«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը
Tue, 20 Oct 2026 12:15:02 +0400
Ֆրանսիայում կենսապայմանների թանկացման դեմ, ուսումնական հաստատությունների բարելավման պահանջով մեկնարկած, իսկ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ու վանդալիզմի ակցիաներին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ Արհմիությունների տվյալներով՝ ցուցարարների թիվը հասել է 800 հազարի։ Բողոքի ակցիաները, որոնք Ֆրանսիայում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, շաբաթ օրը մի շարք քաղաքներում վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի փոխանցմամբ՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 1200 մարդ, վիրավորվել՝ 150 ոստիկան։ ՆԳ նախարարն է հրաժարական տվել: Փարիզում, Լիոնում եւ Ստրասբուրգում իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Բախումները Փարիզում եւ Միլանում ուղեկցվել են խանութների թալանով, իսկ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, փորձել մտնել ոստիկանական բաժանմունք։ Լիմոժում ցուցարարները հրկիզել են շուրջ 140 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի շենքը, որի աշտարակը հրդեհի հետեւանքով փլուզվել է։
Ժամանակին Սորոսի հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասում է. «Բոլոր երկրներում կան խնդիրներ, միայն գերեզմանում է, որ ամեն ինչ լիակատար հանգիստ է: Կա մի օրինաչափություն. երբ ծագում են լուրջ պրոբլեմներ, դրանց մշտապես խառնվում են մարդիկ, ովքեր ուզում են այլոց ձեռքերով շագանակներ կրակից հանել, կան մարդիկ, ովքեր ցանկանում են ամեն բան քանդել, ավերել: Միշտ արդար պահանջներին խառնվում են խարդախները, մենք էլ մեր պատմության տարբեր էջերում նման օրինակներ ունեցել ենք դեռ 88-ից: Արդար պահանջներին այդ ժամանակ էլ միանում էր կրիմինալը, լուծում էր իր հարցերը, եւ այսպես շարունակ: Նրանք, ովքեր այս տարիներին եղել են նույն Ֆրանսիայում, տեսել են, որ կան մեծաքանակ դեռահասներ, ովքեր ո՛չ սովորել են ցանկանում, ո՛չ աշխատել: Պարզապես ցանկանում են վայելել կյանքը: Ամերիկայի բեռն իր վրա վերցնելը, կարծես, Եվրոպային չարդարացրեց: Ամերիկյան կյանքն այլ է, այն էմիգրանտների երկիր է, իսկ Եվրոպայում դա բերեց նրան, որ շատ երկրներ, որոնք ունեն հարուստ մշակութային, փիլիսոփայական եւ տնտեսական ժառանգություն, սկսեցին ուղղակի այլանդակվել: Հայտնվել են մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են վայելել, առանց որեւէ բան անելու: Պետք է արձանագրենք, որ այդ խնդիրը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից, այն արդեն Իտալիա, Իսպանիա է հասել: Եվրոպայի էլիտաները պատրաստ չեն այս ամենին եւ չգիտեն ինչպես այս ամենի դեմն առնել: Հիմնականում այդ ակցիաներին մասնակցում են դեռահասներ: Ես շատ ցավալի բաներ եմ տեսնում` մարդիկ ավերում են շինություններ, խանութներ, բայց խոսքն այնքան խանութների մասին չէ, որքան մշակութային ճարտարապետական արժեքների: Ո՞նց կարելի է նման բան անել: Մշակութային արժեքները կարող են ոչնչացնել միայն նրանք, ովքեր ոչ մի կապ չունեն այդ մշակույթի հետ: Հայաստանում էլ եղան նման նախադեպեր: Մարդիկ հեշտությամբ հին Երեւանը ոչնչացրին, այդ ամենի հիմքում, հավանաբար, այն հանգամանքն էր, որ Երեւանը հարազատ չէր այդ ամենի ետեւում կանգնածներին»: