Մեր տղաները եւ աղջիկը մեր
Fri, 09 Oct 2026 15:15:00 +0400
Սիրելի Արմինե, կորոնովիրուսի ժամանակների ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ քեզ նամակ եմ գրում, քանզի, կարելի է ասել՝ հիմա էլ եմ ինքնամեկուսացման մեջ։
Այս ամբողջ տարվա ընթացքում վեպս էի գրում եւ ավարտեցի։ Հուսամ՝ նոյեմբեր ամսին կհրատարակվի՝ «Ընկած թուղթը» վերնագրով։ Վեպն ավարտելուց անմիջապես հետո՝ օգոստոսի 1-ին, ոտքս վնասեցի, հիմա տանն եմ եւ աշխարհի հետ առնչվում եմ քո թերթի, հինգերորդ եւ 24 news ալիքների ու հրաշալի Սաթիկի թերթի միջոցով։ Ահա՝ այսպես են անցնում օրերս։ Շատ եմ ափսոսում, որ թերթիդ շաբաթօրյա համարը 16 էջ չէ։ Սիրով կուզենայի վեպիցս մի քանի գլուխ տպագրել քո թերթում, մինչեւ գրքիս լույս տեսնելը։ Քանի որ այսօր մեր երկրում գրական մամուլ գրեթե գոյություն չունի, համատարած անապատ է։
Կար ժամանակ, երբ խորհրդային բոլոր հանրապետություններում գրական-գեղարվեստական ամսագրեր բացվեցին․ Ռուսաստանում՝ «Յունոստ»-ը, Վրաստանում՝ «Ցիսկառի»-ն, Ադրբեջանում՝ «Յուլտուզ»-ը, Հայաստանում՝ «Գարուն»-ը․․․ Հետաքրքիրն այն է, որ այդ բոլոր ամսագրերը հիմա էլ շարունակում են հրատարակվել, բայց «Գարուն»-ը չկա, մենք սուսուփուս թաղեցինք, որը 131 հազար տպաքանակ ուներ։ Վիրավորականն այն է, որ նախորդ իշխանությունների ժամանակ վերացավ գրական մամուլը, իսկ այսօրվա իշխանություններն ուզում են Գրողների միությունից վերցնել իրենց տունը եւ ստեղծագործական տները, որոնք կառուցվել են խորհրդային ժամանակների գրական ֆոնդի միջոցով, իսկ գրական ֆոնդի ունեցվածքը հավաքվում էր դասական եւ ժամանակակից գրողների գրքերի հոնորարներից պահվող հարկերից։ Եվ ես այսօր վախենում եմ, որ մի օր կարող է դատավորի՝ օդում կախված մուրճն իջնի՝ շրխկ, եւ գրողներն այլեւս տուն չունեն, իջնի՝ շրխկ, ու նկարիչներն այլեւս տուն չունեն, եւ այդպես շարունակ․․․
Ինչեւէ, սիրելի Արմինե, այս ամենը վերհիշեցի քո թերթի շաբաթօրյա համարը 16 էջ տեսնելու ցանկությունից, ուր տեղ կգտներ ժամանակակից ե՛ւ գրականությունը, ե՛ւ գիտությունը, ե՛ւ մշակույթը։ Ափսոս, որ մեր օրերում չի հայտնվում Մեծն Մանթաշովի նման մեկը, որ հովանավորեր քո թերթի բազում ընթերցողներ ունեցող շաբաթօրյա համարը։
Տխուր եմ, անընդհատ հոգեւոր երաշտի տագնապ կա մեջս։ Շարունակ լսում եմ ձերբակալությունների մասին, ամեն օր դատավարություններ են ընթանում, եւ դատավորների ձեռքի մուրճը շարունակ կախված է մնում օդում ու տանջալիորեն դանդաղ է իջնում։ Եվ զգացողություն ունեմ, թե ե՛ւ դատավորը, ե՛ւ դատվողը նույն վիճակում են, երկուսն էլ սպասման հիվանդ են։ Ինչեւէ, ուրախություն չունեմ, երբ սպասում ես, սպասում, բայց նոր բացվող օրն իր հետ խոստումներ չի բերում։ Անապատի զգացողությունն ու հոգեւոր երաշտը շարունակվում են իմ մեջ, եւ ես չեմ գտնում դալարագեղ մի ծառ, որի ստվերում կուչ գամ եւ փորձեմ դարձյալ ճանաչել իմ երկիրը եւ հայրենիքն իմ սիրելի։ Բայց կարծես թե վերջերս ինձ հաջողվեց տեսնել հեռվում նոր բռնկվող մի լույս, որը ջերմություն ու վստահություն էր տարածում իր շուրջ։ Դա մեր երեք տղաների՝ Արամի, Նարեկի եւ Լեւոնի ելույթներն էին եվրոպական խորհրդարանում․ ձիգ, արժանապատիվ, լեզուների փայլուն իմացությամբ։ Նրանք ներկայացնում էին իմ երկրի խնդիրները, շեշտում մեծ աշխարհի թույլ տված մեղքերը մեր ազգի եւ մեր պետության հանդեպ։ Մեր հին ցավերը ներկայացնում էին նոր լեզվով ու նոր պահվածքով։ Նրանց խոսքի մեջ մեր օրերում սովորական դարձած ծուռվիզ խնդրանք չկար, այլ կար արժանապատիվ, մեծ տերությունների հետ հավասարը հավասարի խոսք ու պահանջ։ Ես լսում էի նրանց ու մտածում, որ իրենք ավելի լավն են, ավելի կիրթ ու ամուր, քան մենք՝ մեր ժամանակներում։
Լսեցի նաեւ մեր պատգամավոր աղջկա՝ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը։ Ես կնամեծար մարդ եմ եւ երբեք կանանց հետ բանավեճի մեջ չեմ մտնում։ Պարզապես ինձ մի բան շատ զարմացրեց, թե ինչը հուշեց այդ տիկնոջը, որ նշավակի ոչ միայն մեր Վեհահափառ հայրապետին, այլեւ, որ ամենազարմանալին է՝ նրա եղբորը։ Եվ ինչու էր նրան թվում, թե Եվրախորհրդի պատգամավորներին հետաքրքիր էր լսել Վեհափառի եղբոր կյանքն ու գործը։ Ազնիվ խոսք, չհասկացա․․․
Ինչեւէ, սիրելի Արմինե, թերեւս այդ բոլոր ելույթներն առիթ դարձան, որ ես հետեւեմ ու փորձեմ ճանաչել նորընտիր խորհրդարանը։ Եվ այնտեղ իմ ուշադրությունը գրավեցին կիրթ, տեղյակ, իրենց խոսքին վստահ երկու երիտասարդ նոր պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը եւ Հայկ Ֆարմանյանը, նաեւ՝ ուրիշներ, որոնց անունները, թող ինձ ներեն, այս պահին չեմ հիշում։
Հաճելի էր նաեւ տեսնել, որ նոր խորհրդարանում վերընտրվել են մեզ բոլորիս ծանոթ հայրենիքի սահմանապահ տղաները, ինչպես նաեւ՝ աղջիկները, որոնց ուզում եմ անուններով ներկայացնել, որպեսզի երկար ջահել մնան, ինձ թերեւս կարելի է, ես հին մարդ եմ, բայց ո՛չ հնացած։ Լիլիթը, Ագնեսան, Քրիստինեն, Աննան։
Այո, նոր սերունդ է գալիս՝ իմ մենության ծառի տակ նստած, մտածում էի ես։ Եվ նրանք ավելի պատրաստված են, ավելի տեղյակ, քան մենք՝ մեր ժամանակներում։ Եվ դա հեռվում բռնկված լույսի նման հույս էր արթնացնում իմ մեջ, լույս, որ դանդաղ մոտենում էր։ Ուստի ես, որ մի կողմ էի դրել նոր գրքիս սեւագիր էջերը, մտածեցի, որ ժամանակն է գրել նոր վեպս՝ «Քար ծամող ժամանակը» վերնագրով։ Դա մի գիրք է լինելու, որ ներկայացնելու է իմ ապրած կյանքն այս աշխարհում եւ մարդկանց, որոնց ես ճանաչել եմ։ Դա դառը վեպ է լինելու, քանի որ ես վաղուց որոշել էի գրել միայն ճշմարտությունը։ Գիտեմ, որ շատ պաշտոնյաներ եւ մեծահարուստներ կնեղանան ինձնից՝ կարդալով իրենց արած քստմնելի գործերի մասին։ Ի դեպ, Արմինե ջան, դու էլ ես իմ գրքի հերոսներից մեկը, ուստի խնդրում եմ քեզ սթափ լինես ու պահպանես Ժաննա դ, Արկի քո կեցվածքը։
Իսկ ես հիմա գնամ որոնելու՝ հույսով, որ ես՝ որոնողս, մի օր կհանդիպեմ Որոնելիին․․․ Կհանդիպեմ եւ կճանաչեմ Նրան։
Առայժմ՝ այսքանը, սիրելի Արմինե։ Մնամ թերթիդ նոր համարին սպասող՝
Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