Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան
Mon, 26 Oct 2026 13:00:02 +0400
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհություն է հայտնել ոռոգման ցանցի աշխատանքների որակից՝ նշելով, որ խնդիրների մասին նախազգուշացումները հնչել են դեռևս աշխատանքների մեկնարկից առաջ, սակայն դրանք հաշվի չեն առնվել։
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է Ազատության պողոտայի բարեկարգման ծրագրին՝ հիշեցնելով, որ խողովակաշարի անսարքության վերաբերյալ մտահոգությունները հետագայում հաստատվել են։
Նրա խոսքով՝ սկզբում վստահեցրել են, որ խողովակները պատշաճ կաշխատեն, սակայն հերթականությամբ տարբեր հատվածներում վթարներ են տեղի ունեցել։ Մի հատվածի վերանորոգումից հետո խնդիրն առաջացել է մեկ այլ տեղում, մինչև վերջնականապես պարզվել է, որ ամբողջ խողովակաշարը թերություններով է։
Ավինյանը, դժգոհելով կատարված աշխատանքներից, հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ խզել պայմանագիրը և պատասխանատու ընկերություններին ներառել սև ցուցակում։
«Հերիք եղավ, կյանքներս կերան»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ Պռոշյան-Պարոնյան հատվածը երկար ժամանակ մնացել է քանդված վիճակում, իսկ Ազատության պողոտայում ոռոգման համակարգի խափանումների պատճառով հաճախակի ջրի շատրվաններ են առաջացել։
Ավինյանի գնահատմամբ՝ խնդիրների պատճառներից մեկը եղել է ավելի էժան լուծման ընտրությունը, որը, նրա խոսքով, չի ապահովել անհրաժեշտ արդյունքը։