«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին

Fri, 09 Oct 2026 12:15:04 +0400


Հարցազրույց բարեգործական ծրագրերի հեղինակ, հասարակական գործիչ Նանար Պողոսյանի հետ

– Դուք բարեգործական ծրագրեր եք իրականացնում, օգնում դժվար իրավիճակում գտնվող մարդկանց, մասնավորապես՝ արցախահայությանը: Ե՞րբ եք սկսել դա իրականացնել եւ ինչպե՞ս:

– Արցախում ապրած ժամանակ, թեկուզ միշտ աշխատել եմ պետական տարբեր մարմիններում, բայց իմ ուղղվածությունն ու նպատակը եղել են մարդկանց օգնելը` կարիքավորներին, թույլերին, զոհվածի ընտանիքներին, բազմազավակներին, անբուժելի համարվող հիվանդներին: Օրինակ, քաղցկեղով հիվանդ մարդու համար ֆիլմի դիտում եմ կազմակերպել, երբ 2020թ. պատերազմից հետո մարդիկ ֆիլմ նայելու սիրտ չունեին: Տոմսերը վաճառել եմ արտասահմանում, զինվորները եկել՝ ֆիլմն են նայել, իսկ գումարը փոխանցել եմ հիվանդ մարդուն: Իմ նպատակը մարդն է եւ իր շուրջը ստեղծվող բարեկեցությունը. գործել եմ հանուն այդ գաղափարի: Նաեւ նշեմ, որ 2019 թվականին ջրծաղիկի պատճառով ծանր հիվանդության միջով եմ անցել, իմ կյանքը վտանգված էր, նույնիսկ փրկվելու հնարավորությունն էր փոքր: Բայց իմ համառության եւ կամքի շնորհիվ փրկվեցի եւ ապրում եմ լիարժեք կյանքով: Ինչ խոսք, դա նույնպես իր ազդեցությունն է ունեցել մարդկանց օգնելու իմ մոտեցման վրա:

– Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, շարունակո՞ւմ էիք օգնել եւ հատկապես ինչո՞վ:

– Ես այդ ընթացքում ոչ միայն չեմ լքել Արցախն ու իմ աշխատավայրը, երբ ասում էին` կանայք պիտի դուրս գան, այլ մնացել եւ իմ ավտոմեքենայով զինվորներին սնունդ եմ հասցրել, հագուստ եւ ինչ հնարավոր էր: Ասում էի՝ եթե Աստված փրկել է իմ կյանքը, ուրեմն ես մի առաքելություն ունեմ իմ երկրում: Հիշում եմ, երբ ԱԹՍ-ներով հարվածում էին, իջնում էի ավտոմեքենայից, թաքնվում, որ պայթելու պահին մեքենայում չլինեմ: Այդպես 44 օր մնացի պատերազմի մեջ` մտածելով, որ մենք երբեք չենք կորցնելու անգամ մի փոքրիկ հատված Արցախից: Որովհետեւ իմ հայրն ու հորեղբայրները եւ մյուսների հայրերն ու եղբայրները չեն կռվել, որ հանկարծ մի օր Արցախի ինչ-որ հատված թշնամուն հանձնվի: Բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ: 44 օր պայքարեցի, սպասեցի` հավատալով այդ լոզունգին, որ հաղթելու ենք: Բայց ես նորից չկոտրվեցի եւ ոչ մի օր չեմ մտածել, որ Արցախը կլքեմ, թեպետ դրա բոլոր հնարավորություններն ունեի: Մինչեւ վերջ մնացել եմ Արցախում, 2023թ. սեպտեմբերի 28-ին եմ իմ ավտոմեքենայով հասել Երեւան` մեջը մի անչափահաս երեխա, մայրիկս եւ քույրիկս: Իսկ Հակարիի կամուրջն անցնելը մի անասելի, անպատմելի դաժանություն էր: Ասում էինք ցեղասպանություն, որը գրքերից գիտենք, բայց մենք այդ ցեղասպանությունը տեսանք, վերապրել ենք: Անձամբ ես չեմ մտածել, որ ինձ կհաջողվի Հակարիի կամուրջն անցնել: Մարդիկ էին մեռնում ճանապարհին, ձերբակալվում էին թշնամու կողմից:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ արցախցիներին ասում են «փախածներ», արդյո՞ք արդարացի է:

