Հավաբնի տնօրենի նման․ չգիտի՝ հավն ուտի՞, ճո՞ւտը, թե՞ կուտը
Wed, 21 Oct 2026 17:45:53 +0400
Երբ ասում են՝ հասուն ղեկավար, հենց այնպես չեն ասում։ Ղեկավար լինելու համար միայն աթոռը բավարար չէ։ Անհրաժեշտ են հասունություն, փորձ, պատասխանատվության զգացում և, ամենակարևորը, հոգեբանորեն պատրաստ լինել այն պաշտոնին, որը զբաղեցնում ես։ Պետք է գիտակցես քո լիազորությունների սահմանները, հասկանաս՝ որն է քո գործը, և ամեն ինչից գլուխ հանելու մոլուցքով չփորձես տիրանալ բոլոր ոլորտներին։
Նիկոլ Փաշինյանը, թերևս, մեղավոր չէ, որ 2018- ին հայ ժողովուրդը խակ պտուղ է ընտրել և չի կարողանում ուտել՝ թթու է, դառը, բերանն է ծռմռում։ Խակ պտղի խնդիրն այն է, որ որքան էլ նրան բարձրացնես, որքան էլ փորձես հասունացածի տեղ ներկայացնել, դրանից նա չի հասունանա։
Երբ մարդը բավարար ճանապարհ անցած չի լինում, բայց հանկարծ հայտնվում է երկրի ամենաբարձր պաշտոնում, նա կորցնում է ամենակարևորը՝ սեփական հնարավորությունների ու իրական կարողությունների չափի զգացողությունը։ Չի հասկանում՝ ինչ անել, բայց ուզում է ամեն ինչ անել։ Չի տարբերում՝ որտեղ են իր լիազորությունների սահմանները, բայց ձգտում է մտնել բոլոր դռներից ներս։ Իրեն պատկերացնում է բոլոր հարցերի գլխավոր պատասխանատու, բոլոր վեճերի դատավոր և բոլոր ճշմարտությունների վերջին ատյան։
Նիկոլ Փաշինյանի ութուկեսամյա պաշտոնավարումն ասես այս անհասունության դասագիրքը լինի։ Նա և՛ դատավոր է, և՛ քննիչ, և՛ նախարար, և՛ ուսուցիչ, և՛ հոգևոր հարցերի կարգավորող, և՛ քաղաքական ընդդիմախոսների վարքի գնահատող։ Մի խոսքով՝ ամեն ինչ է, բացի այն մարդուց, որը հստակ գիտի՝ որն է իր գործը և որտեղ են իր լիազորությունների սահմանները։
Նա չի հասկանում, որ վարչապետ լինելը պետության բոլոր ինստիտուտները սեփական ձեռքի տակ վերցնելու արտոնագիր չէ։ Պաշտոններն ու լիազորությունները ժառանգություն չեն։
Հայկական իրականության մեջ այսպիսի մարդկանց մասին մի թևավոր խոսք կա, որը սովորաբար հումորով են հիշում, երբ մեկն անսպասելիորեն մեծ պաշտոն կամ անսահման հնարավորություններ է ստանում ու դրանց առատությունից կորցնում գլուխը։
Մեկին նշանակում են թռչնաֆաբրիկայի տնօրեն։ Խեղճը տեսնում է հավերի, ճտերի ու կերի առատությունը, աչքերը չորս են դառնում։ Լիությունից ու շփոթմունքից մոլորված՝ գնում, կանգնում է հավաբնի մեջտեղում, շուրջբոլորը նայում ու ինքն իրեն ասում.
— Էսքան լիությո՜ւն… Հիմա չգիտեմ՝ հավն ուտեմ, ճուտն ուտեմ, թե՞ կուտը ուտեմ։
Փաշինյանն այդ մոլորված մարդու քաղաքական տարբերակն է։ Ութ տարի է՝ ձեռքի տակ ունի իշխանության լծակները, բայց կարծես այդպես էլ չի կողմնորոշվել՝ դրանցով ինչ պետք է անի։ Փոխանակ զբաղվի երկրի կառավարմամբ, փորձում է ամեն տեղ իրեն վերապահել գլխավոր դերը։ Մի տեղ դատավոր է, մյուս տեղ՝ քննիչ, երրորդում՝ նախարար, չորրորդում՝ ուսուցիչ։ Ուր որ նայում է, մի նոր գործ է գտնում, որին կարող է միջամտել, մի նոր ոլորտ, որտեղ կարող է իրեն գլխավոր կարգավորիչ հռչակել։
Թե ինչպես է հայտնվել այդ աթոռին, պատմությունն արդեն բացահայտում է։ Բայց այն, որ իրեն պահում է այնպես, կարծես ամեն ինչ հոր տնից է բերել՝ պաշտոններն ու լիազորությունները, պատիժներն ու մարդկանց ճակատագրերը տնօրինելու իրավունքը, վկայում է մի բան՝ իշխանության առատությունից հավաբնի տնօրենի նման գլուխը կորցրել է։ Այլևս չի հասկանում՝ հավն ուտի, ճուտն ուտի, թե՞ կուտը։
Հավաբնի տնօրենը կարող է ինքնուրույն որոշել՝ հավն ուտի, ճուտն ուտի, թե կուտը։ Իսկ պետության ղեկավարի շփոթմունքի գինը վճարում է ոչ թե ինքը, այլ ամբողջ երկիրը։
Ահա թե ինչու ղեկավարի հասունությունը շքեղություն չէ։ Դա պաշտոնի նվազագույն պահանջն է։ Իսկ երբ այդ հասունությունը բացակայում է, երկրի ղեկավարը շարունակում է թափառել իր իսկ իշխանության բնում՝ չկողմնորոշվելով՝ ինչն է իրեն թույլատրված, ինչը՝ ոչ։ Մոռանալով ամենակարևորը՝ պետությունը հավաբուն չէ, իսկ վարչապետի աթոռը՝ սեփականության իրավունք։