Տանգո պարում են երկուսով
Thu, 15 Oct 2026 19:45:42 +0400
Նիկոլական «իրական» Հայաստանի գաղափարախոսությունը ենթադրում է կոնֆլիկտազերծ իրականություն: Ու որպեսզի հասնի դրան՝ փորձում է վերացնել կոնֆլիկտի արմատները: Այսինքն, ջնջել Անկախության հռչակագրում Ղարաբազյան շարժման հիշատակումը: Ինչը նաև թշնամի երկրի բռնապետի առաջնային պահանջն է: Ավելի ճիշտ, 44-օրյա պատերազմում նրա «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո թշնամու հետ բարեկամանալու այլ տարբերակ չտեսնելու արդյունքը: Դա նման է հոխորտացող լակոտի՝ ծեծ ուտելուց հետո իրեն ծեծողին քծնելուն: Պատկերացրե՛ք դրա վիճակը, ու միաժամանակ պատկերացրե՛ք դրա կառավարման ներքո գտնվող ժողովրդի վիճակը: Եվ որքան էլ տհաճ լինի խոստովանելը՝ այդ ժողովուրդը մենք ենք՝ թե՛ նրան քվե տվողները և թե՛ նրա հրաժարականը պահանջողները: Էլ չասած անտարբերների մասին, որ հանուն մի փոր հացի թքած ունեն մնացած ամեն ինչի վրա:
Ինչևէ, «կոնֆլիկտազերծ» Հայաստանի գաղափարախոսությունը, չգիտես ինչու, չի ենթադրում մեկ այլ անհրաժեշտ պայման: Դա նույն մտայնությամբ երկրորդ կողմի առկայությունն է: Եթե այն առկա է, ապա վերը նշված գաղափարախոսությունն ունի գոյության իրավունք: Իսկ եթե առկա չէ, հարցականի տակ է դրվում դրա իրականացումը: Որովհետև այդ դեպքում վերանում է ոչ թե կոնֆլիկտը, այլ դրա դեմ առնելու հնարավորությունը: Ու առաջին կողմը, այսինքն Հայաստանը, վերածվում է թշնամու՝ անընդհատ ծագող պահանջները կատարողի: Ու եթե իրականացնողը համառ է՝ հանց հանրահայտ կենդանին, վտանգի ներքո է հայտնվում ոչ միայն գաղափարախոսությունը: Նույն ճակատագիրն է սպասվում իրականացնողին: Տվյալ դեպքում ոչ միայն անձամբ Նիկոլին, այլև նրա ղեկավարած երկրին: Որքան էլ այդ երկրի ղեկավարը բնակչությանը կոչ անի «տեր կանգնել խաղաղությանը» կամ «փայփայել» այն: Որովհետև այն նման է երկկողմանի և ոչ թե միակողմանի ճանապարհին:
Դժվար է ասել, թե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդքանը չի գիտակցոււմ: Ավելին, ոչ միայն գիտակցում է, այլև հավատում է, թե կարող է իրականություն փոխել: Սակայն այն կարող է փոխվել Հայաստանում՝ եթե այդ գաղափարախոսությունը ներդրվի բոլշևիկյան մեթոդներով: Ինչը հենց տեղի է ունենում այս օրերին, և ինչի վառ դրսևորումներից է դա պարտադրանքով դպրոցում սերմանելը: Ի տարբերություն ադրբեջանական դպրոցի, որտեղ առնվազն երկու տասնամյակ սերմանվում է հայատյացություն: Ու հենց այստեղ է «իրական» Հայաստանի գաղափարախոսության մահաբեր թուլությունը: Մի կողմն իր երկրի սերունդներին (եթե պահպանի իշխանությունը) պարտադրում է փայփայել մի երևույթ, որը մյուս կողմի համար իր ագրսիվ նկրտումները կյանքի կոչելու միջոց է: Ու եթե առաջին կողմը դա անում է ապագայի հաշվարկով, երկրորդ կողմում ապագան արդեն այսօր է: Ոչ թե սեփական ապագան, այլ առաջին կողմի նախաձեռնած ապագան: Սա այն դեպքն է, երբ ասվում է, որ տանգո պարում են երկուսով: Այնինչ, տվյալ դեպքում Նիկոլը փորձում է տանգո պարել՝ երբ Իլհամը շարունակ հարվածում է նրա ոտքին (ռուսերեն «подставлять ногу» կամ «поставить подножку» արտահայտության իմաստով):
Վստահ եմ, որ դա ևս հասկանում է նախորդ օրն «իրական» Հայաստանի ապագայի վերաբերյալ խիստ խրթին գրառում կատարած Նիկոլը: Թեև դա արվել է գիտակցորեն՝ որքան խրթին, այնքան գնահատելի կիսագրագետ հանրության համար: Որովհետև այդ դեպքում այդ անձանց ուղեղում ծագում է «ինչքան խելոք է մեր հզոր վարչապետը» միտքը: Իրականում, խելացի լինելու չափանիշը հակառակ երևույթն է: Այսինքն, օբյեկլտիվորեն դժվար ընկալելի կամ խրթին երևույթը գրագետ անձանց համար հասկանալի ձևով շարադրելը: Ինչևէ, որքան էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձի խրթին հիմնավորումներով ապացուցել իր «հոգեզավակի» լինելիությունը, այն չունի գոյության իրավունք: Որովհետև պարտադրվելու դեպքում այն ամբողջական կապիտուլյացիայի առաջ կկանգնեցնի մեր հայրենիքը: Ինչին, ի դեպ, ձգտում է մեր թշնամին, որ իր համար դարձել է բարեկամ: Եվ այստեղ որերորդ անգամ առաջ է գալիս մեզ համար շատ տհաճ գաղափարը. այն, ինչ օժանդակում է Նիկոլի իշխանության գոյատևմանը, սարսափելի վտանգ է պարունակում Հայաստանի առումով: