«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում

Tue, 13 Oct 2026 09:15:20 +0400


«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

– ԱԺ վերջին ընտրություններից հետո Հայաստանում եւս մեկ ներքաղաքական հանգրվանային իրադարձություն է սպասվում․ հանրապետության 70 համայնքների մոտ կեսում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ Տպավորություն չունե՞ք, որ դրանք այս անգամ պասիվ են ընթանում, քիչ ինտրիգային եւ նույնիսկ ընդդիմության կողմից չեն կարեւորվել, այնինչ համայնքներն են մեր երկրի «արյունատար համակարգը»։

– ՏԻՄ ընտրությունը, բնականաբար, չափազանց կարեւոր է տարբեր կուսակցությունների կայացման համար, հատկապես՝ նոր կուսակցությունների, որտեղ իրենք փորձ են ձեռք բերում, հեղինակություն են ունենում եւ կարողանում են մասնակցել համապետական ընտրություններին։ Բայց Հայաստանում, հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վիճակը փոխվել է, եւ ընտրությունների ինստիտուտի հանդեպ վստահություն այլեւս գոյություն չունի, որովհետեւ մենք տեսանք, թե ինչ պայմաններում են այդ ընտրությունները տեղի ունենում, երբ ընդդիմության ղեկավարները ձերբակալվել են, երբ գործող վարչապետը խոստանում է ունեզրկել եւ ունեզրկում է, երբ մարդկանց արդեն կալանավորում են խոսքի համար եւ այլն։ Եվ նման պայմաններում խոսել ընտրությունների մասին՝ արդեն լուրջ չէ, որովհետեւ ե՛ւ իմաստ չկա, ե՛ւ վստահություն չկա ընտրությունների հանդեպ, նաեւ ռեսուրսների խնդիր է առաջացել։ Բացի այդ, զուտ ընտրությունների ժամանակ խոսելու, կարծիք արտահայտելու համար մարդկանց ձերբակալում են։ Այսինքն՝ ընտրությունների ինստիտուտը, որպես այդպիսին, Հայաստանում տապալված է, եւ այդ առումով հասկանալի է, որ շատ կուսակցություններ չեն մասնակցելու այդ ընտրական գործընթացին։ Հայաստանն ավտորիտար համակարգից գնում է դեպի տոտալիտար համակարգ, իսկ սրանց միջեւ տարբերությունն այն է, որ վերահսկում են մարդու ունեցվածքը, ունեզրկում են, եթե տվյալ անձն ընդդիմադիր հայացքներ ունի, խոսքի համար բանտարկում են։ Իսկ տոտալիտար համակարգերում ընտրությունների ինստիտուտը տապալվում է։

– Սեպտեմբերի 27-ին ավագանու համամասնական կարգով առաջին ընտրությունը տեղի ունեցավ Թումանյան համայնքում՝ ընդդիմությունը չմասնակցեց. միակ առաջադրված քաղաքական ուժը ՔՊ-ն էր, որը հավաքեց 95.1% ձայն։ Այս եւ հաջորդ ամիսների ՏԻՄ ընտրություններում պատկերը կփոխվի՞, ըստ Ձեզ, ընդդիմությունը կակտիվանա՞։

– Կարծում եմ՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ պատկերը կփոխվի։ Ըստ իս, շատ տեղերում իշխող կուսակցությունը հիմնականում կմասնակցի։ Միգուցե մի քանի փոքր կուսակցություններ եւս փորձեն մասնակցել, բայց, ինչպես նշեցի, ամբողջ գործընթացն իմաստազրկվել է, եւ այս ընտրությունների միջոցով գործող իշխանությունը չի փոխվում։ Կամ՝ ինչ-որ ցնցումներ են լինում՝ տեղական կամ աշխարհաքաղաքական նշանակության։ Այսօր գործող, փաստացի վարչապետը եւ նրա քաղաքական ուժը «կանաչ լույս» ունեն՝ անելու այն ամենը, ինչը ցանկանում են։ Այս պահին, ինչ-որ առումով, աշխարհաքաղաքական կոնսենսուս կա նրանց՝ իշխանության մնալու հարցում։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ աշխարհում դինամիկ փոփոխություններ են լինում՝ ե՛ւ Մերձավոր Արեւելքում, ե՛ւ Ուկրաինայում, եւ այդ հանգուցալուծումից հետո այս իշխանության «վերջն» արդեն կերեւա, որովհետեւ այդ կոնսենսուսը կփլվի, եւ իրենց կարիքը չեն զգա։ Բնականաբար, ոչ մեկին պետք չէ հեղինակազրկված իշխանություն Հայաստանում, անհրաժեշտ կլինի նոր իշխանություն, որն ունի հանրության մեծ մասի վստահությունը, եւ որի հետ կարող են երկարատեւ պայմանավորվածություններ ձեռք բերել։

– Նորընտիր՝ 9-րդ գումարման ԱԺ-ն աստիճանաբար «շնչառություն» է հավաքում, եւ այժմ կարելի է որոշակի պատկերացում կազմել, թե ով է՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ, «ով ինչ եւ ինչպես է շնչում»։ Բանավոր «փոխհրաձգություններից» եւ ֆիզիկական առճակատումից զատ, քաղաքական ու գաղափարական ի՞նչ կոնֆիգուրացիա է հիմա խորհրդարանում։ Ժողովրդին «հոգնեցնելու» հերթական արարը չէ՞ արդյոք։

– Ցավոք սրտի, խորհրդարանական ընդդիմությունը չունի այն գլխավոր հարցերի պատասխանը, որի մասին խոսում է գործող իշխանությունը։ Իրենք խոսում են, որ բերելու են խաղաղություն, չնայած այդ խաղաղությունն իրատեսական չէ․ տեսնում ենք՝ ինչ հայտարարություններ են հնչում Ադրբեջանից։ Այնուամենայնիվ, իրենք ինչ-որ պատկեր են ստեղծել՝ զիջումների կգնանք, ամեն ինչ կանենք, որ պատերազմ չլինի։ Այս հարցերի պատասխանն ընդդիմությունը չունի։ Եվ այդ առումով, ցավոք, ոչ միայն իշխանության վարկանիշն է շարունակում իջնել, այլ նաեւ՝ ընդդիմության, եւ մենք, ըստ էության, հայտնվել ենք քաղաքական վակուումի մեջ։

– Հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի եւս 6-ով՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների։ Երկիրը տարածքով «փոքրացրած» իշխանությունները հիմա էլ անցել են «համայնքների վերաձեւման» պրակտիկային։ Ինչպե՞ս կգնահատեք այս միտումը, ի՞նչ ռիկսեր եք տեսնում։

– Պրակտիկան, իհարկե, նոր չէ, եւ իրենք վերջին շրջանում դա կիրառում են տարբեր համայնքներում, երբ խոշորացնում են, օրինակ, Վաղարշապատի ընտրություններում գյուղեր են կպցնում քաղաքին, որովհետեւ իրենք գյուղերում ավելի շատ ընտրողներ ունեն։ Այդ ամենը, իհարկե, կշարունակվի, բայց հիմա, կրկնում եմ, իմաստազրկված է, արդեն ընդդիմությունը ե՛ւ ռեսուրսներից է զրկվում, ե՛ւ ընտրությունների նկատմամբ վստահությունն է կորում։ Այս առումով ես նույնիսկ կասեի, որ տարածքների վերաձեւումներն էլ իմաստ չունեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հոկտեմբերի 14-ին, 15-ին լույս չի լինի․ հասցեներ

Հոկտեմբերի 14-ին, 15-ին լույս չի լինի․ հասցեներ Tue, 13 Oct 2026 22:15:05 +0400 «Հայաստանի էլեկտրական…

10 րոպե ago

Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են

Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են Tue, 13 Oct 2026 22:00:44 +0400 ԱՄՆ Գաղտնի ծառայությունն…

24 րոպե ago

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին Tue, 13 Oct 2026…

39 րոպե ago

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան Tue, 13 Oct 2026 21:36:43 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

48 րոպե ago

Ավելի քան 275 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի կուսակցությանը

Ավելի քան 275 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի կուսակցությանը Tue, 13 Oct 2026 21:30:57 +0400…

54 րոպե ago

Ատեստավորվել են մի առարկայից, վարձատրվում են այլ առարկա դասավանդելու համար

Ատեստավորվել են մի առարկայից, վարձատրվում են այլ առարկա դասավանդելու համար Tue, 13 Oct 2026 21:15:40…

1 ժամ ago