Արդյոք կայացե՞լ է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում․ Օրվա թոփ նորությունները

Արդյոք կայացե՞լ է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում․ Օրվա թոփ նորությունները

Fri, 09 Oct 2026 22:58:43 +0400


Հոկտեմբերի 9-ի մեդիայի ուշադրության կենտրոնում Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովն էր՝ ընդհանուր որոշումներն ու հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը և Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպման մասին ռուսական մամուլի հրապարակումը ու դրա հերքումը։ Ներքին օրակարգում ուշադրության կենտրոնում էին Մեղրիում ենթադրյալ ներթափանցման մասին լուրն ու Սիսիանում երեխային ապտակած ուսուցչի ձերբակալությունը։ Օրվա ընթացքում հրապարակվել է 2,668 նյութ, որոնք վերլուծել ենք մեդիա մոնիտորինգ հարթակի վերլուծական գործիքակազմով։

ՕՐՎԱ ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ԱՊՀ գագաթնաժողովը Թուրքմենստանում — 131 հիշատակում

Փաստեր. Թուրքմենստանում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին կազմակերպության 9 երկրների առաջնորդները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը և այդ տարվա աշնանը կազմակերպել ղեկավարների խորհրդի նիստ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ որոշումը պատմական է անվանել և հույս հայտնել, որ Հայաստանը նույնպես կստանձնի նախագահությունը 2029 թվականին։ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ առաջնորդներին դեկտեմբերի 21-ին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ։ Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Բացի պաշտոնական որոշումներից, լրահոսում մեծ տեղ են զբաղեցրել գագաթնաժողովի ոչ պաշտոնական դրվագները. մասնավորապես, համատեղ լուսանկարվելիս Լուկաշենկոն Փաշինյանին ասել է. «Նա ոչ մի տեղ էլ մեզնից չի փախչի»։

2. Փաշինյանի ելույթը ԱՊՀ գագաթնաժողովում — 74 հիշատակում

Փաստեր. ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը «հաստատված փաստ է»։ Նա հատկապես ընդգծել է Վլադիմիր Պուտինի դերը 2020 թ. նոյեմբերին հրադադարի հաստատման գործում, բայց նշել, որ դրանից հետո էլ խաղաղության հասնել չէր հաջողվել։ Վարչապետի խոսքով՝ խաղաղության ճարտարապետությունը կառուցվել է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա, որը «վերակենդանացվել է Ադրբեջանի նախագահի հետ միասին»։ Նա հիշեցրել է, որ 2024 թ. ստորագրված սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որպես հիմնարար սկզբունք, վկայակոչում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Փաշինյանը նաև ասել է. «Հասել ենք անհնարինին, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին»։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լրահոսում գերակշռում էին ելույթից մեջբերումները՝ «խաղաղությունը կայացած փաստ է» և Ալմա-Աթայի հռչակագրի դերը։

Հակասող նարատիվներ.

  • Իշխանական. Խաղաղությունը կայացած է, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը դրա իրավական հիմքն է, ներառյալ սահմանազատման գործընթացի համար։
  • Ընդդիմադիր. Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Փաշինյանն Ալմա-Աթայի հռչակագրից խոսում էր այնպես, «կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ»։ Ընդդիմադիր մեկնաբանություններում պնդում կար, որ Շաքիի միջադեպից հետո խոսել «կայացած խաղաղության» մասին հիմնավոր չէ։

3. Պուտին–Փաշինյան–Ալիև «փակ հանդիպում». հրապարակում և հերքում — 50 հիշատակում

Փաստեր. Ռուսական «Կոմերսանտ»-ը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում մոտ 15 րոպե տևած փակ հանդիպում են անցկացրել։ Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը հերքել է այդ տեղեկությունը. «Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել»։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Թեման երկու փուլով զարգացում է ունեցել մեդիայում. սկզբում լրատվամիջոցները լայնորեն վերահրապարակում էին «Կոմերսանտ»-ի հրապարակումը, ապա՝ խոսնակի հերքումը։ Արդյունքում լրահոսում միաժամանակ շրջանառվում էին իրար հակասող հոդվածներ։

4. Մեղրիում ենթադրյալ ներթափանցման մասին լուրը և ԱԱԾ հերքումը — 34 հիշատակում

Փաստեր. Լրատվամիջոցները հաղորդում էին, որ Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը բնակիչները քաղաքացիական հագուստով երեք անձանց են տեսել, որոնք, ականատեսների ենթադրությամբ, ադրբեջանցիներ էին, և որ նրանց որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ռուսական սահմանապահները՝ ԱԹՍ-ներով։ Համայնքի ղեկավարները հստակ տեղեկություն չեն տրամադրել և հարցերն ուղղորդել են դեպի իրավապահ մարմիններ։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկությունը որակել է ապատեղեկատվություն. «Սուտ է, նման դեպք չկա»։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը տարածվել է Շաքիի միջադեպից ութ օր անց, և լրատվամիջոցները այն ներկայացնում էին հենց այդ համատեքստում։ Նյութերում սկզբում գերակշռում էր «ԱԱԾ-ն չի հերքում», ապա՝ «ԱԱԾ-ն հերքում է» ձևակերպումը։

