Չկրկնենք նույն սխալը

Չկրկնենք նույն սխալը

Sat, 03 Oct 2026 19:45:45 +0400


Նիկոլենք որոշել են ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, իրենց ասելով, հայոց եկեղեցում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Այն, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի, ունենալու է 11 անդամ՝ 7-ը ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից և 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։ Ընդդիմությունն էն գլխից հայտարարել է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Այսքանը պաշտոնապես:

Երբեմնի «դուխով» Նիկոլը, որ հետո վերածվեց «խեղճ հարիֆի», կիսագրագետ ժողովրդին փորձում է համոզել, որ եկեցեցին ճգնաժամ է ապրում «Կտրիչ (Նիկոլենցից ոմանց գրությամբ) Ներսիսյանի» պատճառով: Իրականում, ինչպես հայտնի է, եկեղեցին իր բարձրության վրա է: Եվ եթե Հայաստանում կա մեկը կամ մի ինստիտուտ, որ ճգնաժամի մեջ է, ապա դա «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանն» է: Ում պատճառով ճգնաժամի մեջ է ընկել վարչապետի ինստիտուտը, ՀՀ ողջ գործող իշխանությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը:
Եվ եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կտրվի ճգնաժամային շղթան, վարչապետի պաշտոնից պետք է հեռացվի Փաշինյանը: Որովհետև նրա վարչապետության ութուկես տարում Հայաստանում միայն ճգնաժամներ են ստեղծվում: Որոնք նա փորձում է «հաղթահարել» պետության հաշվին: Այսինքն, պետության ու քաղաքացիների անվտանգության, հեղինակության և, ի վերջո, շարքային քաղաքացիների կյանքի ու առողջության հաշվին:

Ինչևէ, անցնենք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցին: Մինչ այդ հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմությունը չմասնակցեց 44-օրյա պատերամի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին: Հրաժարվելու պատճառաբանությունն արդարացված էր: Նախ, գործող իշխանության ներկայացուցիչների կողմից ղեկավարվող հանձնաժողովը չէր կարող օբյեկտիվորեն քննել պատերազմի ընթացքն ու պատճառները։ Երկրորդ, իշխանությունը փորձելու էր այդ հանձնաժողովի միջոցով պարտության մեղքը բարդել զինվորականության կամ այլոց վրա՝ արդարացնելու համար սեփական մեղքը։

Հենց այդպես էլ եղավ, բայց հրաժարումն էլ ոչինչ չտվեց ընդդիմությանը: Դա չնպաստեց, որպեսզի 2026 հունիսի 7-ին ՔՊ-ն պարտություն կրի: Ինչը 44-օրյա պատերազմում Նիկոլի «գերագույն հրամանատարությամբ» մեր կրած խայտառակ պարտությունից հետո ընդդիմության գլխավոր նպատակն է: Ինչն էլ նշանակում է, որ ընդդիմության գործունեությունը պետք է նպատակամղված լինի միայն դրան: Որովհետև դա է մեր գլխին կախված բոլոր սպառնալիքների չեզոքացման միջոցը:

Իսկ եթե պատերամի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը չնպաստեց նշված նպատակի իրագործմանը, ապա ինչո՞ւ կրկնել նույնը կաթողիկոսի առումով ստեղծվելիք հանձնաժողովի դեպքում: Գուցե՞ պետք է փոխել մարտավարությունը և ոչ միայն մասնակցել, այլև դա անել մեծ ակտիվությամբ: Գուցե այդ դեպքում ընդդիմությանը հաջողվի իրապես օգտակար լինել հայոց եկեղեցուն, կամ որ նույնն է, պետությանը և ողջ հայությանը: Քանի որ դրա այլընտրանքը կարող է լինել եկեղեցու վրա գործող իշխանության հարձակումը լռելյայն դիտելը:

Կա մի տարբերակ, որն այլընտրանք չէ, սակայն կարող է հիմնովին լուծել այդ հարցը: Ինչն օրերս առաջարկվել է նախկին դաշնակցական, Նիկոլի նախկին թիմակից ու ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից: Ինչն, ի դեպ, առաջարկել է նաև տողերիս հեղինակն անցյալ տարի: Դա հենց եկեղեցու կողմից կաթողիկոսին փոխելու տարբերակն է՝ բնականաբար, վերջինիս համաձայնությամբ ու գործուն մասնակցությամբ: Ինչը թույլ կտա Նիկոլի դեմ օգտագործել հենց իր զենքը: Հովիկ Աղազարյանը դա համարում է վտանգավոր քայլ: Դեմ չեմ, դա կարող է և տապալվել, բայց եթե մենք ուղղակի բողոքենք, ապա դա չի կանգնեցնելու Նիկոլին: Ինչի վկայությունը երկու օր առաջ նրա հիսթերիայի հերթական բռնկումն էր լրագրողի հարցին ի պատասխան:

Ի դեպ, Հովիկ Աղազարյանը դեռևս պատգամավորի կարգավիճակում խելացի առաջարկ արեց Նիկոլին իմփիչմենթի ենթարկելու առումով, սակայն ԱԺ ընդդիմությունը չընդունեց այն։ Պատճառը ոչ թե գործողության մեջ էր, այլ այն հարցում, թե ով էր առաջարկողը: Այնինչ, եթե առաջարկն ընդունվեր, այն կարող էր հետաքրքիր զարգացում ունենար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլն է ասել, որ հանուն պայքարի հաջողության կարելի է դաշնակցել նույնիսկ սատանայի հետ (նրա ձևակերպումն այլ էր, բայց իմաստը դա էր): Եվ ավելացրել, որ միայն այն պայմանով, որ խաբվողը լինի սատանան: Իսկ Աղազարյանը կարող է և սխալներ արած լինի, բայց հաստատ սատանա չէ:
Ինչևէ, Նիկոլի դեմ նիկոլական քայլ անելու գաղափարը վստահաբար ժողովրդականություն չի կարող վայելել, բայց եթե դա կարող է փրկել իրավիճակը, այն պետք է կյանքի կոչվի: Որովհետև Նիկոլը, ինչպես տեսնում ենք, կանգ չի առնելու: Իսկ եկեղեցու դեմ հաղթանակ տանելու դեպքում նա կկարողանա հաղթանակ կորզել նաև ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցում: Որովհետև հոգեպես ընկճված ընդդիմության շարքերից շատ ավելի հեշտ կլինի մի քանի հոգուն իր կողմ քաշելը: Հաշվի առնելով երկրի ներսում նրա տիրապետած հսկայական լծակները: Ինչպես նաև Եվրոպայում ու ԱՄՆ-ում իր ունեցած հովանավորչությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

5 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

5 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

5 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

5 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

6 ժամ ago