Հրդեհներ, թալան, հարյուրավոր ձերբակալվածներ. Ֆրանսիայում քաոս է

Հրդեհներ, թալան, հարյուրավոր ձերբակալվածներ. Ֆրանսիայում քաոս է

Tue, 20 Oct 2026 13:15:32 +0400


Հանգստյան օրերին Ֆրանսիայում եւ Իտալիայում անհանգիստ էր։ Տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ գների բարձրացման, հանրային ծառայությունների վատթարացման, կրթության վատ պայմանների դեմ։ Տասնյակ քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց։ Ցույցերի մեծ մասը խաղաղ էր, բայց որոշ վայրերում տեղի ունեցան անկարգություններ, հրկիզումներ, բախումներ ոստիկանության հետ։ Փարիզում եւ Միլանում թալանվեցին թանկ բրենդային խանութներ, այրվեցին մեքենաներ, այլ քաղաքներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 550 հազար մարդ։ CGT միությունը 800 հազար թիվն է նշում։ Երեկոյան ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 1200 մարդու, ավելի քան 150 ոստիկան վիրավորվել էր։

Բռնության մասշտաբներն այս անկարգությունները դարձրել են տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցած ամենալուրջ իրադարձություններից մեկը։ Փարիզում սեւ հագուստով, դիմակներով եւ ակնոցներով երիտասարդների խմբերը բախվել են ոստիկանության հետ։ Իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ, եւ որոշ տեղերում նրանք ստիպված են եղել նահանջել։ Ցուցարարները փորձել են ներխուժել հայտնի Galeries Lafayette առեւտրի կենտրոն, ավերել են բանկեր, թալանել Lacoste խանութը, SFR բջջային հեռախոսների խանութը եւ մանրածախ առեւտրի այլ կետեր: Փողոցներում մեքենաներ են այրվել։ Այլ քաղաքներում կառավարական շենքերի վրա հարձակումներ են եղել: Լիմոժում այրվել է քաղաքապետարանը, իսկ Մարսելում սեւազգեստ մարդկանց մի խումբ ներխուժել է քաղաքային վարչակազմի շենք եւ պատերին թողել անարխիստական գրաֆիտիներ: Լիոնում այրվել է զբոսաշրջային գրասենյակը։ Այնուամենայնիվ, շատ ցուցարարներ ասել են, որ փողոց են դուրս եկել խաղաղ հավաքների, իսկ անկարգությունները կազմակերպվել են առանձին խմբերի կողմից, որոնք դիտավորյալ բախումներ են հրահրել ոստիկանության հետ: Պաստառների վրա կարգախոսներ են եղել՝ ընդդեմ նախագահ Էմանուել Մակրոնի, ոստիկանության եւ հարուստ ֆրանսիացիների: Պաղեստինամետ գրաֆիտիներ են հայտնվել նաեւ որոշ խանութների եւ հանրային շենքերի վրա։

Ինչո՞ւ են ֆրանսիացիները բողոքում․ ամեն ինչ սկսվեց մոտ մեկ ամիս առաջ՝ Փարիզի հյուսիսային արվարձանների դպրոցներում: Ուսանողները դժգոհ էին ուսուցիչների պակասից եւ դպրոցական շենքերի վատ վիճակից: Նրանք պահանջում էին նորմալ ուսումնական պայմաններ։ Աստիճանաբար բողոքի ցույցերը դուրս եկան դպրոցական համակարգի սահմաններից եւ լայն տարածում ստացան: Ուսանողներին միացան երկրի այլ բնակիչներ, որոնք դժգոհ էին գների աճից, սոցիալական անհավասարությունից եւ պետական ծախսերի կրճատումից։ «Մենք պայքարում ենք, որովհետեւ կյանքը չափազանց թանկացել է, որովհետեւ վառելիքի գները չափազանց բարձր են: Որովհետեւ ամբողջ երկրում դպրոցականներին ծեծում եւ վիրավորում են պարզապես բողոքելու՝ ավելի շատ ուսուցիչներ եւ բավարար ուսումնական պայմաններ պահանջելու փորձի համար»,- նշել է 19-ամյա Լոլան, որը մասնակցել էր Փարիզում կայացած ցույցին։
Որոշ մասնակիցներ փողոցներ են դուրս եկել դեղին բաճկոններով՝ մի քանի տարի առաջ զանգվածային բողոքի ցույցերի սիմվոլով, որոնք պայքարում էին Մակրոնի վարած քաղաքականության դեմ: Ներկայիս ցույցերն ավելի մեծածավալ են, քան «դեղին բաճկոնների» ակցիաներն էին, սակայն չեն հասել 2023 թվականի կենսաթոշակային բարեփոխումների դեմ իրականացվող բողոքի ցույցերի մասշտաբին։
Ֆրանսիայում տնտեսական խնդիրների ֆոնին դժգոհությունն աճում է։ Կառավարությունը փորձում է կրճատել պետական պարտքը, որը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին։ Միեւնույն ժամանակ, Մակրոնը մոտենում է իր նախագահական ժամկետի ավարտին։ Հաջորդ ընտրությունները նախատեսված են 2027 թվականին՝ ընդամենը 8 ամիս անց։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն անկարգությունների մեջ մեղադրել է «ուլտրաձախ» շարժումների եւ հանցավոր խմբավորումների ներկայացուցիչներին։ Նա կարծում է, որ ոմանք փորձում են օգտագործել բողոքի ցույցերը՝ նախագահական ընտրություններից առաջ իրենց քաղաքական շահերն առաջ մղելու համար։ «Նրանց, ովքեր ակնհայտորեն ցանկանում են այս բռնությունն օգտագործել որպես նախագահական ընտրությունների «տաքացում», ես անկեղծորեն ասում եմ՝ մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն։ Ոչ ոք չի կարողանա բռնության միջոցով պարտադրել իր քաղաքական օրակարգը»,- գրել է Լըկորնյուն X սոցիալական ցանցում։
Նախագահ Մակրոնը նույնպես դատապարտել է հարձակումները եւ խոստացել պատժել պատասխանատուներին. «Մենք միասնական կլինենք նրանց դեմ պայքարում, ովքեր քաոս են սերմանում, փորձում են խաթարել մեր ինստիտուտները եւ խոչընդոտում են մարդկանց՝ խաղաղ կերպով արտահայտել իրենց պահանջները»։

Անկարգությունների ֆոնին հարցեր են առաջացել նաեւ ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Ամենալուրջ դեպքերից մեկը վերաբերում է մի դեռահասի, որը վերցրել է էլեկտրաշոկային նռնակը, պայթել եւ կորցրել ձեռքը։ Ֆրանսիական ոստիկանությանը վերահսկող մարմինն արդեն հետաքննում է ցուցարարների նկատմամբ բռնության վերաբերյալ 24 բողոք։ Սակայն ոստիկաններն էլ են ենթարկվում հարձակման։ Վարչապետի խոսքով՝ շաբաթ օրվա բախումների ժամանակ վիրավորվել է իրավապահ մարմինների ավելի քան 150 աշխատակից։ Նա չի մանրամասնել, թե քանի ցուցարար է վիրավորվել։ UNSA ոստիկանական միությունը հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ամբոխն ինչպես է աղյուսներով եւ մահակներով հարձակվում ոստիկանական մեքենաների վրա։

Ի դեպ, այս օրերին բողոքի ցույցեր են ընթանում նաեւ եվրոպական այլ երկրներում։ Բնակչության ծախսերի աճի դեմ ցույցեր տեղի են ունեցել նաեւ Բելգիայում, Պորտուգալիայում եւ Իտալիայում։ Սա նշանակում է, որ Եվրոպայում նոր հեղափոխություն է սպասվում, որն ուղղված է կեղծ ժողովրդավարական արժեքների քողի տակ հանդես եկող իշխանությունների դեմ։ Այս կատեգորիայի մեջ է մտնում նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ իր եվրոպամետ քաղաքականությամբ ու պսեւդոդեմոկրատիայով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը

Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը Tue, 20 Oct 2026 14:30:14 +0400 Ադրբեջանում…

5 րոպե ago

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան կալանավորելու որոշում կա

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան կալանավորելու որոշում կա Tue, 20 Oct 2026 14:25:22…

10 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցն է քննարկվելու

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցն է քննարկվելու Tue, 20 Oct 2026 14:10:43 +0400 Մեր տեղեկություններով՝ այսօր…

25 րոպե ago

Խոստավեց՝ Թուրքիան առաջվանը չէ

Խոստավեց՝ Թուրքիան առաջվանը չէ Tue, 20 Oct 2026 14:00:59 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…

35 րոպե ago

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ տուժածներ կան

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ տուժածներ կան Tue, 20 Oct 2026 13:30:48 +0400 Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող…

1 ժամ ago

Ասում ենք՝ ճնշումներ կան, ասում է՝ հեղափոխություն արեք

Ասում ենք՝ ճնշումներ կան, ասում է՝ հեղափոխություն արեք Tue, 20 Oct 2026 13:25:39 +0400 Latest…

1 ժամ ago