Եվրահանձնաժողովի նախագահը դեռ չի հարցաքննվել COVID-19-ի գործով
Wed, 28 Oct 2026 17:30:19 +0400
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեռևս ցուցմունք չի տվել Pfizer-ից COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործով, որը հետաքննում է Եվրոպական դատախազությունը (EPPO): Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրին։
2024 թվականին EPPO-ն ստանձնեց հետաքննությունը, որը նախկինում վարում էր Բելգիան: Այն վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի միջև COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ բանակցություններում հնարավոր խախտումներին: Politico-ի տվյալներով՝ հետաքննությունը քննում է հանրային գործառույթներին հնարավոր միջամտությունը, SMS հաղորդագրությունների ջնջումը, կոռուպցիան և շահերի բախումը։
Եվրոպական դատախազության ղեկավար Լաուրա Կևեսին հրատարակությանը հայտնել է, որ ԵՄ որոշ ներկայացուցիչներ հրաժարվել են ներկայանալ, երբ կանչվել են դատարան: Նա նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց համարում են օրենքից վեր, բայց հարցաքննության կանչվածները պարտավոր են ներկայանալ։
Նա նաև հավելել է, որ բարձրաստիճան քաղաքական գործիչների և քաղաքական կապեր ունեցող հարուստ անձանց հետ կապված գործերի հետաքննությունը դժվար է՝ չնայած քննիչների մասնագիտական կարողունակությանը։
Կևեսին նշել է EPPO-ի աշխատանքը խոչընդոտող երեք խնդիր՝ ֆինանսավորման պակաս, իրավական կարգավորումների թարմացման ուշացումներ և չափազանց բյուրոկրատիա։
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ Եվրոպական դատախազությանը լիարժեք համագործակցություն է տրամադրում «ֆոն դեր Լեյենի անունից և լիակատար աջակցությամբ»։
2024 թվականի ապրիլին Եվրոպական դատախազությունը ստանձնեց Pfizer-ից COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման հետաքննությունը, որը նախկինում ղեկավարում էին բելգիացի դատախազները։ Խոսքը վերաբերում էր Եվրամիությանը 1.8 միլիարդ պատվաստանյութի դեղաչափ մատակարարելուն, որը կարող էր արժենալ 35 միլիարդ եվրո։
2025 թվականի մայիսին ԵՄ Արդարադատության դատարանը որոշեց, որ Եվրոպական հանձնաժողովը խախտել է թափանցիկության կանոնները՝ The New York Times-ին մերժելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի միջև նամակագրությանը մուտք գործելուն։
Լրագրողները հարցում էին ուղարկել՝ ստանալու այս երկու պաշտոնյաների միջև՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման շուրջ բանակցությունների ընթացքում փոխանակված հաղորդագրությունների օրինակներ։
ԵՀ-ն հերքել էր նամակագրությանը տիրապետելու՝ իր հնարավորությունը, սակայն դատարանը բացատրությունը անբավարար էր համարել։