Ցեխոտ կոշիկով եկար, փայլեցրածով կգնաս
Fri, 23 Oct 2026 15:45:30 +0400
Հիշո՞ւմ եք 2018-ի քայլարշավը։ Նիկոլ Փաշինյանն իշխանության հասնելու համար Գյումրիից Երևան եկավ քայլելով ու ցեխոտ կոշիկներով։ Դրանք դարձան նրա քաղաքական խորհրդանիշը։ Ուղերձը պարզ էր՝ «Ես պատրաստ եմ տառապել հանուն ձեզ»։ Այդպես բացվեց իշխանության տանող ճանապարհը՝ «Նոր Հայաստանի» խոստումներով։
Երկրորդ փուլում մորուքը սափրեց։ Հեղափոխական կերպարը մնաց անցյալում, սկսվեց պետական գործչի նոր կերպարի ցուցադրությունը։ Հին խոստումներն էլ սափրեց ու փակված համարեց։
Հիմա՝ երրորդ փուլն է՝ կոշիկների մաքրումը։
Պատահակա՞ն է արդյոք ընտրված Safri Duo-ի «Played-A-Live» աշխույժ ռիթմը։ Կարծես նոր քայլարշավի մեկնարկ լինի։ Այս անգամ՝ դեպի Նոր Սահմանադրություն և պետության սահմանադրական հիմքերի փոփոխություն՝ ընդհուպ մինչև Չորրորդ հանրապետության գաղափարը։
2018-ին կոշիկները ցեխոտ էին՝ իշխանության ճանապարհին։ Հիմա դրանք փայլեցնում է՝ նոր ճանապարհից առաջ։ Նա հասկացնում է, որ իր «քայլելու զենքը» պատրաստ է, և նա գնալու է մինչև վերջ՝ անկախ հանրային դիմադրությունից:
Հանրությունը, քաղաքական դաշտը զբաղված է արտաքին տեսքի լուսաբանմամբ՝ հումորներով, մեմերով, մինչդեռ Փաշինյանը խոսում է բովանդակության մասին։ Նա սիմվոլներով տեղեկացնում է, որ պատրաստվում է քաղաքական նոր գրոհի, և նրա կոշիկները մաքուր են ու ամուր՝ այդ ճամփան անցնելու համար: Այն իրավիճակում, երբ իշխանությունը խոսում է խորհրդանիշերով և մեծ փոփոխություններով, հանրության գլխավոր անելիքը «կենցաղային հումորներից» անցում կատարելն է դեպի գիտակցված քաղաքացիական դիրքորոշում։ Քաղաքական սիմվոլների վերջնական լեգիտիմություն տվողը կամ մերժողը հենց ժողովուրդն է։ Սահմանադրությունը կոշիկ չէ, որ մաքրես ու շարունակես ճանապարհդ։ Դա պետության հիմքն է, և դրա փոփոխության հարցը չի կարող մնալ միայն իշխանության քաղաքական ծրագրի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանը պարզ ասել է, թե որն է իր տապալման սցենարը․ եթե նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում անհրաժեշտ աջակցություն չստանա, հնարավոր է դիմի արտահերթ ընտրությունների։ Բայց այստեղ մի կարևոր տարբերակում կա․ ընտրությունների գնալու պատրաստակամությունը դեռ չի նշանակում, թե քաղաքական առաքելությունն ավարտված կհամարվի ժողովրդի բացասական պատասխանի դեպքում։ Դա պետք է հստակ հաստատվի նրա հրապարակային հայտարարություններում։ Որովհետև սուտը նրա քաղաքական ուղեկիցն է։
Կոշիկները մաքրված են, երաժշտությունը՝ միացված, ճանապարհը՝ նշված։ Հետաքրքիրն այն է, որ նա երրորդ փուլում արդեն վարագույրը բացում ու ցույց է տալիս, թե ուր է տանում երկիրը։
Բայց ո՞վ է որոշելու՝ ուր պիտի քայլի Հայաստանը։ Այդ հարցում վերջին խոսքը պետք է պատկանի ժողովրդին։ Ոչ թե այն ուժերին , ովքեր Նիկոլ Փաշինյանին բերել ու անունը դրել են հայ ժողովուրդ։ Եթե Գյումրիից ցեխոտ կոշիկով եկավ, ճիշտ է անում, որ փայլեցնում է կոշիկները։ Ցեխոտ կոշիկով եկավ, փայլեցրածով կգնա։