Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել
Sat, 24 Oct 2026 12:45:36 +0400
Բժիշկների նկատմամբ հերթական քրեական վարույթն է նախաձեռնվել, այս անգամ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գրել էինք, որ 15 բժիշկ, հիմնականում՝ ուրոլոգներ, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ պացիենտներից վերցված նմուշներն ապօրինի վաճառելու կասկածանքով։
Այժմ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի նախկին աշխատակից, անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը, որն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Հակոբ Հովհաննիսյանը, որը ներկայումս «Աքսիոդեդ» վնասվածքաբանական և վերականգնողական կլինիկայի տնօրենն է, և Սարգիս Մանուկյանը, որն աշխատում է «Երևան» բժշկագիտական կենտրոնում՝ որպես անոթային վիրաբույժ։
Այս երեք բժիշկներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով «Երևան» բժշկագիտական կենտրոնի բժիշկներ, խաբեության եղանակով և իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ տարբեր ժամանակահատվածում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգ են մուտքագրել փաստացի մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ կազմելով և օգտագործելով կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական էլեկտրոնային փաստաթղթեր՝ պետությանը պատկանող գույքը հափշտակելու նպատակով։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Սարգիս Մանուկյանն ասաց, որ տեղի ունեցածը ընթացակարգային գործընթաց է։ «Գործընթաց է, որը պետք է իրականացվի։ Պետական առողջապահական գործակալությունն է հսկել, հիմա պետական առողջապահական գործակալությունը հսկողությունը հանձնել է Հակակոռուպցիոն կոմիտեին։ Բժշկական առումով՝ տեղեկատվությունը կեղծ է, թե իրական, լուրջ չի լինի, որ ասեմ։ Դա քննչական գործընթացի ընթացքում պետք է պարզաբանվի»։
Մանուկյանը պնդեց, որ իր կողմից տվյալների դիտավորյալ կեղծում չի եղել, նման բան չէր կարող լինել։ Հարցին, թե ինչ է նշանակում պետական գույքի հափշտակության մեղադրանքը, բժիշկը պատասխանեց, որ խոսքը ոչ թե որևէ իր կամ առարկա վերցնելու, այլ ֆինանսական հարցի մասին է։ Իսկ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, Մանուկյանը պատասխանեց. «Բնականաբար, մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն արել եմ, ընդունել-չընդունելու մասով փաստաբանս է զբաղվում։ Բայց՝ ոչ, չեմ ընդունել»։ Սարգիս Մանուկյանը նշեց, որ իր գործընկերներին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն տալ չի կարող՝ հավելելով, որ կարող է խոսել միայն իր մասով։
Բժիշկների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։