«Հրապարակ»․ Նախորդ օրերի ճնշումներն արտացոլվեցին ընտրություններում
Tue, 27 Oct 2026 10:45:47 +0400
Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,38 տոկոսը՝ 5 հազար 504 ձայն, ՔՊ-ն՝ 35,2 տոկոսը՝ 4 հազար 681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։ «Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, 2021-ին ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ դարձած Արմեն Գրիգորյանը։ «Գործարար»-ը Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը: Ստեփանավանն աչքի է ընկել նաեւ ընտրողների ակտիվ մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաեւ Եղեգնաձորում՝ 62,56, եւ Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։ Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է՝ 25,39 տոկոս։ Բարձր մասնակցություն գրանցվել է այնտեղ, որտեղ այլընտրանք է եղել՝ ընտրություն՝ մի քանի թեկնածուի միջեւ։ Այնտեղ, որտեղ առաջադրված է եղել մեկ թեկնածու, մասնակցությունը ցածր է եղել, արդյունքը՝ խորհրդային ժամանակների ոգով։
Ընտրություններում նաեւ բազմաթիվ խախտումների մասին են ահազանգել դիտորդները։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է խնդիրներ եւ հնարավոր ընտրախախտումների 217 դեպք։ Դրանց թվում՝ կուտակումներ, քվեարկության գաղտնիության խախտման ռիսկեր, ընտանեկան քվեարկության դեպքեր։ Ընտրություններից մեկ օր առաջ էլ մի շարք համայնքներում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց աջակիցների ձերբակալություններ եղան։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, թե ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով կան ձերբակալվածներ՝ առանց հստակեցնելու նրանց ինքնությունը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին հարցրինք` ի՞նչն էր պատճառը, որ ընդդիմադիր ուժերը բավականին քիչ ձայներ ստացան այս ընտրություններում: Օրինակ` Գորիսում ինչո՞ւ մարդիկ իրենց ձայները տվեցին մի մարդու, որը սեփական խոսքի նկատմամբ հարգանք չունի, իր թիմակիցներին հավատարիմ չի գտնվել, համագործակցել է մի անձի հետ, որին ժամանակին դաժան քննադատության է ենթարկել: Առաքելյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ոչ միայն Գորիսում, այլեւ մնացյալ բոլոր համայնքներում նույն պատկերն էր: Նախորդ օրերին տեղի ունեցածն արտացոլվեց ընտրություններում: Ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներ, ապօրինի ձերբակալություններ, ընդդիմադիր թիմերին ուղղված սպառնալիքներ, եւ այսպես շարունակ: Փաստացի, անգամ նորմալ մասնակցություն ապահովելու հնարավորություն չեղավ, տեղի ունեցավ տոտալ վարչական ռեսուրսի կիրառում: Գրեթե բոլոր համայնքներում ե՛ւ գործող համայնքապետերն էին վարչական ռեսուրս կիրառում, ե՛ւ իշխանությունները, ներառյալ՝ ուժային կառույցների ներգրավվածությունը պրոցեսներին: Բավականին մտահոգիչ պատկեր է ստացվել: Ընտրողներից գրեթե բոլորն ինչ-որ կերպ առնչություն ունեն համայնքային իշխանությունների հետ, եւ այդ ամենն էլ իր հերթին արտահայտվեց առկա պատկերում»:
ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ինչո՞վ են առաջնորդվում եւ հանուն ինչի՞ են գնում ընտրության։ «ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունն այն է, որ ընտրողը հաշվի առնի իր համայնքում կատարված աշխատանքները, ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել, սակայն մեր ընտրական համակարգը համամասնական է, եւ ընտրությունները տեղի են ունենում կուսակցությունների միջոցով: Բնական է, որ այստեղ քաղաքական կոմպոնենտ չի կարող չլինել: Իհարկե, լոկալ կոմպոնենտը գերիշխում է, եւ շատ կարեւոր է, թե ով է համայնքապետի թեկնածուն, եւ ինչպիսին են նրա կատարած աշխատանքները: Պետք է ընդունել, որ կան այնպիսի համայնքներ, որոնց համայնքապետերն այս տարիներին արել են որոշակի աշխատանքներ, եւ չենք կարող ասել, որ ամեն բան շատ վատ է: Կան մարդիկ, ովքեր իսկապես գոհունակություն են հայտնում գործող համայնքապետերին, եւ ձայների որոշ մասն այդ համայնքապետերն իսկապես ստացել են առանց բռնաճնշումների եւ վարչական ռեսուրսի կիրառման»: