Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի

Sat, 24 Oct 2026 18:15:40 +0400


Նիկոլ Փաշինյանն անոնսեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Մտածել, որ այդ ընտրություններով նրան հնարավոր է հեռացնել իշխանությունից, միամտություն չէ, այլ՝ անմտություն: Փաշինյանն առաջիկա մի քանի ամիսն օգտագործելու է՝ երկրում բացարձակ բռնապետական համակարգն ամրապնդելու համար, որպեսզի հնարավորություն ունենա ստանալ իր համար ցանկալի խորհրդարան` ՔՊ-ական սահմանադրական մեծամասնություն՝ խամաճիկ, ոչինչ չորոշող եւ իր հրահանգներով կառավարվող կեղծ ընդդիմությամբ: Ներկա խորհրդարանական երկու խմբակցությունները ներկայացնող կուսակցությունները ընդհանրապես չեն լինի ապագա խորհրդարանում, Փաշինյանը կարգելի այդ կուսակցությունների եւ ոչ միայն նրանց գործունեությունը:

Փաշինյանի վերջին ճեպազրույցից հետո երկրում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, որն էապես տարբերվում է մինչեւ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները եւ անգամ դրանից հետո առկա իրավիճակից, որը պետք է արձանագրել: Նա երեկ փաստացի հայտարարեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Հայաստանի անդամակցության կասեցման հարցում, վստահ է, որ դա տնտեսական առումով Հայաստանին ոչնչով չի սպառնում: Քաղաքական իմաստով նա Ռուսաստանին մեղադրեց Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու մեջ, ԵԱՏՄ անդամության կասեցումն անվանեց անկայունության հրահրման երրորդ դեպքը: Այստեղ տնտեսական բաղադրիչ չկա, քաղաքական բաղադրիչ է: «Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է եւ Հայաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելը: Դե ֆակտո եւ դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը»,- հայտարարեց նա:

Երբ 2027 թվականի հունվարից Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցվի, Փաշինյանն իր իշխանության եւ դրա ձախողումների դեմ բոլոր բողոքողներին, անկախ նրանից, թե ինչից են դժգոհ՝ գազի գնի թանկացումից, գների բարձրացումից, թե իրենց արտադրած ապրանքներն իրացնելու անհնարինությունից, հռչակելու է անկախության դեմ գործող ուժեր, Պուտինի ագենտներ, եւ նրանց դեմ ռեպրեսիվ մեքենան գործելու է ամբողջ խստությամբ: Նոր ընտրությունների դեպքում այլեւս ՌԴ նախագահը չի կարողանալու խնդրել Փաշինյանին՝ չարգելել պրոռուսական ուժերի մասնակցությունն ընտրություններին, նախ՝ այն պատճառով, որ հունվարից հետո Փաշինյանն այլեւս չի հանդիպի Պուտինին, բացի դա, այսպես կոչված, պրոռուսական ուժերի գործունեությունը փաշինյանական դատարանները կճանաչեն հակասահմանադրական, նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին կարգելվի՝ հիմք ընդունելով նրանց պրոռուսական, հետեւաբար՝ թշնամական բնույթը: Եթե Հայաստանի իշխանությունը գնում է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման, Հայաստանի քաղաքական կառուցվածքում չեն կարող լինել Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու կողմնակից ուժեր, կամ դրանք պետք է լինեն լուսանցքային:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել է, որ նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու մասին՝ ակնարկելով, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղված էր կազմակերպության գործունեության մասին տեղեկություներ հավաքելով եւ դրանք ինչ-որ կողմի փոխանցելով: Իսկ ՀԱՊԿ-ից հեռացումը ԵԱՏՄ-ից հեռացման նախերգանքն է:
Փաշինյանն ընդդիմություն կնշանակի պրոարեւմտյան ուժերին, նրանց վերջին շրջանի ակտիվացումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Սրանք հիմա կեղծ ընդդիմություն են խաղում, քննադատում են Փաշինյանին, դատի են տալիս փաշինյանական իշխանության միջինից ցածր պաշտոնյաների, իշխանությանը մեղադրում են հակաժողովրդավար լինելու մեջ: Իրենց տրամաբանությամբ, եթե իրական ընդդիմադիր ուժերն ու գործիչները զրկված լինեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, հանրության ընդդիմադիր մասը կգնա եւ ձայն կտա իրենց:

Բայց Հայաստանի քաղաքական դաշտի վերաձեւումը Փաշինյանին չի ազատի Ռուսաստանի հետ կոշտ կոնֆրոնտացիայից: Եթե անգամ «Ուժեղ Հայաստանի» փոխարեն խորհրդարանում ներկայացած լինի «թուրքահպատակ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցության փոխարեն՝ «Արեւմտյան Ադրբեջան» խմբակցությունը, միեւնույն է՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը չի ավարտվելու: Փաշինյանը Ռուսաստանից պետք է խլի հայկական երկաթուղիների կոնցեսիան, երկրից դուրս հանի ռուսական ռազմաբազան եւ սահմանապահ զորքերը: Փաշինյանը հույս ուներ, որ երկաթգծի հարցում ինչ-որ զիջումներ անելով կամ ատոմակայանի հարցում անորոշ խոստումներ տալով, կկարողանա որոշ ժամանակով հետաձգել ԵԱՏՄ-ից հեռացումը, բայց դա տեղի չունեցավ, հրապարակվեց ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցման հետեւանքների մասին հայտնի զեկույցը:

Առաջիկայում մեզ սպասվում է դրամատիկ իրադարձություններով հարուստ ժամանակաշրջան: Այն ուղեկցվելու է քաղաքական ընդդիմության դեմ կիրառվող կոշտ միջոցներով եւ Ռուսաստանի հետ առճակատման ծանր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

44 րոպե ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

57 րոպե ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

1 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

1 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

1 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

2 ժամ ago