5. Սիսիանում 6-ամյա երեխային ապտակած կնոջ ձերբակալությունը — 35 հիշատակում

Փաստեր. Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 6-ին Սիսիանի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային։ Դեպքը հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։ Երեխայի մայրը հրաժարվել է հաղորդում տալուց, սակայն կինը ձերբակալվել է, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լրատվամիջոցները կնոջը հիմնականում ներկայացնում էին՝ որպես «ուսուցչուհի», թեև ոստիկանության հաղորդագրության մեջ նա նշված է որպես «55-ամյա կին»։ Դեպքը լուսաբանվել է Վարդաձորի դպրոցի գործին զուգահեռ, որով նույն օրը ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

ՕՐՎԱ ԹՈՓ ՄԵԴԻԱ ԴԵՄՔԵՐԸ

  1. Նիկոլ Փաշինյան (վարչապետ) — ԱՊՀ գագաթնաժողովում խաղաղությունը «հաստատված փաստ» է անվանել, հանդիպել է Իրանի նախագահի հետ, իսկ Թուրքմենստանից հրապարակած «հեծանվային» տեսանյութը, որում ադրբեջաներեն երգ էր հնչում, դարձել է լայն քննարկման առարկա։
  2. Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) — հայտարարել է 2028-ին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու պատրաստակամության մասին և հայտնել, որ իր նախաձեռնությամբ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են Դոնալդ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
  3. Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) — ԱՊՀ առաջնորդներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ, Ալիևի և Փեզեշքիանի հետ եռակողմ հանդիպում ունեցել, իսկ նրա անունը կապվել է նաև Փաշինյանի և Ալիևի հետ «փակ հանդիպման» հրապարակման հետ։
  4. Դոնալդ Թրամփ (ԱՄՆ նախագահ) — Ալիևի հայտարարությամբ՝ առաջադրվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին։
  5. Մասուդ Փեզեշքիան (Իրանի նախագահ) — առաջարկել է «ԱՊՀ+1» ձևաչափը, հանդիպել Փաշինյանի հետ և եռակողմ հանդիպում ունեցել Պուտինի ու Ալիևի հետ։

ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ

  • Փաշինյան–Փեզեշքիան. Թուրքմենստանում կայացած հանդիպմանը կողմերը կարևորել են բարձր մակարդակի շփումները. վարչապետը նշել է, որ իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում։
  • Պուտին–Ալիև–Փեզեշքիան. Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են ունեցել։
  • Միրզոյան–Ֆիդան. ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցեկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով Հայաստան-Թուրքիա փոխգործակցությունը։
  • Եվրախորհրդարան. Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կրկին պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։
  • Եկեղեցի. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատել է Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմը, որը բաղկացած է ՔՊ պատգամավորներից՝ Արման Եղոյանի նախագահությամբ։ Մայր Աթոռում Կաթողիկոսի նախագահությամբ կայացած ժողովը հայտարարել է, որ ԱԺ-ն «վերածվում է ապօրինության հարթակի»։ Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության դիմումի քննությունը՝ կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության վերաբերյալ։
  • Ժանտախտ. Ռուսաստանի իշխանությունները, Bloomberg-ի տվյալներով, դադարեցրել են Իրկուտսկում կիրառված կանխարգելիչ միջոցառումները. ինստիտուտի աշխատակցուհու մոտ ժանտախտ հիվանդությունը չի հաստատվել, և վտանգավոր հարուցիչ չի հայտնաբերվել։ Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը, և Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ իրավիճակը վերահսկողության ներքո է։
  • Էդգար Ղազարյան. Պատգամավորի հայտնելով՝ դատարանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա։
  • Մարտի 1-ի գործ. Դատախազը ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։
  • Դատախազության հայցեր. Տավուշի մարզի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը, որով գույքը ձեռք էր բերել Գուրգեն Արսենյանի հիմնադրած «Արսօյլ» ընկերությունը։
  • ԵՄ առևտրային արտոնություններ. Հոկտեմբերի 10-ից երկու տարի ժամկետով ուժի մեջ են մտնում Հայաստանի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնությունները։

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Խաղաղության 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին։
  • «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի։
  • ՌԴ-ն ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի Զելիմ Կոցոևին և դուրս եկեկ քառորդ եզրափակիչ։
  • Անժելա Ալբերտյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների 20-րդ երիտասարդական Դելֆյան խաղերում՝ «Էստրադային երգեցողություն» անվանակարգում։
  • Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը տեսաուղերձով դիմել է Փաշինյանին՝ քաղաքական ապաստան խնդրելով Հայաստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

2 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

2 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

3 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

3 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

3 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

3 ժամ ago