Գլոբալ շոու` մորթվող ծառերի ֆոնին

Գլոբալ շոու` մորթվող ծառերի ֆոնին

Mon, 19 Oct 2026 15:45:43 +0400


Այս օրերին Երևանը ցնծում է: ՄԱԿ-ի դրոշները ծածանվում են, փողոցները մաքրվել են, օտարերկրյա պատվիրակներ, գլոբալ ժպիտներ, կոստյումավոր էլիտա։ Հայաստանը ստանձնել է COP17-ի՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախագահությունը: COP-ը բացվել է հոկտեմբերի 18-ին եւ տեւելու է 12 օր: Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրվել է 2024 թվականի նոյեմբերին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած COP16-ի ընթացքում, ստեղծվել է կազմակերպչական կոմիտե, իսկ համաժողովի նախագահն է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Ինչո՞ւ հենց մեր երկիրը դարձավ համաժողովի անցկացման վայրը: Նախ, նշենք, որ այդպիսին էին փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Առաջին անգամ Կոնվենցիայի պատմության մեջ հյուրընկալող երկիրն ընտրվում էր փակ գաղտնի քվեարկությամբ։ Հայաստանը ստացավ 65 ձայն՝ առաջ անցնելով Ադրբեջանից (որը ստացել էր 58 ձայն)։

Չնայած փոքր տարածքին, Հայաստանը համարվում է կենսաբազմազանության համաշխարհային «թեժ կետերից» մեկը։ Երկրում առկա են 10 լանդշաֆտակլիմայական գոտիներ, հանդիպում են շուրջ 3,8 հազար անոթավոր բուսատեսակ և ավելի քան 17 հազար կենդանատեսակ, որոնցից հարյուրավորները էնդեմիկ են, օրինակ՝ Երևանյան կապտաթիթեռը, որը դարձել է համաժողովի խորհրդանիշը։

Իհարկե, սա մակերեսային ընտրություն էր: Սա այն դեպքն է, երբ երկրի միջազգային իմիջը չի համապատասխանում ներքին վիճակին եւ դրա ճգնաժամային, խայտառակ ցուցանիշներին։ Իրականում Հայաստանն էկոլոգիական աղետի երկիր է, որտեղ բույսերի, կենդանիների հանդեպ հոգատարություն չկա, ավելին՝ մարդիկ, ովքեր խնամքով են վերաբերվում բնությանը, ծաղրի եւ ատելության թիրախ են դառնում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի հողային ծածկույթի շուրջ 60-70%-ը գտնվում է դեգրադացիայի տարբեր աստիճաններում։

COP17-ին զուգահեռաբար անցկացվում է «Mining Armenia Forum 2026»-ը, որտեղ կառավարությունը հայտարարում է հանքերի շահագործման ոլորտի ընդլայնման մասին: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի շահագործումը շրջակա միջավայրի վրա կունենա շատ-շատ փոքր (մինիմալ) ազդեցություն»։ ՔՊ-ականները ցնծության մեջ են՝ Ամուլսարի հանքը հաջորդ տարի առնվազն մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե։ «Այս հանքի շահագործումը Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշում 1,5-2 տոկոս ազդեցություն է ունենալու»,- ասել է Գևորգ Պապոյանը։ Պատկերացնո՞ւմ եք, որքան պարգեւավճար կստանան կառավարիչներն ու պատգամավորները:

Պապոյանը նաև հավելել է, թե նախկինում շրջանառվող բոլոր բացասական պնդումները հետազոտություններով չեն հաստատվել։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին ազդարարվեց Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը և տեղի ունեցավ առաջին ոսկու ձուլումը։
Հետաքրքիր զուգադիպություն՝ հենց COP17-ի օրերին Եվրոպական միության որակի վերահսկողության համակարգը վտանգավոր նյութերի առկայության պատճառով խոտանել և մերժել է հայկական թեյի խմբաքանակը՝ փաստելով տեղական ստանդարտների անկատարությունը։ Մի խոսքով՝ COP17-ը ոչ մի բովանդակային կապ չունի տեղական իրողությունների հետ:

Իսկ դրանք հետեւյալն են: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, վերջին շաբաթվա ամփոփագրերը հաստատում են, որ Երևանում ու հատկապես Կենտրոնում եւ Արաբկիրում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը պարբերաբար գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Թոքերի մեջ ներթափանցող թունավոր փոշու մակարդակով Երևանը հաճախ 5-6 անգամ գերազանցում է առողջության համար անվտանգ միջազգային նորմաները, ինչը պայմանավորված է քաղաքում անվերահսկելի շինարարության փոշով և տրանսպորտային արտանետումներով: Զուգահեռաբար, Հայաստանի անտառածածկ տարածքը կրճատվել է՝ կազմելով երկրի ընդհանուր մակերեսի ճգնաժամային 11,1-11,2%-ը : պետությունը միջազգայնորեն պարտավորվել էր մինչև 2030 թվականն ավելացնել անտառները ևս 50,000 հեկտարով, հասցնելով 13%-ի։ Սակայն բնապահպանները փաստում են, որ իրականում, 2018-ից հետո սկսված անվերահսկելի շինարարական բումի, հանքարդյունաբերության ընդլայնման և անտառային հրդեհների հետևանքով խիտ անտառային ծածկույթի իրական մակերեսը վերջին տարիներին նվազել է: Արբանյակային պատկերներով իրական ցուցանիշն էլ ավելի ցածր է: Տարեկան հազարավոր ծառեր են հատվում ապօրինի կամ «սանիտարական թույլտվությունների» անվան տակ: Մայրաքաղաքում տեղի է ունենում ագրեսիվ բետոնապատում, որտեղ կանաչ բուֆերային գոտիները փոխարինվում են էլիտար շինհրապարակներով։ Մորթված բնության և էկոլոգիական աղետը, սակայն, թաքցվում է 12-օրյա համաժողովի շոուի հետևում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանկավարժականի ռեկտորը այլ պաշտոն է ստացել

Մանկավարժականի ռեկտորը այլ պաշտոն է ստացել Mon, 19 Oct 2026 16:38:17 +0400 Լիլիթ Մկրտչյանը նշանակվել…

14 րոպե ago

Ձեզ հանրայնորեն ստորացնելու համար` մի հատ էլ «շնորհակալություն հայր Ստալինին»

Ձեզ հանրայնորեն ստորացնելու համար` մի հատ էլ «շնորհակալություն հայր Ստալինին» Mon, 19 Oct 2026 16:36:47…

15 րոպե ago

Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին

Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Mon, 19…

18 րոպե ago

Մոսկվայում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

Մոսկվայում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը Mon, 19 Oct 2026 16:30:50 +0400 Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային…

21 րոպե ago

Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին

Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին Mon, 19 Oct 2026 16:15:44 +0400…

36 րոպե ago

Կիևին հարվածելու համար գործընկերներին է մեղադրում, ոչ թե Ռուսաստանին

Կիևին հարվածելու համար գործընկերներին է մեղադրում, ոչ թե Ռուսաստանին Mon, 19 Oct 2026 16:00:05 +0400…

52 րոպե ago