Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛…
Thu, 15 Oct 2026 16:15:22 +0400
Որ Փաշինյանն իր պաշտոնյաներին միայն տեղաշարժում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, փաստ է։ Տեղաշարժում է՝ իր աթոռն ամուր պահելու համար։ Մեկի կողմից մի քիչ շարժ է նկատում՝ իսկույն տեղն է փոխում, շալակին էլ քրեական գործեր է դնում, որ հավիտյանս լռի։
Բայց թե ինչու է ուզում գյուղերն էլ տեղաշարժել՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ, մարդիկ չեն հասկանում։
Կասեի՝ էլի նույն նպատակով։ Աթոռը միայն պաշտոնյաները չեն պահում։ Փաշինյանի աթոռի ոտքերն Ադրբեջանն է ամրացնում, իսկ պաշտոնյաների քաղաքական կյանքն էլ, կարծես, այնտեղից են երկարացնում։ Ձեռքը քաշի՝ բոլորը կթափվեն։ Ադրբեջանն էլ բազմիցս հիշեցրել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից։
Երբ Փաշինյանն ասում է՝ «Գաղափարն այնպիսին է, որ Արծվաշեն գյուղն, օրինակ, կարող է տեղաշարժվել։ Արծվաշեն գյուղը, օրինակ, տեղաշարժվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա։ Նույնն էլ լինելու է հակառակ կողմից», մի բան է հուշում՝ արանքում տարածք չպետք է մնա։
Բայց այդ արանքը ո՞նց է վերանալու։ Մի քիչ աջը, մի քիչ ձախը, մի քիչ ուղիղը ո՞ւր են գնալու։ Եթե խոսքը տարածքների փոխանակման մասին է, ապա որ տարածքն ու՞մ է տրվելու, և ո՞վ ինչ է ստանալու։
Արծվաշենը հայկական գյուղ է, որը 1992 թվականից Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Իսկ Փաշինյանի առաջարկած տրամաբանությամբ՝ անկլավների հարցը պետք է լուծվի տարածքների փոխանակմամբ։ Փոխանակումը, իբր, համարժեք է լինելու։ Ո՞նց կարող է Փաշինյանի կողմից ճանաչված անկլավը համարժեք լինել տարածքի։ Եթե մենք զիջում ենք Արծվաշենը, իսկ դրա դիմաց իբր ամրագրում այն, ինչ արդեն իսկ վերահսկում ենք, մերն է, ապա ի՞նչ ենք ստանում։ Մեր կորցրած տարածքի դիմաց ստանում ենք մեր ունեցածի նկատմամբ իրավական ամրագրո՞ւմ։ Ու Ադրբեջա՞նը պիտի ամրագրի։ Փաշինյանը պիտի՞ որոշի։ Ժողովուրդ չկա՞։
Սա էլ Փաշինյանի փոխանակման ֆոկուսն է՝ մի բան տալիս ես, մյուսը ստանում, հետո պարզվում է՝ ստացածդ վաղուց քոնն էր։
Մյուս կողմից՝ տարածքների փոխանակումը միայն քառակուսի կիլոմետրերով չի չափվում։ Տարածքները կարող են հավասար լինել, բայց դրանց ռազմավարական նշանակությունը՝ ոչ։ Մի տարածքը կարող է ճանապարհի, անվտանգության կամ հաղորդակցության տեսանկյունից շատ ավելի կարևոր լինել, քան մյուսը։ Ուրեմն նախ քարտեզը սեղանին դնենք, պայմանները բացենք, հետո էլ թող մեզ բացատրեն՝ ով ինչ է տալիս, ով ինչ է ստանում։
Բայց մի հարց էլ կա։ Այդ ո՞նց է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով՝ ութ տարի է՝ մեր գյուղերն է տեղաշարժում, մեր տարածքների ճակատագիրն է որոշում։ Ու առանց ժողովրդի համաձայնությունը ստանալու՝ պատրաստվում է նոր տարածքային լուծումների գնա՞լ։
Գյուղը տեղից տեղ տանելը հեշտ է, եթե գյուղը քարտեզի վրա ընդամենը մի նշան է։ Բայց այնտեղ հող կա, պատմություն կա, պետական սահման կա, ինքնիշխանության հարց կա։
Մի՛ տեղաշարժիր Արծվաշենը։ Մի՛ փորձիր Հայաստանի տարածքը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով՝ մեզ համոզել, թե ամեն ինչ իր տեղն է ընկնում։
Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛…