Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Sat, 24 Oct 2026 14:15:52 +0400


Ռուսաստանին քլնգելը Ազատ Արշակյանի հիմնական հոբբին է։ Գազի գնի շուրջ խոսակցությունները նոր լիցք են հաղորդել այդ զբաղմունքին։ Թեման գտել է, հիմա էլ ռուսական գազի հնարավոր թանկացման դեմ է հոխորտում։
Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանին սպառնում էր․ «Գազի գինը բարձրացնեն՝ խողովակի գույքահարկը 20%-ով ավելի կթանկացնենք»։ Հայաստանում գույքահարկի շեշտակի աճը, փաստորեն, նրան այնքան է ոգևորել, որ որոշել է այդ փորձը Ռուսաստանի վրա էլ տարածել։

Բայց վերջին հայտարարությունը գլուխգործոց է․ «15 րոպե ժամանակ կտանք ՌԴ-ին՝ հավաքիր խողովակներդ»։
Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանը գազը թանկացնում է, իսկ Հայաստանը նրան ընդամենը 15 րոպե է տալիս՝ հավաքվելու ու հեռանալու։ Ո՛չ երկար բանակցություններ, ո՛չ ավելորդ խոսակցություններ։ Տասնհինգ րոպե՝ ու վերջ։ Այսպես են աշխարհաքաղաքական հարցեր լուծում, երբ հաշվարկների ու պատասխանատվության փոխարեն հոխորտանքն է։ Ես հասկանում եմ, որ 15 րոպե ժամանակ տալը ուղղակի հռետորաբություն է, բայց մի՞թե նման հարցերը դատարկ հռետորաբանությամբ են լուծում։

Արշակյանի պատկերացմամբ՝ եթե Ռուսաստանը կտրուկ բարձրացնի գազի գինը, հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմն իր միջոցներով ապամոնտաժի ենթակառուցվածքներն ու դուրս բերի դրանք երկրից։
Սա ինքնիշխանության մասին հերթական պաթետիկ հայտարարությունն է՝ փաշինյանական ոճով։ Միայն թե ինքնիշխանությունը բարձրագոչ խոսքերով չի չափվում։ Այն նաև սեփական երկրի կենսական շահերը պաշտպանելու, հնարավոր հետևանքները հաշվարկելու և դրանց համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։
Հայաստանի գազամատակարարման համակարգը հնարավոր չէ մեկ հայտարարությամբ փոխել, առավել ևս՝ 15 րոպեում։ Գազային ենթակառուցվածքների սեփականության, կառավարման և շահագործման հարցերը կարգավորվում են պայմանագրերով ու իրավական պարտավորություններով։ Դրանք անտեսելով՝ վերջնագիր ներկայացնելն ու միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքներ հավաքել պահանջելը իրատեսական ծրագիր չէ։
Իսկ եթե ռուսական կողմը, այնուամենայնիվ, հեռանա՞։ Հայաստանի գազամատակարարումը լուրջ խափանումների վտանգի առաջ կհայտնվի։ Կվտանգվեն ջերմաէլեկտրակայանների աշխատանքը, արդյունաբերությունը, գազալցակայանների գործունեությունն ու ջեռուցումը։ Հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև մարդկանց առօրյա կյանքի ու տնտեսության համար։

Իսկ Իրանից գազ ստանալու այլընտրանքը միայն հայտարարելով չի ստեղծվում։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնիկական հնարավորություններ, պայմանավորվածություններ ու հստակ հաշվարկներ։ Այս ամենը 15 րոպեի ընթացքում լուծվող հարցեր չեն։

Արշակյանի հակառուսական դիրքորոշումը նոր չէ։ Խորհրդային տարիներին նա հակախորհրդային գործունեության համար դատապարտվել է և շուրջ տասը տարի անցկացրել բանտերում ու քաղաքական կալանավայրերում։ 1987 թվականին ազատ է արձակվել Գորբաչովի վերակառուցման ժամանակաշրջանում։ Նրա անցյալը կարող է բացատրել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արմատները, բայց ինքնին չի արդարացնում այսօր հնչող ցանկացած հայտարարություն։

Մարդն իրավունք ունի քննադատելու Ռուսաստանին և պահանջելու Հայաստանի էներգետիկ անկախություն։ Բայց այդ անկախության ճանապարհը պետք է ցույց տալ հաշվարկներով ու իրատեսական ծրագրերով, ոչ թե սեփական հակառուսական տրամադրությունները մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթելով։

Եվ ահա այստեղ է խնդիրը։ Արշակյանը Ռուսաստանին 15 րոպե է տալիս, բայց չի ասում՝ այդ 15 րոպեից հետո ի՞նչ է լինելու։ Եթե գազամատակարարումը խափանվի, եթե թանկանան էներգակիրները, եթե տուժեն արտադրությունն ու բնակչությունը, այդ ամենի հետևանքները կրելու է ոչ թե Ռուսաստանին վերջնագիր ներկայացնողը, այլ շարքային քաղաքացին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնաբերվել է դատարանից փախած կալանավորը

Հայտնաբերվել է դատարանից փախած կալանավորը Tue, 27 Oct 2026 14:11:43 +0400 Latest news from Հրապարակ…

26 րոպե ago

Բացառված է. Լևոն Քոչարյանը՝ հոր ազատության դիմաց ՔՊ-ի նախագծին կողմ քվեարկելու մասին

Բացառված է. Լևոն Քոչարյանը՝ հոր ազատության դիմաց ՔՊ-ի նախագծին կողմ քվեարկելու մասին Tue, 27 Oct…

29 րոպե ago

Նման բան ասելը կատարյալ սրիկայություն է. Լևոն Քոչարյանը` Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մասին

Նման բան ասելը կատարյալ սրիկայություն է. Լևոն Քոչարյանը` Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մասին Tue, 27 Oct…

39 րոպե ago

Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում

Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում Tue, 27 Oct 2026 13:54:23 +0400…

44 րոպե ago

«Հայաստան» դաշինքի պատգամավորներից ովքե՞ր էին եկել ծաղիկներ խոնարհելու

«Հայաստան» դաշինքի պատգամավորներից ովքե՞ր էին եկել ծաղիկներ խոնարհելու Tue, 27 Oct 2026 13:53:40 +0400 Latest…

44 րոպե ago

Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանը հետապնդվում են․ մանրամասներ

Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանը հետապնդվում են․ մանրամասներ Tue, 27 Oct 2026 13:51:08 +0400 Քրեական…

47 րոպե ago