Արդեն չորրորդ տարին սպասում ենք մեր հայրենակիցների վերադարձին
Thu, 08 Oct 2026 21:45:32 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր ասելով, ութ խոշոր պատերազմները կարգավորելուց հետո մտադիր է զբաղվել մեկ այլ «սպառնացող» հակամարտությամբ։ Միաժամանակ հայտնել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել բոլոր ամերիկացի պատանդներին, ինչը չի հաջողվել նախկին նախագահներին: Ուրախ եմ հատկապես պատանդների վերադարձի առումով, որովհետև արդեն մեկ տարի է՝ ինչ մեզանում, «մեր» վարչապետի ասելով, հաստատված է խաղաղություն: Սակայն Բաքվի բանտերում տառապող մեր գերիների առումով ոչ մի առաջընթաց չկա: Վերջինիս անընդհատ ասում է, թե այդ հարցում անհրաժեշտ է խուսափել հրապարակայնությունից, քանի որ այն կարող է խոչընդոտել գործընթացին: Ու արդեն չորրորդ տարին է, ինչ սպասում ենք մեր հայրենակիցների ազատմանն ու հայրենիք վերադարձին: Բայց այդպես էլ դրան ականատես չենք դառնում:
Անցյալ օգոստոսից հետո մենք հույս ունեինք, որ խաղաղության գործընթացը եվրոպացիների ձեռքից առնելուց հետո ԱՄՆ նախագահին կհաջողվի ազատել տալ նաև մեր պատանդներին: Բայց ինչպես երևում է, աշխարհի հզորագույյն պետության ղեկավարին չի հաջողվում ազդել այն երկրի ղեկավարի վրա, որի հետ իր երկիրը կնքել է ռազմավարական համագործակցության պայմանագիր: Իսկ ինքն էլ անձամբ իր ձեռքն է վերցրել «մեր» վարչապետի հովանավորությունը: Ինչը սկզբում հույս էր առաջացրել, որ պատանդներն էլ կվերադարձվեն, ու մենք էլ գոնե թզաչափ կվերականգնենք մեր ազգային արժանապատվությունը: Թեկուզ այլոց, ու տվյալ դեպքում՝ ԱՄՆ նախագահի օգնությամբ: Հաշվի առնելով, որ չունենք այնպիսի իշխանություն, որին այդ հարցն անհանգստություն կպատճառեր:
Չնայած դա չի ստացվում, բայց միաժամանակ նա պահանջում է, որպեսզի Հայաստանը խզի բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այն երկրի, ում հետ ժամանակին կքվել է ոչ թե ռազմավարական համագործակցության, այլ փոխօգնության պայմանագիր: Ինչը դեռևս գործում է, քանի որ «մեր» վարչապետը, չգիտես ինչու, չի ցանկանում խզել այն: Չնայած ողջ հոգով ու մարմնով ձգտում է դեպի Արևմուտք: Իսկ նախագահ Թրամփը պահանջում է ընդհանրապես խզել կապերը: Թեև այդպես չի լինում. դրանք պետք է խզվեն աստիճանաբար, ու առաջին հերթին պետք է չեղարկվի փոխօգնության պայմանագիրը: Իսկ որպես այդ արկածախնդրության փոխհատուցում՝ առնվազն մեր գերիները վերադարձվեն Հայաստան:
Հատկապես որ, ինչպես «Հրապարակ»-ն է հայտնում, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նախաձեռնել է Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպումների շարք: Առաջին հանդիպումը եղել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության, հաջորդը՝ «Հայաստան» խմբակցության հետ։ Ինչը նշանակում է, որ նա հենց առաջին ձեռքերից կարող է ստանալ այն տեղեկատվությունը, որ չէր կարող ստանալ գործող իշխանությունից: Եվ ոչ թե այն պատճառով, որ գործողը դրան չէր տիրապետում, այլ որովհետև դա, իր կարծիքով, կարող էր խանգարել խաղաղությանը տեր կանգնելուն: Կամ, ավելի ճիշտ, գոյություն չունեցող երևույթը փայփայելուն:
Ինչպես 5 տարի առաջ «մեր» վարչապետի կողմից էր ասվում, գերիների հարցի լուծումը դեռ կարող է սպասել: Ենթադրում եմ, որ այն կսպասի այնքան, մինչև հայաստանցիները վերջապես կարողանան հեղափոխություն անել, ինչպես մեզ խորհուրդ է տալիս այդ անձը: Ճիշտ է, ինքը դա ձեռ առնելով է անում, քանի որ գիտակցում է, որ դա ոչ թե իր շնորհիվ էր, այլ արտաքին ուժերի: Ովքեր ստիպեցին, որպեսզի ՀՀ երրորդ նախագահը դա թույլ տա: Իսկ իրեն դա չեն ստիպում, ու ինքը, բնականաբար, դա երբեք թույլ չի տա՝ ատամներով պահելով իշխանությունը: Որովհետև նա հասել է այն սահմանագծին, երբ իշխանություն ունենալ-չունենալն ու կյանքի ու մահվան խնդիրը նույնականացվում են: Իսկ այդ պարագայում ոչ թե աթոռին նստած՝ դատավճռի են սպասում, այլ դատավճռ են կարդում հակառակորդների հասցեին:
Ինչը նշանակում է, որ ինքը կամավոր չի կանգնելու դատարանի առջև՝ էլ չասած, որ կախաղանի պարանն ինքնուրույն չի փաթաթելու իր վզին, ինչպես անընդհատ խոստանում է: Միևնույն ժամանակ, ինչպես վկայեցին 2026-ը ընտրությունները, ընտրություններով չի հեռանա: Հանուն իշխանության պահպանման՝ ինքը կանգ չի առնելու ոչ մի ընտրակեղծիքի առջև: Եթե պետք լինի՝ կալանավորել կտա բոլոր ընդդիմադիրներին՝ անկախ սեռից ու տարիքից: Ավելին, իր ձեռքի խաղալիք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ չեղարկել կտա քվեարկության արդյունքները: Ինչպես ասվում է նման դեպքերում՝ ԿԸՀ նախագահը ողջ լինի: Ավելացնեմ, որ ԿԸՀ նախկին նախագահ Մուկուչյանը կնախանձեր գործող նախագահ Հովակիմյանին՝ չնայած ինքը չի նախանձում իր նախորդին: