Թշնամական պահանջը՝ թե՛ հաճելի և թե՛ օգտակար

Թշնամական պահանջը՝ թե՛ հաճելի և թե՛ օգտակար

Fri, 23 Oct 2026 19:15:39 +0400


«Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում»,- ասում է Փաշինյանը:

Այո, Սահմանադրության հետ կապված հարցերը ծագեցին իշխանափոխությունից անմիջապես հետո: Եվ սկզբնական հարցերն իսկապես ունեին ներքին օրակարգ, իսկ դրանցից մեկը, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, դրական ուղղվածություն: Անմիջապես անդրադառնամ դրան. դեռևս ընդդիմադիր դրական հովերով տարված քաղաքացիական հասարակությունը քննարկում էր կառավարման՝ սերժական սուպերվարչապետական համակարգը ձևափոխելու հարցը: Եվ որ ավելի քան զարմանալի էր, դրան դեմ չէր նաև վարչապետ կարգված «դուխով» Նիկոլը: Չնայած քննարկելու մեծ դաշտ չկար. վերադարձ նախկին համակարգին կամ էլ անցում ամերիկյան նախագահակականին: Սակայն պահպանվեց գործողը, քանի որ Փաշինյան Նիկոլը հասկացավ, որ սերժական նոու-հաուն գտնված տարբերակ էր իր համար:

Երկրորդ հարցը նույնպես իշխանության պահպանման հարցն էր՝ խորհրդարանի լուծարում վարչապետի պաշտոնին ձեռք չտալու միջոցով: Դա, իհարկե, ոչ թե խորհրդարանում, այլ «գեղի կլուբում» քննարկվելիք հարց էր: Ու այդ պատճառով էլ դրա հեղինակը ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից: Քաղաքականապես ինչքան միամիտ էր, չէ՞, ինքն այդ օրերին: Ինչևէ, երրորդ հարցը Սահմանադրական դատարանի անդամներից և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու մեծ բոլոլան էր. հարցազրույցներ, մամուլի ասուլիսներ, հանրաքվեի կազմակերպում… Բայց մեջտեղ եկավ քովիդի համաճարակն, ու հեղափոխական Նիկոլն էլ հասկացավ, որ իմաստ չունի ընկնել օրենքի հետևից: Ու Ալեքսանդր Մեծին վերագրվող՝ սրի հարվածով լուծեց գորդյան հանգույցի… Չէ, կներեք, Սահմանադրություն խախտելով լուծեց ՍԴ-ի թնջուկը: Իսկ հետո եղավ պատերազմը:

«Չշշկռվելիք գերագույնի» հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո ներքին օրակարգերը դադարեցին լինել զուտ ներքին: Դա վերաբերում է թե՛ ընդհանրապես ներքին կյանքին և թե՛ կոնկրետ Սահմանադրությանը: Այդ օրակարգերը թելադրվում էին թշնամու կողմից, իսկ կապիտուլյանտական հայտարարություն ստորագրած՝ այլևս ոչ «դուխով» Նիկոլը, հլու-հնազանդ ենթարկվում էր: Այդ օրակարգերը բազմաթիվ էին. Արցախի, այլ տարածքների և 21 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կորուստ և այլն: Միաժամանակ, սահմանադրական՝ միջամտելու իրավունք չտրամադրող հարցը: Վերջինիս առումով էլ՝ Անկախության հռչակագրի առկայության խնդիրը նախաբանում: Ի դեպ, նման հարց նախկինում՝ 2020 թ.-ի փետրվարին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չի քննարկվել: Այնպես որ նախքան խայտառակ պարտությունը Անկախության հռչակագիրը հանելու թշնամական պահանջը Նիկոլենց օրակարգում չի եղել:

Վերը ներկայացված մեջբերման մեջ ինձ, այսպես ասած, «դուր եկավ» խոսքի մակարդակում ինքնիշխանության դրսևորումը: Նախորդ հոդվածներից մեկում այդ երևույթը բացահայտել էի ԱԳՄԱ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի առումով: Աչքիս վարչապետ կոչեցյալն ու նրա ենթակաները որոշել են Ադրբեջանի հետ հարաբերություններում ինքնիշխանություն խաղալ: Ու, թվում է, թե (ավելի համապատասխանը ռուսերեն «видите ли» արտահայտությունն է) իրենք համարձակվում են համաձայն չլինել մեր թշնամու և իրենց բարեկամի հետ: Իսկ երբ նույն անձը՝ թշնամի թե բարեկամ, ստորացնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ու նաև մեր ողջ ազգին, իրենք անմռունչ տանում են այն: Էլ չասած, որ թշնամու պահանջն արդեն ներկայացվում է որպես ընդամենը քաղաքական դիքորոշման ներկայացում:

Ներկայացնեմ այդ ծավալուն դատողության վերջին մասը: «Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ինչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նշել է նա: Ստացվեց, որ թշնամական պահանջը կարելի է դարձնել ներքին քաղաքականության մաս՝ դա արձանագրելով կառավարության ծրագրում: Դրանից հետո հայտարարել, թե թշնամական այդ պահանջն ընդամենը քաղաքական դիքորոշման իրազեկում էր: Եվ վերջապես հանգել տվյալ դեպքի առումով ամենաաննորմալ եզրակացությանը, թե «մեկը հաճելի է, մյուսը՝ օգտակար»: Ու իրենց էլ մնում է համատեղել դրանք: Չնայած պարզ չէ, թե որ մասն է իրենցը՝ հաճելի՞ն, թե՞ օգտակարը: Ինչևէ, պարզվում է, որ թշնամական պահանջը կարող է լինել թե՛ հաճելի և թե՛ օգտակար:

Հիմա հասկացա՞ք, թե ինչ տեղի ունեցավ. փոխանակ էն գլխից մերժվեր թշնամական պահանջը՝ պահելով ինքնիշխանությունը, կատարվեց հակառակը: Մերժեցին ինքնիշխանությունը՝ թշնամական պահանջը դարձնելով սեփական նախաձեռնություն: Այնուհետև դրան գումարեցին օտարի պահանջի սեփական մեկնաբանությունը: Ու այդ պահանջը վերածեցի ընդունելի երևույթի, ինչն էլ հենց նիկոլական մանիպուլյացիայի մեխանիզմն է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին Sun, 15 Nov 2026 10:15:54 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

16 րոպե ago

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան Sun, 15 Nov 2026…

31 րոպե ago

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում Sun, 15 Nov 2026 09:45:01 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

46 րոպե ago

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում Sun, 15 Nov 2026 09:30:58…

1 ժամ ago

Պարտադիր պահանջ․ հիշեցում

Պարտադիր պահանջ․ հիշեցում Sun, 15 Nov 2026 09:15:43 +0400 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝…

1 ժամ ago

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

2 ժամ ago