Ոչ թե խաղաղության, այլ խաղաղեցման քաղաքականություն

Ոչ թե խաղաղության, այլ խաղաղեցման քաղաքականություն

Wed, 30 Sep 2026 18:15:00 +0400


Փաշինյանն իր թիմակիցներին հրահանգել է այնպիսի արտահայտություններ չանել, որոնք կարող են գրգռել Ադրբեջանին` այդ երկրի իշխանություններին։ Հրահանգել է հակառակը՝ հնարավորինս հաճոյանալ, արտահայտել հնազանդություն եւ խոնարհություն: Ինքն էլ իր գործունեությամբ եւ խոսքով օրինակ է ծառայում: Դրա համար է, որ Հանրային հեռուստատեսություն կոչվածի ղեկավարությունը Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրը համերգային ծրագիր է հեռարձակում՝ համոզված լինելով, որ, կատարելով փաշինյանական ցուցումը, դրանով հաճոյանալու են Ադրբեջանին: Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը խոստանում է փոխել Սահմանադրությունը եւ հրաժարվել Անկախության հռչակագրից, նաեւ՝ Ադրբեջանի հրահանգով արշավ է կազմակերպում Հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդի դեմ, «Տիգրանաշեն»-ի փոխարեն «Քյարքի» է ասում, Գերմանիայում մրցանակ են տալիս, ասում է, որ նման մի մրցանակի էլ Ադրբեջանի նախագահն է արժանի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից քծնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին:

Այս քաղաքականությունը կոչվում է խաղաղեցում, ռուսերեն՝ умиротворениe, ինչու ենք ռուսերեն թարգմանությունը գրում՝ որովհետեւ «խաղաղեցում»-ը հայերենում այնքան էլ չի գործածվում: Խաղաղեցման քաղաքականությունը հայտնի է նախորդ դարի 30-ականներից, դրա հեղինակը կամ համահեղինակը Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբեռլենն էր: Գերմանիայում նացիստական կուսակցության եւ Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գալուց հետո աճում էին ռեւանշիստական տրամադրությունները, Հիտլերն ուզում էր ռեւանշ վերցնել Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած պարտության եւ նվաստացման համար, իսկ Բրիտանիան եւ Ֆրանսիան փորձում էին հանգստացնել Հիտլերին: Նրանց թվում էր, որ Ավստրիայի, Չեխոսլովակիայի հաշվին մանր, առաջին հայացքից ոչ էական զիջումներ անելու միջոցով իրենք կարող են բավարարել ագրեսորի կրքերը, բավարարել նրա ռեւանշիստական հակումները եւ դրանով Եվրոպան ազատել մեծ պատերազմի սպառնալիքից: Ագրեսորին խաղաղեցնելը դարձավ հոմանիշ՝ նրան մանր, ոչ նշանակալի զիջումներով բավարարելու եւ հանդարտեցնելու ձախողակ քաղաքականությունը:

Թե ինչի հանգեցրեց այդ խաղաղեցումը, հայտնի է բոլորին․ Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն այդ մանր զիջումներից ոչ միայն չբավարարվեց ու չհանդարտվեց, այլեւ այդ զիջումներն ընկալեց որպես հակառակորդի թուլության, վախկոտության նշան, եւ նրա ախորժակն էլ ավելի մեծացավ: Մեծ Բրիտանիան եւ ավելի մեծ չափով Ֆրանսիան հետագայում ստացան իրենց չհաշվարկված քաղաքականության հատուցումը․ Մեծ Բրիտանիան՝ իր տարածքի ռմբակոծության եւ ավերածությունների, Ֆրանսիան՝ պարտության, օկուպացիայի եւ կապիտուլյացիայի տեսքով:

Ադրբեջանը Գերմանիա չէ, եւ Իլհամ Ալիեւն էլ Ադոլֆ Հիտլեր չէ, չնայած որոշ նմանություններ ակնառու են: Նա եւս ապրել է պարտության եւ դրա դիմաց ռեւանշի հասնելու գիտակցության պայմաններում եւ հիմա հասել է իր երազանքի իրականացմանը: Չնայած ողջ Արցախի եւ Հայաստանի տարածքի մի մասը զավթելուն, նա չի համարում, որ բավարարված են իր ռեւանշիստական հակումները, ձգտում է ավելիին՝ Հայաստանի ամբողջական զավթմանը եւ ոչնչացմանը, ինչպես Հիտլերը՝ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեպքում: Փաշինյանը, իհարկե, դա շատ լավ հասկանում է, բայց դրա դեմն առնելու ո՛չ խելք ունի, ո՛չ համարձակություն եւ ո՛չ էլ հմտություն: Նա գիտի, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն հակամարտող կողմերի միջեւ ուժերի որոշակի հավասարակշռության դեպքում, երբ հակառակորդ երկիրը վստահ չէ իր հաղթանակում, մտավախություն ունի, որ պատերազմ սանձազերծելու դեպքում հաղթելու փոխարեն կարող է պարտվել եւ կորցնել ամեն ինչ: Բայց այդ հավասարակշռությունը նա չի կարող ապահովել:

Փաշինյանի պատկերացմամբ՝ եթե իրական խաղաղության հնարավոր չէ հասնել, կարելի է խաղաղեցնել Ադրբեջանին, կատարել նրա բոլոր մանր ցանկությունները եւ քմահաճույքները, որեւէ ձեւով չհակադարձել Ադրբեջանին եւ նրա իշխանության ներկայացուցիչներին, նույնիսկ մի բան էլ ավելին անել, միջազգային հանրությանը, այսպես ասած՝ մեծ տերություններին էլ ասել, թե, տեսեք՝ Հայաստանն իր վարքով որեւէ վտանգ կամ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար, Ադրբեջանն առանց պատերազմի ստանում է այն, ինչ ցանկանում է, այդ դեպքում ինչո՞ւ պետք է պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Փաշինյանը մտածում է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա միայն այն դեպքում, երբ պատերազմ սկսելու լեգիտիմ իրավունք ունենա, ասի՝ տեսեք, Հայաստանն իրեն օրինավոր չի պահում, խախտում է ինչ-ինչ պայմանավորվածություններ, ես էլ իրավունք ունեմ ուժի միջոցով հարկադրելու՝ կատարել այդ պայմանավորվածությունները:

Խնդիրն այն է, որ որեւէ ագրեսորի հնարավոր չի եղել հնազանդությամբ հանդարտեցնել, եւ Ալիեւը բացառություն չէ: Նա ամեն անգամ մեծացնում է Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկը եւ այդ պահանջներին միջազգային լեգիտիմություն է հաղորդում: Հիմա էլ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի Հանրապետության տարածք եւ դրա մասին խոսում է ՄԱԿ-ում՝ այդ պահանջին միջազգային լեգիտիմություն հաղորդելու համար: Մի բան, որի մասին նախընտրական շրջանում զգուշացնում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչը համառորեն հերքվում էր իշխանության կողմից:

Ադրբեջանին եւ դրա ֆաշիստական ռեժիմի առաջնորդին հնարավոր չէ խաղաղեցնել, համաշխարհային պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած նման փորձ ոչ թե բթացնում, այլ էլ ավելի է գրգռում ագրեսորի ախորժակը եւ փոքրացնում նրա դեմ դիմադրության եւ հաղթանակի հնարավորությունը:

Ի դեպ, Փաշինյանի խաղաղեցման քաղաքականությունն ուղղված է ոչ թե հանուն Հայաստանի անվտանգության ապահովմանը, այլ բացառապես իր իշխանության պահպանմանը: Նա տեսնում է, որ այդ քաղաքականությունը երկարացնում է իր իշխանությունը, բայց թուլացնում է Հայաստանը: Սակայն ամեն հաջորդ օրը վարչապետի աթոռին մնալը նա համարում է մեծագույն ձեռքբերում եւ հաղթանակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Տիպիկ բրիտանական սկանդալ»

«Տիպիկ բրիտանական սկանդալ» Wed, 30 Sep 2026 21:00:51 +0400 Բրիտանական այս մինի սերիալը, որ էկրան…

7 րոպե ago

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker…

22 րոպե ago

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն Wed, 30 Sep 2026…

28 րոպե ago

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել Wed, 30 Sep 2026 20:30:50 +0400 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն…

37 րոպե ago

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը Wed,…

42 րոպե ago

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից Wed, 30 Sep 2026 20:15:31 +0400 Սոցիալական ցանցերում…

53 րոպե ago