Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին

Wed, 30 Sep 2026 17:15:11 +0400


Վաղարշապատի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախագիծ: Այն հաստատվելու է հոկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու նիստում: Հիշեցնեմ, որ վերջինս «իրական Հայաստանի» 10 «տիրադավ» եպիսկոպոսների խմբից է: Ենթադրվում է, որ պատվավորի կոչում շնորհելը կարող է լինել մոտ ապագայում նրան կաթողիկոսի թեկնածու առաջադրելու առաջին քայլը, եթե, իհարկե, ՀՀ «մեծարգո վարչապետը» հաղթանակ տանի Հայ առաքելական եկեղեցու դեմ նախաձեռնած հակահայկական պատերազմում: Իսկ Վեհափառ հայրապետին պատերազմ հայտարարելը նշանակում է պատերազմ Եկեղեցու դեմ: Ճիշտ այնպես, ինչպես վարչապետի աթոռից կառչած անձի դեմ պայքարն իշխանության կողմից ընկալվում է որպես պայքար պետության դեմ: Չնայած առաջին դեպքում ասվածը ճշմարիտ է եկեղեցական կանոնագրքի տրամաբանությամբ, իսկ երկրորդ դեպքում հակասահմանադրական դիրքորոշում է:

Ասեմ, որ հոգեւորականին որեւէ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու երեւույթը նոր չէ: Հենց նույն Վաղարշապատում Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին 2009-ին շնորհվել է «Էջմիածնի պատվավոր քաղաքացի» կոչումը: 10 «տիրադավներից» Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը 1991-ին ստացել է Օշականի պատվավոր քաղաքացու կոչումը, երբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայրն էր (1991-1996 թթ.)՝ վարդապետի աստիճանով: Նա 1995-ին արժանացել է նաեւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ 1995-ին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր: 2015 թվականին Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին (մահացել է 2020-ին): Երեւի էլի են եղել որեւէ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում ունեցող հոգեւորականներ, բայց ներկայացվածն էլ բավարար է:
Տեղեկանք Վիքիպեդիայից. Ալֆորվիլը 45 հազար բնակչությամբ համայնք եւ քաղաք է Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում: Այն հանդիսանում է Փարիզի հարավ-արեւելյան արվարձաններից մեկը եւ գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը 7.6 կմ հեռավորության վրա:

Առաջին հայացքից նորմալ համայնքային պրակտիկա է հոգեւորականին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն այնտեղ, որտեղ նա ազգանպաստ գործունեություն է ծավալում: Ու եթե Հայ առաքելական եկեղեցու դեմ չնախաձեռնվեր պատերազմ, ապա Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի դեպքը ոչնչով չէր տարբերվի նախորդներից: Սակայն մեր պայմաններում՝ հաշվի առնելով վերջինիս «տիրադավ» լինելը, պարզ է, որ դա ունի հստակ քաղաքական ուղղվածություն, ինչը հերթական անգամ վկայում է, որ գործող իշխանության պարագայում մխտռվում է նույնիսկ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու ինստիտուտը: Դրանով էլ հերթական անգամ արձանագրվում է ինստիտուցիոնալիզմի իբրեւ թե ջատագով անձի վարչապետության հակաինստիտուցիոնալ բնույթը:

Ի դեպ, նորմալ չես կարող բնորոշել նաեւ Արմավիրի թեմի դիրքորոշումը: Երբ հայ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը քննադատեց «տիրադավ» եպիսկոպոսներին ու դրանց թվում արքեպիսկոպոս Ադամյանին, թեմը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով թեմի առաջնորդին։ Միաժամանակ, ուշադրություն՝ թեմը դատապարտեց եկեղեցականների նկատմամբ իրականացվող հանրային ու քաղաքական ճնշումները՝ ստեղծված իրավիճակն անվանելով «իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավ»։ Սա ի՞նչ է, եթե ոչ «հա՛մ սալին, հա՛մ մանգաղին» երեւույթի դրսեւորում: Այդ գիծն այսօր շարունակեց նաեւ հենց ինքը՝ թեմի առաջնորդը, հայտարարելով, որ իր «համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։ Իսկ դա նշանակում է, որ նա փորձում է տեղավորվել թե՛ հակաեկեղեցական եւ թե՛ ընդդեմ իշխանության ճամբարներում:

ՀԳ. Ենթադրում եմ, որ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու լավ առաջնորդ, եթե հայ ժողովուրդը պարտվի Փաշինյանին, եւ Հայաստանը զրկվի պետականությունից, որովհետեւ միայն այդ դեպքում ամբողջովին կբացահայտվի նրա՝ հակամարտ կողմերի միջեւ խուսանավելու կարողությունը: Բայց քանի որ ես չեմ կարծում, թե հայ ժողովուրդը պարտվելու է Փաշինյանին, ապա Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի այդ կարողությունն էլ պետք չի գալու ո՛չ նրան եւ ո՛չ էլ հայ ժողովրդին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը Sat, 24 Oct 2026 18:00:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 րոպե ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց Sat, 24 Oct 2026 17:33:30 +0400…

30 րոպե ago

Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով

Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով Sat, 24 Oct 2026 17:30:38 +0400 Հռոմի Լեւոն 14-րդ Պապը…

32 րոպե ago

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում Sat, 24 Oct 2026 17:15:25 +0400 Նիկոլ Փաշինյանը գուցե չի…

48 րոպե ago

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն Sat, 24 Oct 2026…

1 ժամ ago

Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից

Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից Sat, 24 Oct 2026 16:30:16 +0400 Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում…

2 ժամ ago