Փախուստ «Գիտկոմից». Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել
Thu, 22 Oct 2026 15:45:56 +0400
Ընդամենը երեք շաբաթ առաջ, սեպտեմբերի 29-ին աշխատանքից ազատվել էր ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Տևական ժամանակ լուրեր էին պտտվում, թե Հայոցյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև համագործակցությունը ձախողվել էր եւ բարձրագույն իշխանությունը Ակադեմիական քաղաքի կառուցման հապաղումների համար Կոմիտեի ղեկավարությանն է մեղադրում։ Իսկ հոկտեմբերի 19-ին դիմում գրեց նաեւ Հայոցյանի տեղակալ Արթուր Մովսիսյանը: Նա իր էջում հրաժեշտի խոսք է հրապարակել` «շնորհակալություններով» գերհագեցած, որում նաեւ փակագծեր է բացում՝ գիտության փողերը քիչ են, ծրագրերը՝ վտանգված: Ավելի վաղ, info.com-ում հոդված էր հրապարակել, որում ապացուցում էր թվերով, որ գիտության զարգացման ռազմավարությունն ու 2027 թվականի բյուջեն չեն համընկնում:
«Կառավարությունը տարեսկզբին ընդունված «Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրով» խոստանում էր 2030-ին ոլորտի ֆինանսավորումը պետական միջոցներից հասցնել ՀՆԱ-ի 0․75%-ին։ Ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ 2027-ին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 13․6 տրիլիոն դրամ։ Սա նշանակում է, որ եթե Կառավարությունը ՀևՄ-ին հատկացնի 34․3 մլրդ դրամ, ինչպես որ նախատեսվում է բյուջեի նախագծով, ապա 2027-ին ՀևՄ հատկացումները կկազմեն ՀՆԱ-ի ընդամենը 0․25%-ը։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ 2026-ի և 2027-ի ՀՆԱ-ի փաստացի ցուցանիշները չկան․ կան միայն կանխատեսումներ։ Սակայն առանց կանխատեսումների էլ տեսանելի է, որ ՀՆԱ-ն տարեցտարի աճում է, հետևաբար գրեթե նույնական բյուջեով ոլորտի պետական ֆինանսավորումը 2030-ին ՀՆԱ-ի 0․75%-ի հասցնելն այնքան էլ իրատեսական չի թվում», – նշել էր նա այդ նյութում։
Աշխատանքից ազատվելու մասին նա սկսել է մտածել, երբ «բյուջեի նախագիծը արդեն կառավարությունում էր». «Հիմնական պատճառն այն է, որ մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին։ Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ․ այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի»: Հայոցյանի ազատվելուց հետո նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կատարելու ընթացքում, ըստ Մովսիսյանի, ինքն ամեն ինչ արել է, «որպեսզի ճգնաժամային իրավիճակ չլինի, հայտարարված և որոշ ամփոփված ծրագրեր այս տարի ֆինանսավորում ստանան, մի շարք սարքերի պայմանագրերը չչեղարկվեն»: Եւ հարցը միայն փողը չէ: «Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով», – գրել է նա, նշելով նաեւ, որ «զարգացման տեմպը պահպանելու համար անհրաժեշտ են որոշ համակարգային փոփոխություններ»։ Որպես գիտական համայնքի հետ ամենօրյա շփման մեջ գտնվող պաշտոնյա՝ նա հեռանում է, որովհետև տրված խոստումները չեն կատարվում, ասելով՝ «ես խաբել չեմ կարող»:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը գտնում է, որ Գիտկոմի ղեկավարների հեռանալը նրանց չի ազատում պատասխանատվությունից: «Նրանք տարվա ընթացքում մրցույթներ են կազմակերպել, այդ մրցույթները հաղթողներ են ունեցել որոշ ծրագրերով, եւ այդ ծրագրերը չեն ֆինանսավորվել, եւ հիմա պարզվում է, որ հաջորդ տարի եւս դրանք չեն ֆինանսավորվելու», – ասում է նա: Իսկ պատճառն այն է, ըստ փորձագետի, որ գիտությունը առաջնահերթություն չի, ինչ մնաց տակը՝ բավարարվեք: Գիտկոմի ղեկավարները, ըստ Մխիթարյանի, «ուզում են ստեղծված իրավիճակի համար մեղքը իրենց վրայից գցեն», բայց դա չի անցնի:
«Գիտության մեջ ստեղծվել է քաոսային իրավիճակ: Ֆինանսվորումը կրճատվել է, գիտնականներին՝ այսպես ասած, ատեստավորման քողի ներքո դուրս են շպրտում գիտական կազմակերպություններից, եւ այս բոլորի պատասխանատուն այդ մարդիկ են: Ասենք, եթե հրաժարական տվեցին, գնացին ու ամիսը ստանում էին՝ չգիտեմ, 1000-1500 դոլար աշխատավարձ, հիմա ո՞վ է պատասխանատու: Դու մտել ես այդ բեռի տակ՝ որ Նիկոլի հետ պետք է աշխատես ու գիտությունը, կամ բարձրագույն կրթության ոլորտը կառավարես եւ հիմա դուրս ես գալիս, իբրեւ թե դու մեղավոր չես՝ սա չի ացնի: Այդ մարդիկ պետք է նաեւ պատասխան տան, եւ սա ես շատ գիտնականների կարծիքն եմ ասում: Քանի որ այս կառույցը գիտության ոլորտում քաղաքականությունը մշակող եւ իրականացնող կառույցն է», – ասում է Ատոմ Մխիթարյանը: