«Հրապարակ». Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային

«Հրապարակ». Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային

Tue, 06 Oct 2026 12:15:45 +0400


«Հրապարակը» զրուցել է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– Չնայած ակնկալիքներին, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կվերսկսվեն ռուս-ուկրաինական բանակցությունները՝ ԱՄՆ միջնորդությամբ եւ մասնակցությամբ, ՌԴ-ն սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Կիեւին եւ ուկրաինական այլ շրջաններին։ Նաեւ հորդորել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագետներին՝ լքել Կիեւը։ Ի՞նչ իրավիճակ է հիմա, տարհանումը մե՞ծ է։

– Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածների մեկնարկի մասին խոսելը լիովին ճշգրիտ չէ: Ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը որոշ չափով բարձրացրել է հարվածների արդյունավետությունը, սակայն Կիեւի եւ այլ շրջանների վրա հարձակումները շարունակվում են արդեն մի քանի տարի: Կիեւը լքելու՝ օտարերկրյա դիվանագետներին ուղղված կոչերը եւս նորություն չեն: Միայն այս տարի դրանք հնչեցվում են արդեն երրորդ անգամ: Ռուսական հարվածները, որոշ չափով, մեծացրել են ռազմական անհարմարությունները, բայց ավելի հավանական է, որ դրանք քաղաքացիական բնակչության վրա հոգեբանական ճնշման մի մասն են կազմում։ Կիեւում արեւմտյան երկրների դեսպանատները հայտարարել են իրենց աշխատանքը շարունակելու մասին: Չինաստանի եւ Հնդկաստանի դեսպանատները նույնպես փաստացի շարունակում են իրենց աշխատանքը։

– ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ այդ հարվածներն Ուկրաինայի նախագահի գործողությունների պատասխանն են։ Խոսքը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին հարվածելու, ինչպես նաեւ ՌԴ Պետդումայի ընտրությունները տապալելու՝ Զելենսկու փորձերի մասին է։ Դատելով փոխադարձ մեղադրանքներից՝ հակամարտության նոր՝ ավելի վտանգավոր փո՞ւլ է սկսվում։

– Անկեղծ ասած, հակամարտության վտանգավոր փուլը սկսվել է 2022 թվականի փետրվարին: Այդ ժամանակվանից ի վեր միակ բանը, որ փոխվել է, այն է, որ Ռուսաստանի հարվածներն աստիճանաբար դառնում են պակաս միակողմանի: Ուկրաինան չի փորձում հարձակվել քաղաքացիական բնակչության վրա, սակայն նավթավերամշակման արդյունաբերության եւ արտահանման ներուժի վրա հարձակումները զգայուն են Ռուսաստանի համար:

– Զելենսկին նաեւ օրերս հայտարարեց՝ այս պատերազմում հաղթողներ չեն լինի։ Բնական է, երկու կողմում էլ ամեն օր հարյուրավոր մարդիկ են սպանվում, վիրավորվում, բնակավայրեր ավերվում։ Ինչպե՞ս դուրս գալ այս արյունալի շրջապտույտից՝ հաշվի առնելով ընթացիկ էսկալացիան եւ բանակցային գործընթացի փակուղին։

– Ուկրաինան զգալիորեն փոխել է պատերազմի քաղաքական նպատակները, մինչդեռ Ռուսաստանի նպատակները մնում են անփոփոխ: Փակուղուց դուրս գալու ելքն այն է, որ Ռուսաստանը գիտակցի` չի կարող հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային։

– Մյուս կողմից, միջազգային հանրության, խոշոր խաղացողների, նաեւ Թրամփի ջանքերը, Ռուսաստանի դեմ շարունակական պատժամիջոցները, կարծես, հակառակ արդյունքն են տալիս։

– ԱՄՆ նախագահի ջանքերի արդյունավետությունը նվազում է Մերձավոր Արեւելքում հակամարտության եւ ընտրարշավի անորոշության պատճառով: Իսկ պատժամիջոցների քաղաքականությունը սահմանափակում է Ռուսաստանի կարողությունը՝ ռազմական ճանապարհով իր նպատակներին հասնելու՝ ստեղծելով խթաններ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են Wed, 28 Oct 2026 15:33:52…

14 րոպե ago

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին Wed, 28 Oct 2026 15:30:29 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն…

17 րոպե ago

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ Wed, 28 Oct 2026 15:27:01 +0400…

20 րոպե ago

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․ Wed, 28 Oct 2026 15:15:30 +0400…

32 րոպե ago

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել Wed, 28 Oct 2026 15:00:29 +0400 Իսպանիայի կենտրոնական հատվածում…

47 րոպե ago

Բարձրաձայն ծիծաղում եմ

Բարձրաձայն ծիծաղում եմ Wed, 28 Oct 2026 14:46:34 +0400 Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել…

1 ժամ ago