Ու՞ր է գնում «լոկոմոտիվը» եւ ու՞մ հաշվին
Fri, 23 Oct 2026 20:45:28 +0400
Երբ ներկայիս վարչապետն ընդդիմադիր էր, շատերի սրտով էր նրա քննադատությունը ՀՀԿ-ի կառավարության հասցեին՝ պայմանավորված հեռուստաեթերում պարզունակ հեռուստասերիալների տարածմամբ և հանքարդյունաբերության զարգացմամբ։ Մինչդեռ նրա իշխանության գալուց հետո իր իսկ քննադատած երկու միտումներն էլ ավելի ուժեղացան. ցածրորակ սերիալներն է՛լ ավելի հեղեղեցին հեռուստաեթերը, իսկ հանքարդյունաբերությունը հռչակվեց «տնտեսության լոկոմոտիվ»։ Այս երկու հիասթափությունների հետևանքներն անհամեմատելի են։ Սերիալ դիտելուց կարելի է խուսափել՝ փոխելով ալիքը։ Հանքարդյունաբերության ընդլայնման վնասակար հետևանքներից հնարավոր չէ այդպես հեշտ պաշտպանվել ո՛չ մեզ, ո՛չ ապագա սերունդներին։ Ուստի, որոշեցի անդրադառնալ օրերս Ծաղկաձորում կայացած Mining Armenia Forum-ում գլխավոր բանախոսի այն դրույթներին, որոնք առավել ցայտուն են բացահայտում նրա մոտեցման մակերեսայնությունը։
Ընդերքը ճանաչվում է համաժողովրդական հարստություն, սակայն որևէ կերպ չի պարզաբանվում, թե ինչ մեխանիզմներով է իրացվելու համաժողովրդական հարստություն ճանաչված ընդերքի նկատմամբ ժողովրդի իրավունքը։ Բնապահպանական բարձր չափանիշներ ներդնելու խոստումը չի հստակեցնում հանքավայրերի շահագործման թույլատրելի սահմանները, բաժնետիրացումն առաջարկվում է որպես հանրային խնդիրների լուծման միջոց՝ առանց հիմնավորելու, թե ինչպես է այն ապահովելու ռեսուրսային եկամուտների արդար բաշխումն ու էկոլոգիական անվտանգությունը, և ամենակարևորը՝ չի ձևակերպվում կառավարության հանձնառությունը՝ սպառվող բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների մի մասը վերածելու երկարաժամկետ հանրային ակտիվների՝ ի շահ ապագա սերունդների։ Այս հարցերը վկայում են հայեցակարգային սնանկության մասին՝ հիմք տալով ելույթը որակելու որպես COP 17-ի ֆոնին իրականացվող իմիջային ակցիա։
Հանրային սեփականությունը և հանրության իրավունքները
Նրա պնդումը, թե «Ընդերքը ՀՀ ժողովրդի և պետության սեփականությունն է», նշանակում է, որ հանքարդյունահանող ընկերություններն օգտագործում են ամբողջ հանրությանը պատկանող ռեսուրս և, ուստի, այդ ձեռնարկությունների շահույթն ու հանրային օգուտը պետք է տարանջատել և գնահատել առանձին։ Դրանք կարող է շահութաբեր լինել նույնիսկ այն դեպքում, երբ բնությունը կրում է անդառնալի վնաս։ Ուստի շահութաբերությունն ինքնին չի կարող հիմնավորել հանքավայրի շահագործման նպատակահարմարությունը․ անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ օգուտներ է ստանում հանրությունը, ի՞նչ ծախսեր ու կորուստներ է կրում այդ օգուտների դիմաց, և ինչպե՞ս են դրանք բաշխվում ներկա ու ապագա սերունդների միջև։
Ելույթում չի պարզաբանվում, թե գործնականում ինչ է ենթադրում ընդերքի հանրային սեփականությունը։ Մասնավորապես, պարզ չէ հանրության դերը որոշումների ընդունման հարցում՝ ո՞ր հանքավայրերը շահագործել, ի՞նչ ծավալներով ու պայմաններով, ե՞րբ սահմանափակել կամ դադարեցնել արդյունահանումը։ Չի բացատրվում նաև՝ ինչպե՞ս է հանրությունը վերահսկում սահմանված պահանջների կատարումը և ստանում ռեսուրսային ռենտայի արդար բաժինը։ Վերջինս սահմանափակ բնական ռեսուրսի օգտագործումից ստացվող եկամուտն է և նույնական չէ ներդրողի՝ ներդրած կապիտալի դիմաց ստացվող հատույցին։ Ընդերքի նկատմամբ հանրության իրավունքի ճանաչումը պետք է ուղեկցվի դրա իրացման արդյունավետ մեխանիզմներով։
Ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկը բանախոսը ձևակերպեց այսպես՝ քաղաքացիները պետք է ոլորտը համարեն «իրենցը»։ Ընկալման վրա շեշտադրումը՝ փորձ է շեղել քննարկման առարկան․ հանրության իրավունքներն ու շահերն ապահովելու հրատապ խնդիրը փոխարինվում է ճյուղի նկատմամբ բարենպաստ վերաբերմունք ձևավորելու մտացածին խնդրով։ Մինչդեռ այդ զգացումը, ինչպես էլ այն ձևավորվի, ինքնին չի ապահովում ո՛չ հանրության ազդեցությունը որոշումների վրա, ո՛չ ընդերքի օգտագործման հանրային վերահսկողությունը, ո՛չ էլ դրա շահագործումից ստացվող եկամուտների արդար բաշխումը։ Առավել ևս, որ Հայաստանի քաղաքական կյանքում վաղուց ակնհայտ է խոր հակասությունը․ ժողովուրդը հռչակվում է իշխանության աղբյուր ու կրող, սակայն որոշումների ընդունմանը մասնակցելու և իշխանությանը վերահսկելու հարցերում նրա իրավունքները մնում են հռչակագրային և զուրկ իրացման գործուն երաշխիքներից։
Բնապահպանական պարտավորությունները
Բանախոսը ընդունում է բնապահպանական խնդիրների կարևորությունն ու ձեռնարկված միջոցների անբավարարությունը։ Սակայն նա չի բացատրում՝ բնապահպանական նոր պահանջնե՞րն են որոշելու արդյունահանման թույլատրելիությունն ու ծավալները, թե՞ դրանք շարունակելու են հարմարեցվել ոլորտի ընդլայնման նախապես ընտրված ուղեգծին։
Հիմնավոր բնապահպանական հայեցակարգը պետք է սահմանի, թե բնության որ գործառույթներն են կենսական նշանակություն ունեցող, և որոնց կորուստն է անթույլատրելի՝ անկախ արդյունահանումից ակնկալվող եկամուտներից։ Խոսքը, մասնավորապես, ջրերի մաքրությունը, հողերի բերրիությունը և էկոհամակարգերի կենսունակությունը պահպանելու մասին է։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները պետք է որոշեն հանքավայրերի շահագործման թույլատրելիությունն ու պայմանները՝ հիմք դառնալով նաև այդ գործառույթների պահպանման հետ անհամատեղելի նախագծերը սահմանափակելու, հետաձգելու կամ մերժելու համար։
Անհրաժեշտ է նաև սահմանել, թե ինչպես են որոշումներ ընդունվում արդյունահանման հետևանքների մասին տվյալների անբավարարության պայմաններում։ Վնասի ապացույցների բացակայությունն ինքնին չի հաստատում անվտանգությունը։ Ուստի անորոշության գործոնը պետք է հաշվի առնել որոշում ընդունելիս։
Առանց նշված սկզբունքների հստակեցման՝ «բնապահպանական բարձր չափանիշների» խոստումը մնում է զուտ ձևական, քանի որ չի հստակեցնում այն սահմանները, որոնցից անդին պետությունը պետք է հրաժարվի արդյունահանումից՝ անկախ ակնկալվող տնտեսական օգուտներից։ Սա հայեցակարգային բացթողում է, ոչ թե տեխնիկական մանրամասների պակաս։
Հանրային կարծիքի վրա քարոզչական ներգործությամբ հյուսված բարենպաստ իմիջը չի փոխհատուցի բնապահպանական վնասը և չի արդարացնի ընդերքի գիշատչային շահագործումը՝ բնական համակարգերի քայքայման գնով ընթացիկ եկամուտներ ստանալը և ծախսերի ու կորուստների բեռը հանրությանն ու ապագա սերունդներին փոխանցելը։
Բաժնետիրացումը և հանրային շահերը
Որպես ինստիտուցիոնալ փոփոխություն՝ բանախոսն առաջարկում է բաց բաժնետիրացում՝ դրա ներքո հասկանալով ընկերությունների ցուցակումը ֆոնդային բորսաներում։ Հանքարդյունաբերական ձեռնարկություններում կառավարության տնօրինության տակ հայտնված բաժնեմասերից հրաժարվելու գաղափարը, թեև ուշացած, տեղին է։
Բորսայական ցուցակումը կարող է նպաստել տեղեկատվության բացահայտմանը, կապիտալի շուկայի զարգացմանն ու կորպորատիվ կառավարման բարելավմանը։ Սակայն հանրային ավելի լայն խնդիրներ լուծելու դրա ներուժը վիճահարույց է։ Կորպորատիվ կառավարման բարելավումն ինքնին չի ապահովում ռեսուրսային եկամուտների արդար բաշխումը, ընդերքի օգտագործման հանրային վերահսկողությունն ու բնապահպանական նորմերի պահպանումը։
Ընդերքի հանրային սեփականությունն անհատական ներդրումների հետ կապելն անպատասխան է թողնում գլխավոր հարցը՝ ի՞նչ օգուտ է ստանում Հայաստանի ժողովուրդն ամբողջությամբ՝ որպես այդ հարստության սեփականատեր։ Բաժնետոմսեր ձեռք բերելով՝ քաղաքացին ստանում է ներդրողի իրավունքներ։ Սակայն ընդերքի օգտագործումից օգուտ ստանալու նրա իրավունքը չի կարող պայմանավորվել բաժնետեր դառնալով․ այդ օգուտը պետք է հասանելի լինի նաև նրանց, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում բաժնետոմսեր գնել։ Հետևաբար առաջարկվող բաժնետիրացումն ինքնին «ժողովրդական» ռեսուրսային եկամուտների արդար բաշխման մեխանիզմ չէ։ Ընդերքը համաժողովրդական հարստություն հռչակելը պահանջում է հստակեցնել, թե ինչպես են ապահովվում բոլոր քաղաքացիների շահերը՝ անկախ բաժնետեր լինելու հանգամանքից։
Ելույթում չեն տարանջատվում նաև բաժնետիրացման տարբեր եղանակները։ Մինչդեռ բաժնետոմսերի գնորդների վճարած գումարները տարբեր կողմերի են հասնում․ նոր բաժնետոմսերի թողարկման դեպքում՝ ընկերությանը, մասնավոր բաժնետերերի փաթեթների վաճառքի դեպքում՝ այդ բաժնետերերին, իսկ պետական բաժնեմասերի վաճառքի դեպքում՝ պետությանը։ Սեփականության կառուցվածքի փոփոխությունն ինքնին չի նշանակում հանրային հարստության ավելացում։
Վերջապես, բաժնետիրացումն ու բորսայական ցուցակումն էկոլոգիական անվտանգությունն ապահովող գործիքներ չեն։ Ավելին՝ բաժնետերերի շահագրգռվածությունն ընթացիկ շահույթով կարող է ուժեղացնել նրանց դիմադրությունը ձեռնարկության շահութաբերությունը նվազեցնող բնապահպանական միջոցառումների նկատմամբ։ Բաժնետերերի շրջանակի ընդլայնումը նույնպես չի փոխարինում ընդերքի օգտագործման հանրային վերահսկողության և ռեսուրսային եկամուտների արդար բաշխման ինքնուրույն մեխանիզմներին։
«Ժողովրդի սեփականության» միջսերնդային բաղադրիչը
Ընդերքը համաժողովրդական հարստություն ճանաչելն ունի ժամանակային չափում և, հետևաբար, ենթադրում է միջսերնդային պատասխանատվություն․ դրա օգտագործումը պետք է ծառայի ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների բարեկեցությանը։
Չվերականգնվող պաշարների արդյունահանումը սպառում է բնական հարստությունը, իսկ բնապահպանական աղետալի հետևանքները կարող են պահպանվել ու խորանալ նաև հանքերի փակումից հետո։ Ուստի ոլորտի զարգացման ռազմավարությունը պետք է հստակեցնի՝ ի՞նչ բնական ժառանգություն ենք պահպանելու, ինչպե՞ս ենք ռեսուրսային եկամուտները վերածելու երկարաժամկետ հանրային ակտիվների և կանխելու ծախսերի ու վնասների բեռի փոխանցումն ապագա սերունդներին։
Ելույթում այս հարցադրումները բացակայում են։ Բաժնետոմսերի ձեռքբերումն ու ժառանգումը ստեղծում և փոխանցում են մասնավոր գույքային իրավունքներ, սակայն չի ապահովում ապագա սերունդների ընդհանուր շահերը։ Հանքավայրերի սպառման պայմաններում բաժնետոմսերն հարստության երկարաժամկետ պահպանման երաշխիք չեն։
Երեկ՝ քննադատ, այսօր՝ ջատագով
Վարչապետի խոսքում ռազմավարության բացակայությունը քողարկված է հռչակագրային առաջարկներով և ամբոխահաճ խոստումներուվ։ Ժողովուրդը հռչակվում է սեփականատեր՝ առանց նրա իրավունքների իրացման մեխանիզմների, իսկ բնապահպանական բարձր չափանիշներ խոստացվում են՝ առանց արդյունահանման թույլատրելի սահմանները որոշելու։ Բաժնետիրացմամբ խոստացվում է լուծել «մի շարք էական հարցեր»՝ առանց դրանք անգամ ձևակերպելու․ հանրային խնդիրներին անհամարժեք գործիքը մատուցվում է որպես ինստիտուցիոնալ լուծում։ Առավել մտահոգիչ է, որ հռչակագրային խոստումներ շռայլող բանախոսն ապագա սերունդների շահերի պաշտպանությունը չի արժանացրել անգամ ձևական հիշատակման։
«Ամուլսարերի» սեփականատերերը և դրանց հայ լոբբիստները կարող են չսիրել Հայաստանը։ Մեր երկիրը կառավարողներն են պարտավոր իրապես սիրել այն։ Տարիներ առաջ ներկայիս վարչապետը հիմնավոր կերպով քննադատում էր Ամուլսարի արդյունահանման ծրագիրը։ Այսօր նա և՛ ի զորու է, և՛ պարտավոր է իր երբեմնի դիրքորոշումը վերածել Հայաստանի բնությունն ու ապագա սերունդների շահերը պաշտպանող քաղաքականության։ Ո՛չ արտաքին ազդեցությունը, ո՛չ էլ նեղ խմբային շահը չեն կարող արդարացնել այդ պատասխանատվությունից հրաժարվելը։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան