«Հրապարակ»․ Եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Հայաստան, ուրեմն մեր սահմանները խոցելի են
Fri, 02 Oct 2026 10:45:53 +0400
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաստատեց լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» տեղեկատվությունը, որ Շաքի գյուղ ադրբեջանցի է ներխուժել եւ վնասել ՀՀ քաղաքացու: Իհարկե, փորձեցին այդ տեղեկությունը պրոադրբեջանական շեշտադրումներով ներկայացնել` փաշինյանական խաղաղության լույսի ներքո: Հաղորդեցին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը.
«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաեւ ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Ուշագրավ է, որ 2-3 օր Հայաստանի եւ Ադրբեջանի «իրավասու մարմիններն» իրականացրել են «որոնողական աշխատանքներ» եւ սահմանամերձ տարածքում այդպես էլ չեն գտել սահմանը հատած ադրբեջանցուն: Այսինքն, մենք ո՛չ սահմանապահներ ունենք, ո՛չ ԱԱԾ, ո՛չ բանակ, ո՛չ ոստիկանություն, ո՛չ համայնքային իշխանություններ, որոնք պետք է աչալուրջ լինեին: Դրան գումարած՝ բնակչությանն էլ չեն տեղեկացրել, որ զգույշ լինեն եւ կասկածելի մարդ տեսնելու դեպքում դիմեն իրավապահներին: Թողել են, որ զինված ադրբեջանցին մի քանի օր հանգիստ զբոսնի, վերջում էլ 5 երեխա ունեցող հայ կնոջ վրա կրակի:
Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը մեզ հետ զրույցում պատմել էր. «Ես սանմաքրման աշխատանքներ էի անում` իմ աշխատողների հետ, տեսանք, որ իրավապահ մարմինները մտան գյուղ, եւ ինչ-որ իրարանցում սկսվեց: Բնականաբար, ես՝ որպես վարչական ղեկավար, անհանգստացա, հետաքրքրվեցի եւ փորձեցի հասկանալ` ինչ է կատարվում գյուղում: Մոտեցա եւ խոսակցություններից հասկացա, որ մարդ է ներթափանցել համայնք: Բարձրացա, արյան հետքերով հասա տեղ, տեսա, որ իրավապահներն ինչ-որ մարդու են բռնել»: Ի՞նչ արյան հետք էր։ «Ինքն ինչ-որ բան էր կիրառել»: Փորձել էր գյուղում ինչ-որ մեկին վնասե՞լ։ «Հավանաբար, որովհետեւ ինքն էլ էր վիրավոր: Տվյալ մարդու կրծքավանդակի վրա ծակած հետքեր էին: Իրավապահները նրանց բռնեցին, տարան»: Մենք հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ են խոսում գյուղում, ինչպե՞ս է այդ անձը մտել գյուղ: Նա ասաց, որ այլ տեղեկություններ չունի:
Շաքի գյուղի բնակիչներն էլ մեզ պատմեցին, որ մի քանի օր որոնել են ադրբեջանցի զինծառայողին, սակայն այդ մասին իրենք տեղյակ չեն եղել` իրենց ոչ ոք ոչինչ չի զգուշացրել։ Գյուղացիների պատմելով՝ նա անարգել մտել է Շաքի, հայտնվել մի տան մոտ, որի դուռը բաց է եղել, եւ հանգիստ ներս է մտել։ Տան բնակիչներն այդ պահին տանը չեն եղել, որոշ ժամանակ անց վերադարձել են եւ անակնկալ հայտնաբերել ադրբեջանցի զինծառայողին։ Նա կրակել է ընտանիքի երիտասարդ աղջկա ոտքին, աղջկա մայրը դիմադրել է եւ դանակով վնասել ադրբեջանցուն։ Նա սկսել է ադրբեջաներեն օգնություն կանչել, թե մահանում է։ Սահմանամերձ բնակավայրի բնակիչներն ադրբեջաներեն հասկանում են եւ հասկացել են նրա ասածը։ Գյուղացիներն ահազանգել են, դրանից հետո միայն դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ ադրբեջանցի զինծառայողին վնասազերծել են ու ձերբակալել։
Սյունեցի պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, ասում է. «Մենք տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ Ադրբեջանից անվերջ զավթողական հայտարարություններ են արվում, եւ, ինչպես տեսնում ենք, նրանց խոսույթը, զավթողական հռետորաբանությունը չի փոխվում: Այս առումով որոշակի գործողություններ պետք է իրականացվեն: Պետք է զսպող մեխանիզմներ կիրառել, հարկ եղած դեպքում` հակադարձել պետական մակարդակով: Խաղաղության խնամքի շրջանակներում իշխանավորները որեւէ ձայն չեն բարձրացնում, եւ այսօր մենք տեսնում ենք, որ իրականում խաղաղություն չի հաստատվել: Ամիսներ շարունակ մենք ասում էինք` ո՞վ է խաղաղության երաշխավորը: Իլհամ Ալիեւը չի կարող խաղաղությունը երաշխավորել, ինչպես Փաշինյանի իշխանությունն է պնդում: Իրական ու երկարաժամկետ խաղաղության համար մի քանի երաշխավոր է հարկավոր, այլ ոչ թե միակողմանի զիջումներ` առանց խաղաղության, ինչպես որ Փաշինյանն է վարվում: Միջադեպ է գրանցվել, կնոջ են վիրավորել, ես մանրամասներին չեմ տիրապետում, սակայն պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ինչ է փորձում անել այս քայլով, զգոնությո՞ւնն է ստուգում, թե՞ ոչ: Սա մեզ համար հերթական ազդակն է, որ ամեն բան պետք է անենք մեր սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը պահելու եւ պաշտպանելու համար, մի բան, որ օրվա իշխանությունը ի վիճակի չէ անել: Այս ամենը ցույց տվեց մի բան, որ եթե ադրբեջանցին կարողանում է մտնել Հայաստան, ապա անվտանգության եւ սահմանների անձեռնմխելիության առումով մենք բավականին խոցելի ենք»: