«Նիկոլիզմի» ամենաարդյունավետ հաղթաթղթերից մեկը
Wed, 21 Oct 2026 13:01:35 +0400
Պոպուլիզմի, մեր դեպքում «Նիկոլիզմի» ամենաարդյունավետ հաղթաթղթերից մեկը անչափելի և անստուգելի, բայց ազդեցիկ ու բարձրագոչ հասկացությունների, հարցադրումների և պնդումների հրապարակ նետելն է։ Նպատակը մեկն է․ բարդ ու բազմաշերտ հարցերին տալ հեշտ, ընդհանրական և տրամաբանական պատասխաններ։ Ավելի կոնկրետ՝ ոչնչացնել բարդ հարցերին պատասխանելու բոլոր հնարավորությունները՝ տարրալուծելով դրանք քաոտիկ վերնագրերով և լոզունգներով։
Ինչպես է դա աշխատում․ ի սկզբանե սահմանվում է կեղծ ու հնարովի ելակետ և դրա հիմքի վրա կառուցվում է պատճառահետևանքային շղթա։ Իսկ շղթան էլ իր հերթին այնքան է հեռանում սկզբնական ելակետից, որ արդեն որևէ մեկը չի էլ փորձում է կասկածի տակ դնել դրա նախնական ձևախեղված բովանդակությունը։ Օրինակ՝ «30 տարի թալանել են», «Ղարաբաղցիները չկռվեցին», «Պատերազմի ժամանակ ղարաբաղցի տղերքը Երևանի գիշերային ակումբներում էին», «Ղարաբաղը էն գլխից տվել էին», «Մենք Ռուսաստանի գաղութն ենք եղել» և այլն։
Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք բոլոր այս պնդումները սկսում են կեղծ ելակետից, ճյուղավորվում են՝ փոխակերպվելով համընդհանուր օրինաչափության։ Սա պոպուլիզմի աշխատանքի տրամաբանությունն է, այն չի կարող խարսխվել սոցիոլոգիական հետազոտության կամ էլ գիտափորձի վրա, քանի որ միտված է մասնավոր, առանձին օրինակը դարձնել ընդհանրական ճշմարտություն։ Չէ՞ որ 30 տարիների ընթացքում իսկապես թալանչիներ եղել են, որոշ ղարաբաղցիներ չեն կռվել, մի քանիսն էլ միգուցե գիշերային ակումբներ այցելել են, Ղարաբաղի հարցով բանակցությունները ոչ միշտ են համապատասխանել մեր երազանքներին, իսկ Ռուսաստանից էլ կախվածությունը կա ու կա։
Բնականաբար վերնագրային այս խառնաշփոթում մարդկանց ճնշող մեծամասնությունը չի կարող խորանալ իրերի էության մեջ՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է սուտը և որտեղ՝ ճշմարտությունը։ Հատկապես երբ, այդ պնդումներն ու հարցադրումները հագեցված են պաթոսով, էմոցիաներով և փաստերի ընտրովի խաղերով։
Օրինակ, ինչ ազդեցիկ ու էմոցիոնալ է չէ՞ հնչում, երբ հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) հարցնում է․ «Ժողովուրդ, երբ Արցախը մերն էր, այդ ժամանակ ո՞ւր էիք դուք, Արցախի տեղը գիտեի՞ք, չգիտեի՞ք, Արցախ գնացե՞լ եք, ձեր երեխաներին տարե՞լ եք, Արցախում ապրե՞լ եք, մատը մատին խփե՞լ եք Արցախի համար։ Ինչքա՞ն կարելի է ապրել պոստֆակտում, «գնա մեռի արի սիրեմով»․․․»։
Սիրված հաղորդավարի հարցադրումն էլ նիկոլական պոպուլիզմի վառ դրսևորում է։ Այն ունի կեղծ ելակետ, որը հնարավոր չէ չափել, հաշվել, ստուգել, բայց հավակնում է պաթոսով ու մունաթով պատասխանել ամենագլխավոր հարցին․ ինչո՞ւ մենք կորցրեցինք Արցախը։
Այսինքն, եթե որոշ մարդիկ Արցախի տեղը չեն իմացել, երբեք չեն այցելել, իրենց երեխաներին այնտեղ չեն տարել և հանուն Արցախի չեն նահատակվել, ուրեմն ձայնազուրկ են, խոսելու իրավունք չունեն։ Բազմաթիվ մարդիկ միգուցե չեն եղել նաև Գորիսում, Մեղրիում և Ախթալայում։ Հաղորդավարի տրամաբանությամբ նշանակում է, որ իրավունք չունեն մտահոգվել նաև այդ քաղաքների ու շրջանների ճակատագրերով։
Կամ ո՞վ կարող է չափել ու ստուգել, թե 3 միլիոն բնակչությունից քանիսն են Արցախի համար մատը մատին տվել։ Ովքեր են այցելել և ովքեր են քարտեզի վրա տեղը իմացել։ Ովքեր են մտահոգվել, ովքեր սիրել և ովքեր անտարբեր եղել։ Ի՞նչ կապ ունեն դատարկ ու ապաքաղաքական այս հարցադրումները քաղաքականության հետ։ Հենց սա է քայքայիչ պոպուլիզմը, իր ապաքաղաքական, կեղծ բարոյախոսությամբ, անմեկնելի, անչափելի և անստուգելի:
Եվ թո՛ղ որևէ մեկը չասի, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե խոսքի մեջ առկա են Հայաստան ու Արցախ բառերը, նշանակում է, որ զրույցն էլ ինքնին չի կարող ապաքաղաքական լինել։
Քայքայիչ պոպուլիզմը մեզ ոչ միայն հեշտ պատասխաններ և լուծումներ է առաջարկում, այլ նաև օժտում մարդկային խմբերին հեշտությամբ դատելու, նրանց վերաբերյալ ընդհանրական գնահատականներ հնչեցնելու գերբնական կարողությամբ։ Ի՞նչ թեթևությամբ ենք մենք ներխուժում մարդկային հոգու խորքերը․․․
Գոռ Գրիգորյանի նիկոլական հարցադրումը պատասխան չունի։ Նույնիսկ դրա կարիքն էլ չկա, քանի որ պոպուլիստական համակարգում պատասխանները հարցերից շուտ են ծնվում։ Մենք ձեռքներիս տակ սոցիոլոգիական հետազոտություն կամ էլ գիտափորձի տվյալներ չունենք և չենք կարող որոշել, թե ով է հատկապես Արցախի համար մատը մատին տվել, և ով՝ ոչ։
Կա միայն մեկ վկայություն․ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը ունեն գերեզմանոցներ, որտեղ այնպայման հանդիպում է գոնե մեկ դրոշակով գերեզման։
Կարպիս Փաշոյան