– Շատ հիմար եւ անգիտակից մարդիկ կարող են նման բան ասել: Հայրենիքի գինը չիմացող մարդը կարող է ասել, որ արցախցին փախել է: Ես, լինելով արցախցի, հո տեսե՞լ եմ, թե ինչ է կատարվել ե՛ւ 44-օրյա պատերազմի ժամանակ, ե՛ւ շրջափակման ամիսներին: Մենք շրջափակմանն այնպես ենք դիմակայել, երբ սոված-ծարավ, բայց մի օր չենք մտածել Արցախից դուրս գալու մասին: Իսկ դուրս եկանք 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, որովհետեւ մինչ այդ թուրքն արդեն եկել հասել էր Ստեփանակերտ: Կա՛մ պիտի մնայինք ու կոտորվեինք, կա՛մ պիտի դուրս գայինք` գոնե մեր սերունդներին փրկելու համար: Այլ տարբերակ չկար: Մի մասը կոտորվել է, մի մասն էլ՝ բռնի տեղահանվել: Երբ սեպտեմբերի 19-ի պատերազմը սկսվեց, ամեն ինչ խառնվել էր, դեսուդեն վազելով` մարդիկ իրար չէին գտնում: Մեկը երեխային էր կորցրել, ընտանիքի անդամները չկային, կապ չկար, լույս չկար, գազ չկար: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ էր: Մարդիկ նկուղներում էին, երեխաները լացում էին: Երեխան մորը չէր գտնում, մայրը` երեխային: Կապ չկար զինվորների հետ, դիահերձարաններում դիակներ էինք փնտրում, երանի էինք տալիս, որ դիակը գտնենք, այսինքն՝ որ մասնատված չլինի, կորած չլինի։ Ինչի՞ մասին է խոսքը: Դրանից հետո` բենզինի պայթյունը: Ոչ մեկը չէր ղեկավարում, ժողովուրդը մնացել էր անհույս վիճակում եւ չգիտեր ինչ աներ: Էդ «փախած» ասողները կարո՞ղ էին գոնե մեկ օր Արցախում ապրել: Արցախցու կռիվը հացի համար չէր, արցախցու կռիվն Արցախը պահելու համար էր:

– Եվ չփախան Արցախի այն ժամանակվա նախկին ու ներկա իշխանություններն ու գերեվարվեցին:

– Արցախի նախագահները, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լեւոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, բոլորը, ովքեր գերեվարվել են, պետք է շեշտենք, որ մեր ժողովրդի համար են իրենք այսօր գերի: Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության, հանձնվեցին: Այդ մարդիկ Արցախի ժողովրդի պաշտպանության համար են ինքնակամ հանձնվել: Հակառակ դեպքում ես եւ բոլորը կլինեինք կա՛մ գերի, կա՛մ ցեղասպանությունն ավելի ծանր հետեւանքներով կլիներ:

– Դուք բարձրացել եք Արարատ եւ մեր լեռան գագաթին Արցախի դրոշն ամրացրել: Ինչպե՞ս կարողացաք չճանաչված հանրապետության դրոշը հասցնել Արարատի գագաթ:

– Ես դեռ 4-րդ դասարանում նպատակ էի դրել բարձրանալ Արարատ, եւ դա կատարվեց 2019 թվականին: Արցախի դրոշը գուլպայիս մեջ փաթաթած, թաքցրած՝ բարձրացրեցի Արարատ եւ տնկեցի, ամրացրի գագաթին: Ռուբեն Վարդանյանը եւս բարձրացել էր Արարատ, եւ այնտեղ միացա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Մենք լավ գիտենք, թե Ռուբեն Վարդանյանն ինչ է արել Արցախում եւ հայ ժողովրդի համար: Այդ մարդը եկավ Արցախ եւ իր մարդասիրության շնորհիվ օգնեց շատերին: Միայն հերիք էր այն, որ ինքը եկել էր Արցախ, որովհետեւ այդ միլիարդատեր մարդը, որ եկել էր Արցախ, արդեն հույս էր արցախցիների համար, արդեն Արցախում մնալու մի մեծ խթան էր: Եթե այդ մարդը եկել է, ուրեմն մի բան գիտի, ինքն արցախցիների մեջ մեծ ոգեշնչում առաջացրեց: Եվ այդ մեծ մարդասեր մարդն այսօր Բաքվի բանտում է․ չի կարող նման բան լինել: Ռուբեն Վարդանյանը Շուշիում մզկիթն է վերանորոգել եւ այսօր Բաքվի բանտում է: Մեր բոլոր գերիները մեր պատիվն են, մեր արժանապատվությունն են. Բաքվի բանտում ոչ թե նրանք, այլ հայ ժողովուրդն է: Այնտեղ չեն դատում Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին, Լեւոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, այնտեղ դատում են հայ ժողովրդին: Թող նայեն եւ տեսնեն, թե նրանք ինչքան բան են արել Արցախի համար: Էն, որ Արցախը ծաղկում էր, հենց այնպե՞ս էր ծաղկում. հայ ժողովուրդը ծաղկեցրեց Արցախը նույն այդ ղեկավարների օրոք: Այդ ղեկավարներն այսօր չպետք է գտնվեին Բաքվի բանտում, որովհետեւ դա մեզ պատիվ չի բերում:

– Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, կոտրվա՞ծ են:

– Մենք բռնագաղթել ենք, եթե կոտրվենք, ի՞նչ կլինի: Ես ողջ կյանքս ապրել, արարել եւ ծառայել եմ Արցախին եւ ոչ մի օր չեմ լքել Արցախը: Եթե ամեն մեկս մեր ուժերի ներածի չափով օգնենք արցախցիներին, գոնե մի փոքր կթեթեւացնենք նրանց բեռը: Շատ նախաձեռնություններ եմ անում նաեւ Հայաստանում, օրինակ՝ անցյալ տարի նախաձեռնել էի 100 հոգու` տատիկ-պապիկների Նոր տարին շնորհավորել. 50-ը` Հայաստանից, 50-ը` Արցախից: Երկու մլն դրամ էր հարկավոր, Արթուր Վանեցյանն ասաց, որ դրամահավաքը փակեմ, որ այդ գումարն ինքը կտա, եւ կարողացանք ուրախացնել այդ տարեց մարդկանց: Իսկ ում 100 տարին լրացած էր, պարոն Վանեցյանի կողմից նրանց տրամադրվեց եւս 100 հազարական դրամ: Պետք է նշեմ նաեւ, որ շնորհիվ պարոն Վանեցյանի՝ Եռաբլուրում կառուցած «Արցախի կանչը» հուշակոթողի` նվիրված արցախյան բոլոր նահատակներին, բոլոր նրանց, որոնց գերեզմանը մնացել է Արցախում, մենք` արցախցիներս, գոնե ծաղիկ խոնարհելու եւ լացելու տեղ ունենք: Իսկ արցախցիներն այսօր շատ վատ վիճակում են, ամեն օր հարյուրավոր մարդիկ են ինձ գրում, զանգում, ամեն մեկը մի խնդիր ունի: Մարդկանց անգամ տնից են հանում, փոքր ընտանիքներն ավելի են խոցելի, նրանց գումարն անգամ չի հերիքում տան վարձը տալուն: Վառելափայտի խնդիր ունեն, կան տներ, որ հատակ էլ չունեն։ Այն ամենը, ինչին ես բախվում եմ, անպատմելի է:

– Իսկ մե՞ծ է արտագաղթը, շա՞տ արցախցիներ են հեռանում Հայաստանից:

– Ցավոք, շատ մեծ է արտագաղթը: Ես երբեք չեմ լքի Հայաստանը, քանի որ այստեղ ավելի մոտ եմ Արցախին, եւ այստեղ իմ հայերն են: Նաեւ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց, ովքեր մեծ թվով օգնում են արցախցիներին, դա անբացատրելի է: Երբ ես Հակարիի կամուրջն անցա, մարդիկ հացով, ջրով դիմավորեցին, մեկն իր տանը տեղ էր տալիս, մեկը` բենզին: Հայաստանի ժողովուրդը շատ է օգնել արցախցիներին, եթե մեկն ասի, որ նման բան չի եղել, ուրեմն ստում է: Շատ-շատ են օգնել մեզ, բայց նաեւ շատ-շատ են գնում արցախցիները Հայաստանից, որովհետեւ աշխատանք չունեն, տուն չունեն եւ հազար ու մի սոցիալական խնդիրներ: Շատ են գնացել, եթե այդպես շարունակվի, ինձ թվում է, որ արցախցի չի մնա Հայաստանում: Իմ լսելով, իմանալով՝ մոտ 40 տոկոսը գնացել է:

– Եթե այդպես շարունակվի, գուցե ապագայում վերադարձողներ էլ չլինեն, հո՞ւյսն է մարել:

– Աստված տա, որ վաղը վերադառնանք Արցախ, բայց միայն հստակ երաշխիքներ պիտի լինեն, որ ես գնալու եմ՝ իմ տանն անվտանգ ապրեմ, որպեսզի նորից նույն դաժանության միջով չանցնենք: Մենք անվտանգություն չունենալուց եկանք Հայաստան, թուրքը եկել էր հասել մեր տներ: Այսօր էլ անվտանգություն չկա անգամ Հայաստանում, մենք տեսանք, թե ինչպես թուրքի զինվորը Սյունիքում երեխաների ներկայությանբ կրակեց հայ կնոջ վրա՝ իր տան մեջ: Մենք ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում: Գուցե այդ մարդիկ նաեւ վերադարձի հույս չունենալուց է, որ գնում են: Շատ ծանր եւ խոցելի վիճակում են արցախցիները բոլոր առումներով` ե՛ւ սոցիալական, ե՛ւ հոգեբանական: Այդուհանդերձ, մեր երազանքն է, անշուշտ, գնալ Արցախ, վերադարձի հարցը լուծվի, բայց լինենք անվտանգ, քանի որ ոչ ոք չի ուզում նորից այդ ամենի միջով անցնել: Ես պատերազմի սերունդ եմ, տեսել եմ նաեւ հաղթանակ եւ չեմ կոտրվում: Արցախը եղել ու լինելու է հայկական, մեկ անգամ ազատագրված Արցախը երկրորդ անգամ էլ կազատագրվի: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր արցախցիների կողքին են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին Fri, 09 Oct 2026 18:00:13 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը…

19 րոպե ago

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Fri, 09 Oct 2026 17:57:01…

23 րոպե ago

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ Fri, 09 Oct 2026…

35 րոպե ago

Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին

Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին Fri, 09 Oct 2026 17:30:44 +0400 Իսրայելի արտաքին…

49 րոպե ago

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես Fri, 09 Oct 2026 17:15:41 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

1 ժամ ago

Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել

Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել Fri, 09 Oct 2026 17:08:48 +0400 ԱՊՀ երկրների…

1 ժամ ago