«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե
Thu, 22 Oct 2026 09:45:40 +0400
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին՝ խոսելով նախկինում ունեցած տարաձայնությունների եւ ներկայում իշխանությունների հետ համագործակցության մասին։ «2019-2020 թվականներին բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Միակ խնդիրը բացառապես կապված էր Արցախի հետ, պատերազմի հետ, թե չէ այնպես չէ, որ ես քաղաքական ցանկություններ եմ ունեցել՝ էդ ճահիճի մեջ մտնելու»,- ասել է Առուշանյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ տարաձայնությունների հիմնական պատճառը եղել են Արցախի եւ պատերազմի հետ կապված հարցերը։ Նա ասել է. «Իրա արժեհամակարգում (Նիկոլ Փաշինյանի) ամենաբարձր արժեքը հայրենիքն ա, որովհետեւ ինքը անմնացորդ աշխատում ա հայրենիքի համար»։ «Երբ տեսնում ես, որ քո երկրի տնտեսությունը զարգանում է, տեսնում ես, որ կոռուպցիա չկա, ֆիքսում ես, որ ժողովրդին չեն խոչընդոտում՝ ինչ-որ ներդրում անել, այլ խթան են հանդիսանում, դա պարզ տրամաբանություն է, որ երկրի ղեկավարը ոնց լինում է, բուրգի գլուխն ինքն է, բուրգն այդ ձեւով աշխատում է… մտածում եմ՝ ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը»: Նա նաեւ ասել է, որ իրեն քաղբանտարկյալ չի համարում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին նախատեսված Գորիսի ավագանու ընտրություններին Առուշանյանի հիմնադրած «Բիզնես» եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները մասնակցում են «Համերաշխություն» դաշինքով, որի ընտրացուցակը գլխավորում է Առուշանյանը։ Առուշանյանի այս հարցազրույցն ու հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել, եւ հատկապես ընդդիմադիր զանգվածը նրան մեղադրում է ճամբարափոխ լինելու, հանուն պաշտոնի Փաշինյանին անթաքույց քծնելու մեջ:
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, նկատում է. «Ես այս աժիոտաժից զարմացած եմ: Ինչու եմ զարմացած՝ որովհետեւ այդ անձի համար բացարձակ էական չէ, թե ով է իշխանության: Նրա համար կարեւոր է մի բան` «ով իշխանություն, ես՝ այդ իշխանության կամակատար» սկզբունքը: Ես զարմացա, երբ այդ պերսոնաժին գրագետ PR-ի արդյունքում դեռ այն ժամանակ սարքեցին Գարեգին Նժդեհ: Նրան Գորիսի հարակից փոսերում նկարում էին եւ ներկայացնում որպես արցախյան պատերազմի հերոս, որն Արցախի խրամատներում է: Նմանատիպ պերսոնաժների ես անձամբ եմ հանդիպել 2018-ին, երբ ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրվել էի Սյունիքում: Այդ ժամանակ բոլոր քաղաքապետերի հետ հանդիպեցի եւ խնդրեցի մի բան` ուղղակի չխոչընդոտել իմ աշխատանքը, քարոզարշավը, որովհետեւ տարբեր լիրբ կնիկների խմբեր էին իմ հետեւից ուղարկում տարբեր գյուղեր, որպեսզի քարոզարշավը խանգարեն: Այդ պերսոնաժը դեռ 2018-ին երդվյալ նիկոլական էր եւ իր մարմնի բոլոր մասերով աշխատում էր Նիկոլի համար: Եվ, առհասարակ, Սյունիքի այդ բոլոր համայնքապետերը, որոնք հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հայտնվեցին, երդվյալ նիկոլական են եղել դեռ 2018-ին: Ինձ անձամբ են ասել, որ իշխանության համար են աշխատում: Հետո թե ինչպես եղավ, որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում հայտնվեցին, ինձ համար անհասկանալի է: Միակ քաղաքապետը, որն ինձ խոստացավ իմ քարոզարշավը չխոչընդոտել, դա Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն էր: Այս մարդը` Առուշը, միշտ աշխատել է Նիկոլի համար: Հետո նրան ինչ-որ մարդիկ ներշնչեցին, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանն է իշխանությունը վերցնելու, նա որոշեց Քոչարյանին աջակցել, եթե Քոչարյանի փոխարեն լիներ, օրինակ, Էդմոն Մարուքյանը կամ Արման Թաթոյանը, կամ Հայկազ Վարդուշիկյանը, ինքը ծառայելու էր նրանց: Եթե մի մարդ, որն իր յաշիկի համարները համարում է բարձրագույն արժեք եւ զրոներով համարի համար վճարում է 400 հազար դոլարից ավելի գումար, ի՞նչ լավ բան կարելի է սպասել այդ մարդուց: Ասում է` դե, իմ տարաձայնությունը Նիկոլի հետ Արցախի համար էր, իբր Արցախը հեչ բան էր, թեթեւ թեմա էր, կոշիկի ռազմերի թեմայի նման մի բան…. Ափսոսում եմ, որ երբ այդ մարդը կալանավորված էր, ես, որպես հանձնաժողովի նախագահ, գնացել եմ Քննչական կոմիտե, եւ այլն: Պետք չէ այս տեսակից զարմանալ, վաղը եթե Նիկոլին իշխանությունից հեռացնելու շանս լինի, եւ եթե այլ մեկը գա իշխանության, նա է դառնալու բարձրագույն արժեք: Ինձ մոտ լեգիտիմ հարց է ծագում` նրան որտեղի՞ց 400 հազար դոլար փող, որ տալիս է մեքենայի համարին: Ընդամենը քաղաքապետ է, որտեղի՞ց նրան այդքան գումար»:
Իսկ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, որը նույնպես ժամանակին ընդդիմադիր էր, մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում երկար խոսել, միայն նշեց. «Եթե իմ որդին այդպես է որոշել, նրան կանաչ ճանապարհ եմ մաղթում»: