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի 120 հասցեի մոտակայքում շինարարական աշխատանքների ընթացքում վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Զոհվել է երեք աշխատող, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել շինարարական աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ (3 դրվագ)։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսաբանումը հիմնականում արտակարգ լուրի ձևաչափով էր՝ դեպքի վայրից թարմացումներով և զոհերի քաղաքացիության պարզաբանմամբ։

Հոկտեմբերի 5-ից ՌԴ-ում և Վրաստանում ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ անձնագրերի տրամադրումը — 42 հիշատակում

Փաստեր. Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսական գրասենյակները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով։ Պատճառը Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրումն է։ Նույնանման հայտարարություն է տարածել նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Ծառայությունների վերսկսման ժամկետի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը լուսաբանվել է գործնական տեղեկատվության ձևաչափով. հիմնական հարցը, որ մնում է բաց, վերսկսման ժամկետն է։

Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը Հայաստան և ԵԱՏՄ երկրներ — 32 հիշատակում

Փաստեր. Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Հրամանագիրը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ ավելի մեծ գումար կարելի է դուրս բերել ՌԴ կառավարության հաստատած օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ բանկային քաղվածքի առկայության դեպքում։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Հայաստանյան մեդիան լուրը հիմնականում ներկայացրել է Հայաստանի համար ուղղակի հետևանքի տեսանկյունից։ Լուսաբանման մեջ առանձնացել են երեք շեշտ. նախկին շեմի համեմատ «ավելի քան ութապատիկ» կրճատումը (The Moscow Times-ի հաշվարկով), խախտման դեպքում գումարի բռնագրավման խստությունը և Ադրբեջանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ներառումը ցանկում։ Վելուծաբանները կոնկրետացրել են ազդեցությունը հայաստանյան լսարանի համար՝ առանձնացնելով աշխատանքային միգրանտներին, կանխիկով աշխատող փոքր առևտրականներին և Ռուսաստանում գույք վաճառող ու գումարը Հայաստան տեղափոխող հայերին։

ՕՐՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԶՄԵՅՔԵՐՆԵՐԸ (ՄԵԴԻԱ-ԴԵՄՔԵՐԸ)

  • Նիկոլ Փաշինյան — կրկին եղել է օրվա ամենահիշատակվող դեմքը՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ հանդիպման և «Կառավարության կադրային բանկի» արդյունքների ներկայացման կապակցությամբ։
  • Ալեքսեյ Լիխաչով — «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի այցն ու մամուլի ասուլիսը ստացել են օրվա ամենաբազմաշերտ լուսաբանումը։
  • Վահրամ Սահակյան — սցենարիստի ձերբակալությունը դարձել է օրվա ամենաքննարկված ներքաղաքական թեման։
  • Վլադիմիր Պուտին — կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակման մասին հրամանագիրն ուղղակի առնչվում է Հայաստանին։
  • Թաթա Սիմոնյան — երգչի թիմը հերքել է 20 մլն դրամ անձնական հոնորար ստանալու մասին լուրերը, ինչի կապակցությամբ էլ նա հայտնվել է օրվա մեդիա դեմքերի թոփում։

ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ

  • Թաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է, որ Անկախության տոնի համերգի համար հատկացված 20 մլն դրամը ամբողջ երաժշտական նախագծի բյուջեն է, ոչ թե անձնական հոնորար, և հրապարակել է արդեն կատարված ծախսերը (շուրջ 9 մլն դրամ)։
  • Christian Solidarity International (CSI) միջազգային կազմակերպությունը կոչ է արել ՀՀ կառավարությանը հետ կանչել Եկեղեցու մասին զեկույցը և հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու ծրագրից։
  • ՍԱՏՄ-ն գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ է հայտնաբերել, 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։
  • Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները. 1141 հայտից ընտրվել է 29 երկրից 269 թեկնածու։
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց՝ պնդելով, որ Ռուբեն Ռուբինյանը իրավասու չէ իր ելույթը հանելու հարցում։
  • Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ։
  • Հակակոռուպցիոն դատարանը անվավեր է ճանաչել Վեդի համայնքի 515 հա մակերեսով 11 հողատարածքների աճուրդները։
  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ Խորհրդի պատվիրակությանը հայտնել է, որ Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։
  • «Ռիբոկ» համալիրի լողավազանում օգոստոսին ջրահեղձ եղած աղջիկը մեկուկես ամիս անց մահացել է. դեպքի առթիվ քրեական վարույթ է ընթանում։

ԵՐԵԿՈՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • «Այբ կրթական հանգույց»-ի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանը Գերմանիայի Քիլ քաղաքում ընթացող ԵՄ երիտասարդ գիտնականների 37-րդ մրցույթում արժանացել են հատուկ մրցանակի՝ կենսատնտեսության ոլորտում։
  • Ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանը «Լոգիկա» նժույգով արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունում։
  • SpaceX-ն առաջին անգամ իր ամենամեծ՝ Starship հրթիռն ուղեծիր է դուրս բերել. 14-րդ փորձնական թռիչքի ընթացքում ուղեծիր է հասցվել 26 արբանյակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Tue, 29 Sep 2026 23:43:01…

27 րոպե ago

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի Tue, 29 Sep 2026 23:33:25 +0400 ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ…

37 րոպե ago

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը Tue, 29 Sep 2026 23:04:01 +0400 Այսօր ձերբակալվել…

1 ժամ ago

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»…

1 ժամ ago

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում Tue, 29 Sep…

1 ժամ ago

Դեֆանս Հաուզինգ․ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այլ ընկերության աշխատանքների ժամանակ

Դեֆանս Հաուզինգ․ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այլ ընկերության աշխատանքների ժամանակ Tue, 29 Sep 2026…

1 ժամ ago